ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը դիվանագետի օրվա առթիվ
Մեծարգո պարոն վարչապետ,
սիրելի հայրենակիցներ,
սիրելի գործընկերներ,
Կարդացեք նաև
առաջին հերթին մեծարգո պարոն վարչապետ, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, որ մասնակցում եք այսօր դիվանագետի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը՝ արտահայտելով այն կարևորությունը, որ կառավարությունը տալիս է Հայաստանի դիվանագիտական ծառայությանը:
Տարեց տարի ընդլայնվող մեր դիվանագիտական ընտանիքն այսօր նշում է իր մասնագիտական տոնը՝ Դիվանագետի օրը: 28 տարի առաջ այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետությունը անդամակցեց ՄԱԿ-ին և դարձավ միջազգային այդ կարևորագույն կառույցի լիիրավ անդամ:
Հայացք նետելով անցյալի հայ դիվանագիտության անցած ուղու վրա, կարող ենք արձանագրել, որ հայ դիվանագետների նվիրյալ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մենք ունենք կուռ և արդյունավետ գործող համակարգ, որն ի վիճակի է հետևողականորեն պաշտպանել պետական և ազգային շահերը, լուծել իր առջև դրված ցանկացած արտաքին քաղաքական խնդիր:
Հայկական դիվանագիտության երեք կարևորագույն սկզբունքները՝ ինքնիշխանությունը, համահայկականությունն ու փոխգործակցությունը հանդիսանում են մեր գործունեության այն հենասյուները, որոնց վրա հիմնվելով մենք կայացնում ենք հիմնարար որոշումներ ու առաջնորդվում ենք տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում:
Մեր դիվանագիտության սկզբունքայնությունն ու դրանից բխող դիրքորոշումների հետևողական պաշտպանությունը նպաստում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացմանն ու վստահելի գործընկերոջ համբավի ամրապնդմանը:
Հայկական դիվանագիտությունը իր շոշափելի ներդրումն է բերում Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգին՝ բացահայտելով միջազգային նոր հարթակներ, ընդլայնելով համագործակցության շրջանակները:
Հարգելի գործընկերներ,
Դիվանագիտությունը առնչվում է նաև մարդկային հարաբերություններին, մարդկային հարաբերությունների բարձրագույն արվեստ է, քանի որ հիմնվում է բազմաբովանդակ գիտելիքների, հմտությունների, մասնագիտական փորձի ու մարդկային առաքինի հատկությունների վրա: Դիվանագետների շարունակական վերապատրաստման ու նրանց գիտելիքների հարստացման գործում անգնահատելի ներդրում ունի նաև ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը: Մենք վճռականորեն շարունակելու ենք համակարգում մարդկային ու մասնագիտական ներուժի առավել նպատակասլաց օգտագործմանը միտված կադրային քաղաքականությունը:
Մեր նպատակն է շարունակել, մեր բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի Արտաքին գործերի նախարարությունը արդարացիորեն և մշտապես վայելի մեր պետության ամենակայացած ու պրոֆեսիոնալ կառույցներից մեկը լինելու համբավը:
Հայտնի է որ ոչ բոլոր դիվանագետների աշխատանքն է տեսանելի, սակայն մենք գիտակցում ու բարձր ենք գնահատում ձեր անձնական և ընտանեկան նվիրումը, մտքի և ուժերի ներդրումը, որը պահանջում է այս ծառայությունը, և հայտնում եմ իմ անկեղծ շնորհակալությունը ձեզ բոլորիդ:
Ցանկանում եմ նաև առանձնահատուկ երախտագիտությունս հայտնել մեր այն դիվանագետներին, ովքեր պատվով կրում են դիվանագետի կոչումը և կարևոր առաքելություններ են իրականացնում աշխարհի տարբեր կետերում, առավել ևս և առաջին հերթին պատերազմի գոտիներում՝ Հալեպում, Դամասկոսում և Բաղդադում՝ անձնուրաց կերպով պաշտպանելով մեր ազգային ու պետական շահերը:
Մասնագիտական տոնի առթիվ, սիրելի գործընկերներ, թույլ տվեք սրտանց շնորհավորել ԱԳՆ համակարգում և արտերկրում աշխատող այս միասնական դիվանագիտական ընտանիքի բոլոր անդամների տոնը և մաղթել նորանոր ձեռքբերումներ ու դիվանագիտական հաղթանակներ, անձնական և ընտանեկան երջանկություն՝ ի շահ մեր պետության անվտանգության ամրապնդման, մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացման ու Հայաստանի Հանրապետության հարատևության ապահովման։
ՀՀ ԱԳՆ