«Դուք այն դատավորն եք, որ իշխանության իղձերը պիտի իրականություն դարձնեք՝ կապված այս գործի հետ, սլաքներն ուղղված են պարոն Քոչարյանի ուղղությամբ։ Ես Ձեզ բացարկ եմ հայտնում եւ միջնորդում եմ ինքնաբացարկ հայտնել»,- այսօր դատարանում «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով նիստի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը`դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին:
Միջնորդությունը մուտք էր եղել դատարան հունվարի 9-ին: Սա դատավորին ինքնաբացարկի հերթական միջնորդությունն է:
Պաշտպանը ներկայացրեց նոր ի հայտ եկած հանգամանքը: Այն է`ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցազրույցը` «Փաստինֆո»-ին, 2019 դեկտեմբերի 12, որում, «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործի մասին լրագրողի հարցին ի պատասխան ԲԴԽ նախագահն ի թիվս այլ բաների նաեւ ասել է. «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման»:
Ալումյանը` դիմելով դատավորին ասաց. «Իշխանությունները, որոնց համար Դուք, հարգելի դատարան, ցանկալի դատավոր եք հանդիսանում, բազմիցս են հստակ նշել, թե ինչպես են ցանկանում տեսնել սույն գործի ընթացքը եւ ելքը»: Նա հիշեցրեց, որ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց հետո, անտեսելով անմեղության կանխավարկածը եւ փաստերը՝ վարչապետն ու իր թիմակիցները տարածում էին այնպիսի տեղեկատվություն, որում Ռոբերտ Քոչարյանը ներկայացվում էր իբրեւ հանցագործ:
Կարդացեք նաև
Օրինակներ բերեց. վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, 27.07. 2018 թվականին իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը`գրել է. «Օսմանյան օրդա, դու պիտի փտես բանտում, իսկ քո ընտանիքի ծփծփացող եւ վայելքների կյանքն ընդհատվի»: Վարչապետի մեկ այլ՝ արդեն նախկին խորհրդական, մասնագիտությամբ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, 27. 07. 2018-ին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Քոչարյանի լուսանկարը եւ գրել. «Ի՞նչն էր իրականում մարտի 1-ի դեպքերի պատճառը. ագահությունը, որը դրդում էր ամեն գնով պահել թալանածը, որի մասին, համոզված եմ, դեռ կասվի, որն էլ դարձավ 10 զոհերի պատճառ»: Վարչապետի մեկ այլ՝ դարձյալ նախկին խորհրդական Արփի Դավոյանն էլ 26.07.2018-ին իր էջում տեղադրել էր Armtimes.com կայքի հոդվածը, որը վերնագրված էր. «Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»`մեկնաբանելով`«Ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում. Մարտի 1. Քոչարյանի գողացած գարունը»: Փոխվարչապետի օգնական Վիկտորիա Այդինյանը էլ իր ժպտադեմ նկարն էր տեղադրել եւ մակագրել`«Քոչարյանի կալանավորման լուրը լսելիս»:
Հայկ Ալումյանն ասաց նաեւ, որ դառնալով վարչապետ եւ դրանից հետո էլ, Նիկոլ Փաշինյանը քանիցս պնդել է, որ 2008-ի մարտի 1-ի գործի բացահայտումը իր առաջնահերթություններից է եւ քանիցս է ներկայացրել գործի սեփական վարկածը`նշելով, որ այդ իրադարձությունների պատասխանատվությունը պետք է կրեն Ռոբերտ Քոչարյանը եւ այդ ժամանակվա ուժային կառույցների ղեկավարները:
Նա հիշեցրեց Քոչարյանի` կալանքից ազատ արձակվելուց հետո, վարչապետի հայտարարությունն այն մասին, որ ինքը հրաժարվել է դատական իշխանությանը հրահանգներ տալուց, բայց դա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչներից: Ապա վարչապետն ասել էր. «Խելքներդ գլուխներդ հավաքեք եւ կատակ չանեք ժողովրդի հետ»: Ըստ պաշտպանի, թեեւ անուններ չհնչեցին, սակայն, պարզ է, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորների մասին էր: Ավելի ուշ վարչապետն ասել էր. «Ինչի Հայաստանում դատավոր կա՞, որ կարա իմ ասածին ասի՝ չէ: Էդ ո՞վ ա էդ դատավորը, ուզում եմ տենամ»: Վարչապետը նաեւ հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքը հանել եւ բերել էր սեփական ժողովրդին օկուպացնելու եւ դա ապացուցված է: Ապա հավելել, որ երեւի Ալիեւի հետ պայմանավորվել էր, որ մեր ժողովրդին կոտորեն՝ «դու իմ վրա հանկարծ չհարձակվես»: Նիկոլ Փաշինյանը նաեւ Քոչարյանին «հանցագործ« եւ «հայրենիքի դավաճան» էր անվանել`ասելով, որ օպերատիվ տեղեկություններ կան, որ մարտի 1-ի առավոտյան ժողովրդին «ջարդուփշուր անելու» հրահանգ է տրվել, իսկ փաստաթղթերը «սարքվել» են հետո`հետին ամսաթվով: Նա նաեւ ասել էր, որ Հայաստանի թալանի համար մեղավոր են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը եւ, որ նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ: Ապա Փարիզում լրագրողների հետ զրույցում վարչապետն ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելը «մեր (իշխանության-Ն. Գ.) դեմ է աշխատում»: Ապա մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելը`վարչապետն ասել էր. «Ասում է`անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել, որ ես անձեռնմխելի՞ եմ»: Ի դեպ, այս նախադասության համար Քոչարյանի պաշտպանական կողմը դատի էր տվել Նիկոլ Փաշինյանին եւ նա`իր ներկայացուցչի միջոցով, հրաժարվել էր այդ նախադասությունից`ասելով, որ Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել:
Պաշտպանը իբրեւ հիմք ներկայացրեց նաեւ ՀՔԾ պետի եւ ԱԱԾ պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունը`Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին եւ դրան հաջորդած իրադարձությունները: Նա հիշեցրեց վարչապետի`դատարանների շրջափակման կոչը, իշխանական պատգամավորների`դրանց մասնակցությունը, ապա Դավիթ Գրիգորյանի տան շրջափակումը, նրա նկատմամբ իրականացված տարբեր հետապնդումները, ոստիկանության անգործությունը`այդ ամենը որակելով ինքնաբուխ ակցիաներ, իշխանական պատգամավորների հաստատումները`տարբեր հարցազրույցներով, որ դրանք կապված են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հետ, ապա գործը Դավիթ Գրիգորյանի ձեռքից վերցնելը եւ Աննա Դանիբեկյանին փոխանցելը, Վճռաբեկ դատարանում գործի արհեստական ձգձգումը`մինչեւ վերջինս արձակուրդից կվերադառնար եւ այլն:
Պաշտպանը դատարանին ներկայացրեց 83 թերթ նյութ եւ վեց էլեկտրոնային կրիչ`հիմնավորումներով:
Հայկ Ալումյանը հայտարարեց` իշխանությունը խանդավառությամբ է ընդունում Քոչարյանի կալանավորումը եւ ճնշումներ է գործադրում դատարանների ու դատավորների վրա, որպեսզի նախկին նախագահը մնա կալանքի տակ: Ըստ պաշտպանի, իշխանությունները վստահ են, որ Աննա Դանիբեկյանը կիրականացնի իրենց ակնկալիքները եւ Քոչարյանը կմնա կալանքի տակ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ