Այսօր կհրապարակվի դատարանի որոշումը՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանի կալանավորումը գրավով փոխարինման միջնորդության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը արդեն մեկ անգամ փոփոխվել էր ս.թ. հունվարին և բեկանվել Վերաքննիչ դատարանի կողմից։
«Պետք է տարբերակել պատիժը խափանման միջոցից։ Մարդիկ պետք է իմանան, որ խափանման միջոցը պատժի տեսակ չէ։ Խափանման միջոցը կիրառվում է անձի ենթադրյալ գործողությունները զսպելու համար։ Կարեն Խաչատրյանը օգոստոսի 22-ից մինչև հունվարի 22-ը պահվեց կալանքի տակ։ Այս ընթացքում վարույթն իրականացնող մարմինը չկարողացավ ներկայացնել որևէ փաստ առ այն, որ Կարեն Խաչատրյանը կխոչընդոտի, կթաքնվի և այլն։ Ի վերջո, դատարանը իրավամբ հունվարի 22-ին համաձայնեց մեզ հետ և գրավ կիրառեց Կարեն Խաչատրյանի նկատմամբ»,- ասել է պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ խափանման միջոցի միջնորդության քննությանը, երբ դատարանը հարց ուղղեց քննիչին, թե կան արդյոք փաստեր և ոչ ենթադրություններ, որ Կարեն Խաչատրյանը, 26 օր գտնվելով ազատության մեջ, փորձ է կատարել կապ հաստատել դատավարության մասնակիցների հետ, կամ որևէ կերպ խոչընդոտել, կամ ներազդել գործընթացի վրա, դատախազը սպառիչ պատասխան տվեց, որ այդպիսի փաստեր չկան։ Այսինքն, արձանագրվեց, որ անձին կալանքի տակ են վերցնում առանց հիմքերի։
«Ինչ է նշանակում, երբ մարդը 26 օր գտնվում է ազատության մեջ և երբ Վերաքննիչ դատարանը փոփոխում է խափանման միջոցը, անձը ինքնակամ որոշումը ձեռքին ներկայանում է Ազգային անվտանգության ծառայություն, պատկերացն՞ում եք։ Վերաքննիչ դատարանից՝ Գարեգին Նժդեհի փողոցից, ներկայանում է Նալբանդյան 104 և կալանքի է վերցվում»,- ընդգծել է Ամրամ Մակինյանը, հավելելով, որ լրացուցիչ ուշադրության արժանի է քննող դատավորի փոփոխման հանգամանքը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Կարեն Խաչատրյանը՝ ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին է։ Նա մեղադրվում է վատնում կատարելու մեջ: Խաչատրյանի փաստաբանները պնդում են, որ չկա որևէ փաստական հանգամանք, որը հաստատում է, որ այդ ամենը տեղի է ունեցել։ Ավելին, նրանք ընդգծում են, որ այս գործի կարմիր թելը «Խաչատրյան» ազգանունն է։
Խաչատրյանների փաստաբանական խումբ