Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր երկրում 120 հազար մարդ ունի Հեպատիտ C, իսկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով՝ մոտ 2700, ինչի՞ չեք ուզում ձեր սարքերից ուրիշներն էլ օգտվեն. Քննարկում ԱԺ-ում՝ ՁԻԱՀ-ի եւ Նորքի ինֆեկցիոն կենտրոնների միավորման շուրջ

Մարտ 02,2020 15:30

Ինչպես տեղեկացրել ենք, ՁԻԱՀ-ի կանկարգելման կենտրոնի աշխատակիցները քանի օր է՝ բողոքի ցույցեր են անում կառավարության շենքի մոտ, այսօր էլ նրանք ԱԺ շենքի մոտ էին: Աշխատակիցները դեմ են, որ կենտրոնը միավորվի «Նորք» ինֆեկցիոն կենտրոնի հետ:

Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում աշխատանքային քննարկում էր կազմակերպվել այս թեմայով: Նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Լուսինե Քոչարյանն ասաց, որ կառավարությունը նման որոշում է կայացրել, որովհետեւ այսպես թե այնպե՝ ՁԻԱՀ-ի կենտրոնը ստացիոնար բուժում չի իրականացնում: ՄԻԱՎ վարակակիրների բուժումն իրականացվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Որպես փորձ՝ նախարարության աշխատակիցը նշեց այն, որ երբ Տուբերկուլյոզի ազգային ծրագրի գրասենյակը միացավ ստացիոնարին, տեղի ունեցավ ծառայությունների բարելավում ու հիվանդները միայն շահեցին. «Հասունացել է այն պահը, որ մենք փորձում ենք կառավարումը դարձնել կենտրոնացված, բայց ծառայությունները՝ ապակենտրոնացված: Խարանն ու խտրականությունը վերացնելու համար այս կղզիացած ծառայությունները պետք է ապակենտրոնացնել: Այս պահին Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի վերանորոգման եւ վերազինման համար մոտ 100 մլն դրամի նախահաշվային աշխատանքներ են իրականացվելու. դրանից հետո բարձր մակարդակով սպասարկելու է բոլոր հիվանդներին: ՄԻԱՎ վարակակիրները վարակիչ հիվանդներ են, ոչ մի վարակիչ հիվանդության համար չունենք առանձնացված ծառայություներ, դա պետք է մի օր վերանար: ԱՀԿ-ն ողջունել է այս քայլը, մի ղեկավար, երկու ղեկավար պակաս լինելով՝ ծառայությունները չեն տուժում»:

Լուսինե Քոչարյանի համար զարմանալի էր՝ այսօր, երբ ՁԻԱՀ-ի կենտրոնն ունի լավ սարքավորումներ, լավ ծառայություններ է մատուցում, ինչո՞ւ դրանից չօգտվեն Հեպատիտ C-ով մարդիկ, կամ այլ վարակիչ հիվանդություններ ունեցողները. «Ինչո՞ւ ենք այս հզորությունները փակել, կղզիացրել ու ոչ մի կերպ չենք ուզում միավորվել: Բոլոր ՄԻԱՎ վարակակիրները գնում են Նորք ինֆեկցիոն հիվանդանոց, այնպես չի, որ «Նորք» ինֆեկցիոնի հետ ոչ մի կերպ չեն շփվում»:

Ըստ Քոչարյանի, որեւէ բան չի տուժելու, շենքը մնալու է նույն տեղում, անձնակազմը մնալու է նույն տեղում, ծառայություները մնալու են նույն տեղում, ընդամենը հաշվապահությունն է միավորվելու. «Լինելու է մեկ տնօրեն՝ մի քանի փոխտնօրենով, սա է ընդամենը: ՊՈԱԿ-ը դառնալու է ՓԲԸ, հետո երկու ՓԲԸ միավորվելու են, ծառայությունները չեն փոխվելու»:

Գլոբալ հիմնադրամի առողջապահության համակարգին ուղղված դրամաշնորհային ծրագրերը ներկայացնող Հասմիկ Հարությունյանն ասաց, որ առողջապահական կազմակերպությունների միավորումների նպատակն է բնակչության համար ծառայություններն ավելի մատչելի դարձնելը: Նա պատմեց, որ տարիներ առաջ, երբ դեղորայք չկար, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողները դատապարտված էին մահվան, ով մտնում էր այդ կենտրոնի շենք, սարսափած էին նայում. «Միավորումներն ընդհանրապես համարվում են արդյունավետ, դա անում են, որ կառավարման արդյունավետությունը բարձրանա: ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը գոյություն ունի 30 տարի, բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր է ունեցել, որից զրկված են համակարգի այլ ոլորտները: Այսօր այդ ամբողջ հզորությունները նախարարությունը միտում ունի օգտագործել այլ հիվանդների համար, մասնավորապես, Հեպատիտ-ի: ԱՀԿ-ի գնահատմամբ, ՀՀ-ում Հեպատիտ C-ի բեռը 4 տոկոս է, այսինքն, այսօր մեր երկրում 120 հազար մարդ ունի Հեպատիտ C, իսկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ունենք 2700-ի կարգի, ում կարգավիճակը հայտնի է»:

Նա օրինակներ բերեց, թե անցյալ տարի ինչ բիոքիմիական սարք է ստացել ՁԻԱՀ-ի կենտրոնը, որը մեկ ժամում կարող է 400 թեստ անել. «Ստացել է, որովհետեւ այդ ոլորտին, ի տարբերություն այլ ոլորտների, դոնորներն օգնում են: Երբ ասում ենք՝ ինֆեկցիոնի համար էլ այդ սարքից տվեք, ասում են՝ դուք ունեք սարք, որը կարող է ծառայել այլ ոլորտներին: Այսօր ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն մտնող հելնողի ճակատին գրված է, դա էլ է չէ՞ խարան, խտրականություն»:

Քննարկմանը մասնակցում էին ՄԻԱՎ վարակակիր շահառուներ ունեցող ՀԿ ներկայացուցիչներ, նրանք ասացին, որ իրենց շահառուների մի քանի տոկոսն է համաձայն պոլիկլինիկաներից դեղորայք ստանալ, չգնալ հասնել կենտրոն, Լուսինե Քոչարյանն էլ վստահեցրեց, որ ՄԻԱՎ վարակակիրներին պոլիկլինիկաներում չեն տալու դեղորայք, այս պահին նման հարց չկա:

Իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանը ճշտեց. «Ճի՞շտ հասկացա, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլ ճանապարհով վերազինելու փոխարեն՝ մենք ուղղակի կարճ ճանապարհ ենք ընտրել՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի սարքավորումները տանում ենք Նորք: Ինձ մոտ այսպիսի տպավորություն է, որովհետեւ ի՞նչ օգուտ է դա տալու ՁԻԱՀ-ի կենտրոնի շահառուներին, հասկանալի չէ»:

Լուսինե Քոչարյանը պարզաբանեց, որ շահառուների համար որեւէ փոփոխություն չի լինելու. «Ընդամենը կառավարումն ու բյուջեներն են միավորվելու: Ծառայությունների որակի առումով որեւէ փոփոխություն շահառուների համար չի լինելու: Բացի այդ, կղզիացած ծառայությունները մի օր պիտի վերանան: Ինչպես Տուբերկուլյոզի կենտրոնն այսօր կոչվում է թոքաբանության, այդպես էլ այս դեպքում կլինի»:

«Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանն ասաց, որ ցանկացած միավորում ենթադրում է խնայողություն, ի՞նչ գումարի մասին է խոսքը, թվերով վերլուծություն կա՞, թե ի՞նչ է ակնկալվում, որքանո՞վ են ակնկալվող արդյունքները չափելի: Պարզվեց՝ չկա նման վերլուծություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031