«Սիրիայի կառավարությունն ուզում է ազատագրել իր տարածքը , եւ նրա այս մոտեցումը միանգամայն կիսում են Ռուսաստանը եւ Իրանը: Իսկ Աստանայի գործընթացը, որը տարածաշրջանային առումով կարեւոր այս երեք երկրներին` Թուրքիա, Ռուսաստան, Իրան, տակտիկական առումով միավորել էր մի գործընթացի շրջանակում, այժմ արդեն խախտված է, որովհետեւ Ռուսաստանն ու Իրանը մի կողմում են գտնվում, Թուրքիան` մյուս»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի Ռուբեն Սաֆրաստյանը:
«Մարտի 5-ին պետք է տեղի ունենա Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը Մոսկվայում, եւ դրանից հետո իրադրությունը պարզ կդառնա: Ամեն դեպքում, նախանշաններ կան, որ երկու կողմերն էլ որոշակի զիջումների են փորձում գնալ, որովհետեւ ունեն աշխարհաքաղաքական ընդհանուր շահեր»,-ասաց արեւելագետը` փաստելով, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի զսպվածությունը առանձնապես սկզբունքային չէ:
Ինչ վերաբերում է Իրանին, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, «Իրանն այս տարիների ընթացքում ավելի նախընտրում էր իր օժանդակությունը սիրիական բանակին ցույց տալ Սիրիայի կենտրոնական եւ հարավային շրջաններում` այդպիսով իր համար ապահովելով ելք դեպի Միջերկրական ծով եւ լուծելով կարեւոր աշխարհառազմավարական խնդիր: Բայց նաեւ մենք տեսանք, որ Իրանի հսկողության տակ գտնվող շիական զինված ջոկատները վերջին շրջանում տեղափոխվեցին Իդլիբի նահանգ: Այսինքն` Իրանն իր ակտիվությունը Սիրիայում ավելի ուժեղացրեց վերջին շրջանում` գուցե կապված այն հանգամանքի հետ, որ գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո իրանա-ամերիկյան հակամարտությունը մտավ իր ռազմավարական հունը»:
Արեւելագետը կարծում է, որ Սիրիան կարողացել է վերջին տարիներին վերագտնել իրեն եւ ազատագրել իր երկրի տարածքների բացարձակ մեծամասնությունը, բերել օրինական կառավարության հսկողության տակ:
Կարդացեք նաև
«Սիրիական ճգնաժամի ամենածանր պահերին երկրի ղեկավարությունն ի դեմս Ասադի` կարողացավ պահել երկրի կառավարելիությունը, ինչը կարեւոր հանգամանք է…Երբ Իդլիբի հարցը լուծվի, ես համոզված եմ, որ Սիրիան կսկսի մի կողմից քաղաքական վերափոխումների շրջանը` նոր Սահմանադրություն եւ այլն, մյուս կողմից էլ` երկրի վերականգնումը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, Մերձավոր Արեւելքում եւ մասնավորապես` Սիրիայում բնակվող մեր հայրենակիցները շատ մեծ կապվածություն ունեն իրենց բնակության երկրների հանդեպ. «Հենց պայմանները մի քիչ բարենպաստ են լինում, նրանց զգալի մասը ձգտում է վերադառնալ: Կարող ենք հույս ունենալ, որ Սիրիայի հայ համայնքը կկարողանա ի վերջո վերականգնել իր կորիզը»:
Թուրքիայի մասին խոսելիս էլ, արեւելագետն ասաց, որ այդ երկիրը փախստականների հարցն օգտագործում է ԵՄ երկրների վրա ճնշում գործադրելու համար: Ավելին` հեռահար նպատակներ ունի: «Տպավորություն է ստեղծվում, որ որոշակի խմբեր է Թուրքիան բաց թողնում եվրոպական երկրներ, դրանք հիմնականում երիտասարդներ են: Մեծ մտավախություն կա, որ նրանք հատուկ պատրաստված ջիհադիստական խմբավորումների անդամներ են, որ փախստականների կերպարանքի ներքո Թուրքիան ներմուծում է Եվրոպա, ինչը հնարավորություն կտա նրան ոչ միայն հետագայում ճնշում գործադրել եվրոպական երկրների վրա, այլեւ այդ ջիհադիստների միջոցով ռեալ գործողություններ կիրականացվեն այդ երկրներում…Փախստականների խնդիրը դարձել է թուրքական հաշվարկների մի մասը»,-կարծում է արեւելագետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ