Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի՝ «Նորք» ինֆեկցիոն կենտրոնի հետ միավորման թեմայով աշխատանքային քննարկմանը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի նախկին վարիչ Արշակ Պապոյանն ասաց, որ դեռ անցյալ տարվա մարտին, երբ գործընթացները սկսվել էին, կոչ էին արել նստել ու քննարկել նախարարության աշխատակիցների հետ, ընդառաջ չեն գնացել: Ըստ նրա, կառավարության՝ այդ երկու կենտրոնները միավորելու որոշման հիմնավորումների մեջ բազմաթիվ սխալներ կան. «Անհասկանալի է, թե ինչու առողջապահության նախարարությունը երկակի ստանդարտներ է կիրառում, մի դեպքում անհրաժեշտ բուժսարքավորումներ չունեցող բուժհիմնարկները զրկվում են պետպատվերից, իսկ տվյալ դեպքում «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, չունենալով այդ ռեսուրսները, ոչ միայն չի զրկվում պետպատվերից, այլ՝ որոշակի բոնուսներ է ստանում ու փորձ է արվում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի ռեսուրսները նվիրաբերել այդ կազմակերպությանը՝ հանգեցնելով ՁԻԱՀ-ի կենտրոնի լիկվիդացմանը»:
Ըստ նրա, տեղին չէ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը համեմատել այլ հիվանդությունների, տուբերկուլյոզի հետ, որը բուժվում է, իսկ ՁԻԱՀ վարակակիրը երկարատեւ բուժում է անցնում՝ տարիներ շարունակ. «Մեզ համար անհասկանալի է, երբ հիմնավորման մեջ նշում են, թե միավորումը թույլ կտա օպերատիվ կառավարել հակառետրովիրուսային հիվանդությունները: Ամբուլատոր բժշկի հետ հաղորդակցվելու համար ամենեւին կարիք չկա միացնելու այս երկու բժշկական կենտրոնները»:
Արշակ Պապոյանը նաեւ նշեց. «Վերջին տարիներին մենք տարեկան գրանցում ենք 400-450 նոր դեպք: Սա նշանակում է, որ ծառայության վրա «նագռուզկան» անընդհատ ավելանալու է: Մեր մտավախությունն այն է, որ այս կառույցը ոչ թե պետք է լուծվի ինչ-որ բանի մեջ, այլ ինքը պետք է ուժեղացվի: Հիմնավորման մեջ նշում են, որ միավորման նպատակը ռեսուրսների, կադրային, ֆինանսական արդյունավետ տնօրինումն է, լաբորատոր ախտորոշիչ՝ ներառյալ ռենտգեն, ուլտրաձայնային հետազոտության սարքավորումների արդյունավետության եւ արտադրողականության բարձրացումը: Երբ խոսում են այս սարքավորումների մասին, մեզ համար անհասկանալի է, թե ո՞նց պետք է ավելի արդյունավետ օգտագործվի, եթե ասվում է, որ շենքը տեղում է մնում, որեւէ բան չի փոխվում: Այդ ռենտգեն սարքավորումը հիմա ՁԻԱՀ-ի կենտրոնում դրված է: Ասենք, ի՞նչն է խանգարում, որ ավելի արդյունավետ օգտագործվի: Նորքի ինֆեկցիոնից պացիենտները տաքսի են նստելու, գան ՁԻԱՀ-ի կենտրոնում հետազոտվեն գնա՞ն, ո՞նց են անելու: Ո՞նց է ավելի լայն օգտագործվելու, դրանք ուղղակի բառեր են, հիվանդները գալու են էնտեղից հետազոտվե՞ն: Այսօր որեւէ խոչընդոտ գոյություն չունի, որ մարդիկ օգտվեն այն ծառայություններից, որը տրամադրում է ՁԻԱՀ-ի կենտրոնը: Այսօր էլ հղիների՝ ՄԻԱՎ-ի հետազոտությունն ամբողջությամբ կատարվում է մեր կենտրոնում: Բոլոր հաստատություններից հղիների արյունը հավաքվում է ու ուղարկվում ՁԻԱՀ-ի կենտրոն: Տարեկան մոտ 20 հազար հետազոտության մասին է խոսքը: Ի՞նչն է խանգարում, որ այլ կլինիկաներից որեւէ հետազոտություն, եթե պետք է, ուղարկեն ՁԻԱՀ-ի կենտրոն, անեն, ի՞նչ պարտադիր է դրա համար միացնեն»:
Կարդացեք նաև
Աշխատակիցները մտահոգված են՝ առողջապահության նախարարն ասել է, որ գույքը, շենքը դուրս չի գալու առողջապահական համակարգից, հստակ չի նշվում, որ մնալու է ՁԻԱՀ-ի կենտրոնին:
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի բժշկական օգնության եւ սպասարկման նախկին վարիչ Արշակ Ասմարյանը հավելեց. «Եթե հիմնարկները չեն միավորվելու, էխոյի, ռենտգենի սարքերը տեղակայված են Աճառյան 2 հասցեում: «Նորք» ինֆեկցիոնում գտնվող դիզինտերիայով կամ խոլերայով ստացիոնար բուժում ստացող իիվանդը ինչպե՞ս է օգտվելու Աճառյան 2 հասցեում գտնվող տեխնիկայից»:
ՁԻԱՀ-ի կենտրոնի կանխարգելման բաժնի նախկին վարիչ Ժանետա Պետրոսյանը հիշեց. «Երկու օր առաջ վարչապետն ասել է՝ երբեմն նախարարություններից գալիս են փաստաթղթեր, կարդում ես, չես հասկանում, թե որ դասարանի աշակերտ է դա գրել, կարծում եմ, այս փաստաթուղթը այդ դեպքերից մեկն է: Մենք փորձեցինք վերլուծել այդ հիմնավորումը, հավատացեք, դյուրին խնդիր չէր: Այնտեղ կան խրթին, մասնագիտական ընկալումներից դուրս ձեւակերպումներ, որոնք ակնհայտորեն ինչ-որ օտարալեզու աղբյուրից կատարված ոչ մասնագետի կողմից մեխանիկական թարգմանություն են: Տպավորություն է, որ այդ փաստաթուղթը կազմվել է շատ հապճեպ, անփույթ եւ անգամ դրա պատասխանատուները կա՛մ ժամանակ չեն ունեցել, կա՛մ հարկ չեն համարել մասնագիտական խմբագրման ենթարկել այն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ