Կամ՝ մի ճակատագրական համբույրի պատմություն
Օմար Շարիֆը միանգամից հռչակվեց Դեւիդ Լինի նկարահանած մասշտաբային «Լոուրենս Արաբացի» ֆիլմից հետո, որը եգիպտացի դերասանի համար ճանապարհ հարթեց դեպի մեծ կինո:
Հետագայում Շարիֆն ամեն ինչ ուներ` փառք, հարստություն, հարգանք, սակայն անձնական կյանքը չստացվեց, քանի որ արաբ դերասանուհի Ֆաթեն Համամայի հետ ամուսնությունը, հանուն որի ինքն իսլամ ընդունեց, նրան այդպես էլ երջանիկ չդարձրեց:
Շարիֆի հայրը՝ Ջոզեֆ Շալհուբը, լիբիացի գաղթական էր, իսկ մայրը՝ Կլարա Շալհուբը, լիբանա-պաղեստինյան ծագումով եգիպտուհի։ Մայքլը ավարտել է Ալեքսանդրիայի Վիկտորիայի քոլեջը, իսկ հետո Կահիրեի համալսարանը՝ ստանալով մաթեմատիկոս ֆիզիկոսի որակավորում։
Կարդացեք նաև
kulturologia.ru-ն պատմում է, թե ինչպես է Մայքլ Դմիտրի Շալհուբը` Օմար Շարիֆը, ընտանիքի բարեկամ ռեժիսոր Յուզեֆ Շահինի խորհրդով իր ուժերը փորձել կինոյում: Դա «Պայքար հովտում» ֆիլմն էր, որտեղ էլ ծանոթանում է դերասանուհի Ֆաթեն Համամայի հետ, որն արդեն ամուսնացած էր եւ դուստր ուներ: Ֆիլմում նրանց համբույրը ճակատագրական է դառնում զույգի համար:
Ֆաթենի հարազատները պահանջեցին, որ Մայքլն իսլամ ընդունի, թեեւ նա դաստիարակվել էր կաթոլիկական ընտանիքում: Հանուն սիրած էակի՝ ապագա օսկարակիր դերասանը գնաց այդ քայլին: Իսլամ ընդունելուց հետո նա դարձավ Օմար Շարիֆ, եւ հենց այս անունով հռչակվեց համաշխարհային կինոյում:
Նրա մասնակցությամբ «Լոուրենս Արաբացի» ֆիլմը նոմինացված էր Օսկարի 10 անվանակարգերում եւ միանգամից 7 Օսկար ստացավ, Օմար Շարիֆը հետագայում արժանացավ «Ոսկե գլոբուսի» ու այլ մրցանակների, ստացավ բազմաթիվ առաջարկներ տարբեր ռեժիսորների ֆիլմերում նկարահանվելու համար: Դերասանը տեւական նկարահանումների պատճառով հազվադեպ էր լինում ընտանիքի հետ, եւ լրատվամիջոցները պարբերաբար ազդարարում էին այս կամ այն դերասանուհու հետ նրա սիրավեպի մասին: Այս ամենի արդյունքում 1966-ին Օմար Շարիֆն ու Ֆաթենը վերջակետ դրեցին իրենց հարաբերությունների վրա, իսկ 1974-ին արդեն պաշտոնապես բաժանվեցին:
Օմարի կինը հետագայում ամուսնացավ եգիպտացի բժշկի հետ եւ մինչեւ կյանքի վերջ մնաց նրա կողքին, իսկ Շարիֆը ոչ մեկի հետ այլեւս ընտանիք չկազմեց, թեեւ նրա կյանքում բազմաթիվ կանայք հայտնվեցին: Դերասանը հետագայում պետք է խոստովաներ, որ նրա կյանքն այդպես էլ ոչ մի կին չկարողացավ լցնել: Նա համակրանք ուներ միայն մի կնոջ հանդեպ, դա դերասանուհի, երգչուհի եւ գեղեցկուհի Բարբարա Սթրեյզանդն էր, ու մինչ բոլորը բամբասում էին նրա մեծ քթի ու փոքրիկ աչքերի մասին, Բարբարային հաջողվեց գայթակղել Հոլիվուդի ամենագեղեցիկ ու ազդեցիկ տղամարդկանց:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝ համացանցից:
«Առավոտ» օրաթերթ
03.03.2020
Գոհար Հակոբյանը հոդված չի ունեցել եւ թարգմանություն է արել: Ես Առավոտը կարդում եմ, որ նոր բան իմանամ: Այլ կայքեր ինքս էլ կմտնեմ, կնայեմ:
Գոհարը լավ կանի օրինակ վերցնի Սամվել Դանիելյանից, կարդացվող հոդվածներ է գրում:
Հարգելի Նարեկ, Գոհար Հակոբյանն ամեն օր ունի մի քանի հոդված, եւ դա հեշտ է ստուգելը, ընդամենը պետք է նայել կայքում հեղինակի անվան դիմաց: Ինչ վերաբեում է թարգմանություններին, դրանք էլ այլ ընթերցողների են հետաքրքրում: Իսկ Սամվելին ուղղված ձեր հաճոյախոսությունն անպայման կփոխանցեմ:
Հարգանքներս