Կարևորելով քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց միջև ոչ կանոնադրական և աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառումը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համարժեք արձագանքում է այդպիսի ցանկացած դեպքի` դրանով իսկ հետևողական միջոցառումներ ձեռնարկելով պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման և օրինապահ վարքագծի խթանման ուղղությամբ։
Մասնավորապես 2020 թվականի փետրվարի 25-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, քրեական աստիճանակարգության մեջ որոշակի դիրք զբաղեցնող Վ.Ա-ն գլխի ձախակողմյան հատվածում վնասվածք, աջ բազկի շրջանում ցավեր, գլխապտույտ, գլխացավեր և սրտխառնոց գանգատներով տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հաստատություն՝ համապատասխան հետազոտություն անցնելու և բժշկական օգնություն ստանալու նպատակով։
Հայտնաբերված վնասվածքների կապակցությամբ կալանավորված անձը հայտարարել էր, թե դրանք առաջացել են փետրվարի լույս 25-ի գիշերը իր խցի սանհանգույցից դուրս գալու ընթացքում անզգուշությամբ սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով:
Դեպքի առթիվ քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվել են նյութեր, որոնցով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կարդացեք նաև
Վ.Ա-ի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնում ևս անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, որոնց ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ կալանավորված անձը մարմնական վնասվածքներն իրականում ստացել է մեկ այլ խցում քրեական աստիճանակարգության մեջ դարձյալ որոշակի դիրք զբաղեցնող ուրիշ դատապարտյալների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Ընդ որում, հիշյալ ծեծն ուղղորդված և կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից։
Նկատի ունենալով, որ դեպքի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել անհետաձգելի մի շարք գործողություններ, այդ թվում` քննության առարկա դարձնել նաև հիշյալ քրեակատարողական հիմնարկի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու հանգամանքը, նախապատրաստվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը լուծելու համար։
Քրեական աստիճանակարգության մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը և ծագած տարաձայնությունների պատճառները պարզելու, միաժամանակ միմյանց նկատմամբ հնարավոր հաշվեհարդարը կանխելու նպատակով Քրեակատարողական ծառայությունը ձեռնարկել է նաև կազմակերպչական բնույթի այլ միջոցառումներ. Վ.Ա-ի պահպանության գործառույթների իրականացմանը ներգրավվել են ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի ծառայողները, իսկ կալանավորված անձի նկատմամբ բռնություն գործադրած դատապարտյալները տեղաբաշխվել են այլ քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրանց նկատմամբ իրականացվում է ուժեղացված հսկողություն։
Նմանատիպ դեպքերը բացառելու, քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ցանկացած դրսևորման դեմ հետևողական պայքար մղելու և մեղավոր անձանց ի հայտ բերելու ու քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին