«Որպես պաշտոնատար անձ՝ Գաբրիել Բալայանը պետք է բացահայտի այն ապացույցները, որոնց համաձայն նա իրավապաշտպաններին չակերտավոր իրավապաշտպաններ է անվանում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը, անդրադառնալով ՀՀ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի այն հայտարարությանը, թե ունի տեղեկություն, որ այդ իրավապաշտպանները կոնկրետ քայքայիչ գործունեություն են իրականացնում, այսպես արձագանքեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը: Ըստ նրա՝ փոխնախարարը պետք է անհանգստանա բանակում տեղի ունեցող կյանքի իրավունքի և խոշտանգումների դեպքերի չբացահայտման համար, որովհետև տարիներ շարունակ այս դեպքերը շարունակվում են, և արդյունավետ քննություն չի իրականացվում:
Այս առիթով նա մանրամասնեց. «Եթե զորամասում զինվորներն իրենք իրենց կրակում են, իրավապաշտպաննե՞րն են մեղավոր, տարիներ շարունակ, լինելով զինվորների կողքին, նրանց խնդիրները բարձրացնելով, ըստ փոխնախարարի իրավապաշտպաննե՞րն են մեղավոր, որ բանակում կա քրեական ենթամշակույթ: Ցավալին այն է, որ երբ հինգ տարի առաջ զինվորին խոշտանգում ու դաժան վերաբերմունքի էին ենթարկում, այս զինվորը նաև բանակում էր հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ձեռք բերել, հետաքրքիր է Գաբրիել Բալայանն այդ ժամանակ և ընդհանրապես ինչո՞վ է զբաղվել: Երբ մենք պայքարում էինք, որ այս զինվորը թոշակ ստանա, երբ սևազգեստ մայրերին նախկին իշխանության ոստիկանությունը մի փողոցից մյուս էր քարշ տալիս, Գաբրիել Բալայանն ինչո՞վ էր զբաղված: Այսինքն՝ այս ամենում իրավապաշտպաննե՞րն են մեղավոր: Ինձ հետաքրքրում է՝ ՊՆ-ն ու քննչական մարմինները ինչո՞ւ չեն զբաղվում այն գործով, որ զինվորի մայրը հայտարարել է, թե իր որդու սեռական օրգաններն են վնասել: Վերագրում են իրավապաշտպաններին, որ քայքայիչ գործունեություն են ծավալում և իրավապաշտպանները պետք է ստուգումների ենթարկվեն: Թող ՀՔԾ-ն կամ ԱԱԾ-ն ինձնով զբաղվեն, և ես բազմաթիվ գործեր կարող եմ օրինակ բերել, թե ինչպես մենք զինվորների խախտված իրավունքների համար անվճար պայքարել ենք»:
Ըստ Արա Ղարագյոզյանի՝ այն մարդիկ, որոնք չեն ընդունում իրավապաշտպանների բարձրացրած խնդիրները, այդ մարդկանց մոտ որևէ ցանկություն չկա փոփոխություններ անելու:
Հարցին՝ ի՞նչ է կարծում, արդյոք Գաբրիել Բալայանի անձնական դիրքորոշո՞ւմն է դա, թե՞ ամբողջ նախարարության, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց. «Տարիներ շարունակ իրավապաշտպաններին թիրախավորել են հատկապես բանակի հետ կապված խնդիրները բարձրաձայնելիս. մեզ կոչել են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնողներ, պետականության դեմ գործունեություն ծավալողներ: ՊՆ-ն մշտապես վախ է ունեցել իրավապաշտպաններից: Այժմ մեծ փոփոխություն չեմ տեսնում: Հեղափոխությունից հետո ցանկալի էր, որ իրավիճակը փոխվեր, հասարակությունը ևս պահանջատեր էր, բայց այն ակցիաները, որոնք տեղի ունեցան, անգամ հենց հեղափոխությունից հետո, որոնցով պահանջում էին, որ պետք է բացահայտվեն գործերը, որոնք կունենան կանխարգելիչ նպատակ, բայց հիմա երբ իրավիճակը առանձնապես շոշափելիորեն չի փոխվել: Եվ քննարկումները շարունակվում են, և մենք փոխնախարարի տեսքով ստանում ենք նույն պատասխանը, որը առաջին հերթին ինքնապաշտպանական ռեակցիա է: Քայլեր ձեռնարկելու փոխարեն թիրախավորվում են այն անձինք, որոնք պահանջում են հասարակությանը լինել բաց և թափանցիկ»:
Կարդացեք նաև
Ըստ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանի՝ ՊՆ-ն այսպիսով թմրեցնում է հասարակության ուշադրությունը. «Եթե խոսում ենք ՊՆ փոխնախարարի հայտարարության էֆեկտի թիրախի մասին, ապա պարզ է դառնում, որ հայտարարության միջոցով լուրջ անվստահություն է առաջացվում հասարակության լայն շերտերի մոտ իրավապաշտպանների նկատմամբ: Այս նույն գործիքն օգտագործել են նախկին իշխանությունները: Հասկանալի է, որ սրանով նախ թմրեցվում է հասարակության ուշադրությունը այն հարցերի շուրջ, որը մենք բարձրացնում ենք: Սա մեզ լռեցնելու և ցավոտ հարցերը բարձրացնելը կանխելու միջոց է, և առաջին հերթին դա հակասում է հեղափոխության արժեքներին, որոնց համար մենք դուրս էինք եկել փողոց: Պարո՛ն Փաշինյան, հակահեղափոխականներն առաջին հերթին նստած են կառավարությունում, մինչդեռ մեզ են հակահեղափոխական դարձնում շատ հաճախ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի