Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Քաշաթաղի շրջանի Կովսական և Փակահան համայնքներ: Ընտրողների հետ հանդիպմանը նախագահի թեկնածուն ներկայացրել է իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները:
«Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար բազմաթիվ չլուծված հարցեր կան: Արոտավայրերի հարցն է, վարելահողերի հարցը, ճանապարհների հարցը: Այնպիսի տպավորություն է, որ մենք արհամարհված ենք: Մենք չենք ուզում արհամարհված լինել ոչ մեկի կողմից»,- ասել է Արցախի հերոսը՝ նշելով, իր թիմին ծանոթ են համայնքային խնդիրները, և իր նախընտրական ծրագիրը տալիս է բոլոր խնդիրների լուծումը:
«Իմ խնդրանքն է՝ ում ուզում եք՝ ընտրեք, բայց ճիշտ որոշում կայացրեք: Չլսեք մարդկանց, որոնք ընտրություններից առաջ հայտնվում են համայնքներում և զանազան խոստումներ տալիս: Հասկացանք, որ սոցիալական խնդիրներ ունեն, բայց մարդկանց ձայնը, հաղթանակը չի վաճառվում»,- ասել է Վիտալի Բալասանյանը: «Կցանկանայի, որ Արցախում ապրողներն անխտիր մասնակցեն ընտրություններին, և ապրիլի 1-ին բոլորը լինեն համախմբված, տարանջատված մարդ չլինի»,- հավելել է նա:
Նախագահի թեկնածուն նշել է, որ Իրանին և Ադրբեջանին սահմանակից գյուղերին պետք է տրվի ռազմավարական շրջանի կարգավիճակ, և դրանցում բնակվողները լինեն պետության հոգածության ներքո:
Կարդացեք նաև
Վիտալի Բալասանյանը պատասխանել է նաև բնակիչներին հուզող հարցերին, որոնք տարաբնույթ էին՝ սոցիալական խնդիրներ, ճանապարհների վիճակ, բուժկետի բացակայություն, մանկաբույժի բացակայություն, Արցախի հարց և այլն:
Վիտալի Բալասանյանը համարում է հանրության հետ երկխոսությունը կայացած: «Դա խնդիրների լուծման կարևոր գրավականն է»,- ասել է նա:
Վիտալի Բալասանյանի գրասենյակ