ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված նույն պատկերն ունեն այսօր, ինչ երեկ էր:
Հարցին, թե դիմակների հետ կապված ի՞նչ տեղեկություններ ունեք, խուճապ է հանրության շրջանում՝ Զեյնալյանը պատասխանեց, որ նախարարն ասել է՝ պահեստավորված դիմակներ ունենք, թե ինչ քանակությամբ, պարզ չէ. «Բնականաբար, դեղատներում կա որոշակի դեֆիցիտ խուճապի արդյունքում, որը մի քիչ չափից ավելի է, իհարկե: Կորոնավիրուսին պետք է վերաբերվել բավականին լուրջ, բայց առաջացած խուճապը շատ ավելի լուրջ է եւ շատ ավելի ոչ ճիշտ հետեւանքներ կարող է ունենալ, քան կշռադատված, հստակ տվյալների վրա կայացած որոշումը: Նշեմ, որ դիմակները չեն կանխում 100 տոկոսով վարակվելը, դիմակը կրելու դեպքում մարդը 100 տոկոսով ապահովագրված չէ վարակվելուց»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ խմբակցությունում քննարկվո՞ւմ է հանրաքվեն հետաձգելու, չեղարկելու հարցը՝ կորոնավիրուսի պատճառով, որովհետեւ զանգվածային միջոցառում է դա՝ Զեյնալյանը պատասխանեց, որ դա կախված է իրավիճակի փոփոխությունից. «Եթե ամեն ինչ լինի զսպելի եւ այլ դեպքեր չգրանցվեն, տարածում չունենան, դա կախված է, թե այս մեկ շաբաթվա ընթացքում ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան: Հիմա քարոզչական բնույթի հարցեր են լուծվում: Հանդիպումներ դեռ Երեւանում նախատեսված չեն, մարզերում ընթանում են, բայց այս պահին պետք չի իրավիճակը թերագնահատել, պետք է լուրջ պատրաստվել, պլանավորել ամեն ինչ, բայց պետք չի հավելյալ խուճապային տրամադրություն ստեղծվել, որն արվում է նաեւ որոշ ԶԼՄ-ների կողմից»:
Հարցին՝ հիվաններին նորմա՞լ է Ծաղկաձոր տանելը՝ Զեյնալյանը պատասխանեց, որ պետք էր օպերատիվ որոշում կայացնել ու անել մի տարածք, որտեղ փակ է, այլ մարդ չկա, այլ հիվանդներ չկան:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ