Ռուս հայտնի բլոգեր Իլյա Վառլամովը շարունակում է իր բլոգում կիսվել Երևանից ստացած տպավորություններով:
Բլոգերը կարծում է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանի առանձնահատկություններից մեկն էլ ինքնաշեն շինություններն են: «90-ականներին և 2000-ականներին այստեղ արել են այն, ինչ ուզել են: Միանգամայն նորմալ է եղել վերցնել հինգ հարկանի շենք և վրան ավելացնել ևս հինգ հարկ: Կամ վերցնել իննը հարկանի շենք և տանիքին կառուցել ոչ մեծ բնականատեղի…Այսօր նման բան դժվար է պատկերացնել, ամեն ինչ ավելի խիստ է, և իշխանություններ գոնե ինչ-որ կարգուկանոն հաստատել են…
Գլխավոր հարցն այն է՝ ինչ անել այդ ամենի հետ: Ահա կա հինգ հարկանի շենք, որին տարիներ առաջ կցել են ևս հինգ հարկ: Շինությունները վաղուց օրինականացվել են կոռումպացված չինովնիկների և դատավորների կողմից: Այժմ բնակիչներն այդ ամենը համարում են իրենց սեփականությունը: Ի՞նչ անել: Առաջին հայացքից թվում է՝ պետք է քանդել: Այդ կառույցները չեն համապատասխանում անվտանգության չափանիշներին»,-գրել է բլոգերը՝ հավելելով, որ մարդիկ օրինականացրել են դրանք, փաստաթղթեր ստացել, ուրեմն որոնել ու գտնել այն ժամանակվա պաշտոնյաներին, որոնք տվել են այդ փաստաթղթերն ու ամեն ինչի վրա աչք փակել:
Վառլամովը սկզբում կարծել է, որ միայն մեկ լուծում կարող է լինել՝ քանդել բոլոր ապօրինի կցակառույցներն ու ինքնաշեն շինությունները: Բայց մյուս կողմից էլ բոլոր այդ զարմանալի ինժեներական լուծումները վերածվել են յուրօրինակ տեսարժան վայրի և ամենաթողության ժամանակների հուշարձանի և միգուցե պետք է թողնել դրանք՝ որպես պի քաղաքի մարմնի վրա, որը կհիշեցնի անցյալի սխալների մասին՝ կարծում է բլոգերը:
Կարդացեք նաև
Նա անդրադարձել է նաև Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ կառուցված շքեղ առանձնատներին: «Նախկինում այստեղ կանաչ գոտի է եղել, իսկ այժմ համատարած էլիտար շինություններ են: Ներկայիս վարչապետ Փաշինյանն ասում է, որ առանձնատների մի մասը կառուցվել է Երևանի այգիների և զբոսայգիների կանաչ տարածքների հաշվին»: Որպես օրինակ նա բերել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, որի մի մասը, ըստ քաղաքապետարանի աշխատակիցների, ապօրինի է կառուցված:
«Այս ամբողջ պատմությունը լավ արտացոլում է այն թեզը, որ «փողով ճաշակ չես գնի»: Մարդիկ լիքը փող ունեն, բայց ոչ ոք չի ցանկացել ճարտարապետ վարձել և այդ պատճառով բոլոր պալատներն անճոռնի են ստացվել… Օրինակ Աբրահամյանը ցանկացել է, որ իր առանձնատունը հիշեցնի Հայաստանի խորհրդարանի ստալինյան շենքը, բայց ինչ-որ բան այնպես չի գնացել… Տունը ձևակերպված է նախկին վարչապետի որդու՝ «Ծառուկյան» խորհրդարանական ֆրակցիայի նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի անունով»,- գրել է նա:
Վառլամովի կարծիքով՝ հայկական Ռուբլյովկան հիշեցնում է Սորոկին՝ Մոլդովայի գնչուների մայրաքաղաքը: «Նույն գյուղն է՝ անհեթեթ պալատներով»:
Ավելի վաղ գրել էինք այն մասին, որ ռուսաստանցի բլոգերը «Երևան, որին ոչ մեկ չի սիրում» խորագրով հոդված է հրապարակել իր բլոգում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ