Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի մասնակցությամբ:
Հանդիպման սկզբում Հակոբ Ավագյանը ներկայացրել է կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքը։ Այնուհետև քննարկվել են 2020 թվականի անելիքները և 2019 թվականին կատարված էական փոփոխությունները։ Զեկուցվել է, որ նախորդ տարի էականորեն լրացվել է բացակայող գույքի պակասը, ձեռք են բերվել նվազագույն կարիքները բավարարող համակարգչային տեխնիկա, կապի միջոցներ։ Ներդրվել է ուղիղ կապ տարածքային ստորաբաժանումների և սահմանային հսկիչ կետերի հետ: Կառավարության որոշմամբ՝ տարածքային ու գլխամասային ստորաբաժանումներին հատկացվել են տրանսպորտային միջոցներ՝ օպերատիվ արձագանքման համար։
2019-ին ԱԱՏՄ-ի կողմից իրականացվել է 1674 վերահսկողական միջոցառում, նշանակվել է շուրջ 500 տուգանք, որի արդյունքում բյուջե է մուտքագրվել ավելի քան 28 մլն դրամ։
Քննարկվել են նաև 2020 թվականի պլանային ստուգումների վերաբերյալ հարցեր։ Նշվել է, որ սահմանված կարգով և ժամկետում տեսչական մարմինը հրապարակել է պլանային ստուգումների տարեկան ծրագիրը, որտեղ տնտեսավարողներն ընդգրկված են ըստ ռիսկայնության աստիճանի՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ռիսկի հաշվարկման մեթոդաբանության։
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկայացվել են նաև մանրամասներ 2021 թվականի հուլիսից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով տեսչական մարմնի լիազորությունների ընդլայնման ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքների և «հակածխախոտային» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող վերահսկողական գործառույթների մասին։
ՀՀ կառավարություն