Փետրվարի 15-ին հակառակորդի դիպուկահարի գնդակից վիրավորված ՀՀ զինծառայողը Արամ Հախվերդյանն էր, նա գանգուղեղային ծանր վնասվածք էր ստացել ու ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում վիրահատվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ Տավուշ-Ղազախ ուղղությամբ, թշնամու դիպուկահարի գնդակից վիրավորվել է ՀՀ զինծառայող։ Այս մասին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում Արցախյան հիմնահարցի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և դիմելով Ալիևին ասաց ` «դադարեցրեք այս պրոցեսը»:
«Ծանր վիրավորում եմ ստացել, վիրահատվել ու դրանից հետո քար անտարբերություն հրամանատարակազմի, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի կողմից: Ընդհանրապես ոչ մեկը չի զանգահարել, տեսնի՝ ոնց եմ: 10 տարի ծառայել եմ մարտական հենակետերում, սպա եմ, շատ վիրավորված եմ: Վիրահատությունից հետո այլեւս չեմ կարողանա ծառայել, օրենքը թույլ չի տալիս, երկու՝ գանգուղեղային տրավմա եւ ֆունկցիաների մասնակի խանգարում կետով, ստիպված զորացրվելու եմ: Ինձ հետաքրքրում է անտարբերության պատճառը, դեպքը եղել է մարտական հենակետում, մինչ այդ էլ այդ նույն հենակետում երկու հոգի վիրավորվել էր, շատ հիմար հենակետ է, շատ մոտ է հակառակորդին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արամ Հախվերդյանը:
Սպայի խոսքով, այսօր է դուրս գրվել հոսպիտալից՝, բժշկի ցուցումով հանգիստ վիճակում պետք է լինի . «Կարող են, չէ, նախարարությունից գան, ասեն՝ ընկեր ջան գիտենք, երկու երեխատեր մարդ ես, բայց չմտածես չնչին գումար կտանք նախնական գնալու: Ֆիզիկապես կազդուրվում եմ, բայց հոգեպես կոտրվում եմ այդ անտարբերությունից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. ՊՆ-ից չցանկացան անդրադառնալ սպայի հայտարարություններին, հրաժարվեցին պարզաբանել։