BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել «Եթովպիայի կորսված հայ համայնքը» խորագրով:
Եթովպիայում հայկական կորսված համայնքի հետքերով է գնացել լրագրող Իսմայիլ Էինաշեն, ով մեկնել է Ադիս Աբեբա, որպեսզի գտնի «Եթովպիայի վերջին հայերին»:
Հեղինակը պատմում է, որ XIX դարում Մենելիկ 2-րդ կայսեր օրոք հայերի ոչ մեծ խումբը մեծ դերակատարում է ունեցել երկրի զարգացման գործում: Տեղի հայ բնակչության թիվն ավելացել է XX Օսմանյան կայսրության կողմից իրականացված ջարդերից հետո: Հոդվածագիրը նաև անդրադառնում է 1930 թվականին հիմնադրված հայկական Սուրբ Գևորգ եկեղեցուն: Նրա խոսքով՝ այսօր եկեղեցին հազվադեպ է բաց լինում, իսկ հայերի թիվը չի գերազանցում 100-ը, որոնք հիմնականում տարեցներ են:
«Եկեղեցին համայնքի սիրտն էր, իսկ հայերի թիվը սկսել է աճել 1930-1974թթ. կայսեր Հայլե Սելասիեի օրոք: Նրա ղեկավարության ժամանակ Եթովպիան սկսեց արագ մոդեռնիզացվել, իսկ հայ գործարարները, առևտրականները կարևոր դերակատարում ունեցան այս ժամանակահատվածում»,-գրում է BBC-ն:
Կարդացեք նաև
1924թ. ապագա կայսրը Երուսաղեմի հայկական եկեղեցի կատարած այցելության ժամանակ տեսնելով 40 հայ որբի՝ հայոց պատրիարքին խնդրել է թույլ տալ ստանձնել նրանց խնամակալությունը: Հետագայում կայսեր ջանքերի շնորհիվ երեխաները երաժշտական կրթություն են ստացել և հանդես են եկել կայսերական փողային նվագախմբի կազմում, որը ղեկավարել է Եթովպիայի ազգային օրհներգի հեղինակ Գևորգ Նալբանդյանը:
Եթովպիայում հայկական համայնքը իր ծաղկման գագաթնակետին է հասել 1960 թվականին, երբ հայերի թիվը հասել է 1200-ի: 1974 թվականին կայսեր գահընկեցությունից հետո, երկրում հաստատված ժամանակավոր ռազմական կառավարությունը հափշտակում է հայերի ունեցվածքը, որից հետո նրանց մի մասը լքում է երկիրը: Իսկ Եթովպիայում մնացած հայերը հիմնականում ամուսնացել են տեղի բնակիչների հետ: Հոդվածագիրը նաև նշում է, որ հայերը Եթովպիայում ունեն իրենց ակումբը, որտեղ կարելի է համտեսել հայկական ավանդական ուտեստներ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ