Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Դավիթ Հարությունյան) մարտի 3-ին շարունակվեց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում դատարանի դահլիճում էին Բարսեղ Բեգլարյանի որդիները: Նրանք հրաժարվեցին ցուցմունք տալուց:
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին` բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։
Նախագահող դատավորն ընթերցեց Բարսեղ Բեգլարյանի որդի, վկայի կարգավիճակ ունեցող Հայկ Բեգլարյանի նախաքննական ցուցմունքից հատվածներ:
Նա մասնավորապես հայտնել է. «Ճանաչում եմ «Ֆլեշ մոթորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանին, քանի որ ընկերության հիմնադիրը եղել է եղբայրս՝ Նարեկ Բեգլարյանը, և ես ժամանակ առ ժամանակ գնացել եմ ընկերություն, որի ընթացքում էլ ծանոթացել եմ Մկրտումյանի հետ: Բայց որևէ հարաբերություն չեմ ունեցել: Նրա նկատմամբ ինքնիրավչություն կատարելու դեպքի վերաբերյալ ինձ ոչինչ հայտնի չէ, քանի որ նման բան տեղի չի ունեցել»:
Կարդացեք նաև
2016 թվականի մարտի 28-ին տեղի ունեցած քննարկման մասին Հայկ Բեգլարյանը հայտնել է. «2016-ի մարտի 28-ին ընկերության կոնֆերանս սրահում խոսակցության բովանդակության մասին քննիչին պատասխանել եմ, որ կարող եմ հայտնել, որ քննարկում տեղի է ունեցել, որի բովանդակությունը եղել է «Ֆլեշ մոթորս» ընկերությանը պատճառված վնասի իրականացման մասնակիցների և այդ վնասի առաջացման հիմքերն ու հետևանքները»:
Հարցին՝ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ այդ քննարկմանը Հրայր Հովսեփյանն է եղել, որը սպառնալիքներ է հնչեցրել Մկրտումյանի հասցեին, ինչպես նաև բռնություն գործադրել, պահանջել, որ նա անվանափոխի իր բնակարանը և գրավադրի, Հայկ Բեգլարյանն արձագանքել է, որ ձեռք բերված տվյալներն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Հրայր Հովսեփյանն այդ քննարկմանը եղել է պատահական և ուշացումով, շուրջ 20-30 րոպե նստել ու հեռացել է: Նա Մկրտումյանի հետ չի շփվել, և այդ օրվա խորհրդակցության ընթացքում ոչ մի բռնի ուժ, ոչ մի սպառնալիք կամ այլ բռնություն չի կիրառվել:
Հայկ Բեգլարյանը հրաժարվեց դատարանի դահլիճում հարցերին պատասխանելուց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ