ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է ԲՀԿ պատգամավորների հեղինակած՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը, որով առաջարկվում է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի պետական ֆինանսավորումն ավելացնել այնքանով, որ հնարավոր կլինի պաշտպանել միկրոբիզնեսի շահերը դատական գործընթացներում եւ անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվությունների ժամանակ:
Օրինագծի զեկուցող, ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հանձնաժողովականներին տեղեկացրեց, որ խնդիրների դեպքում միկրոբիզնեսի ներկայացուցիչներին փաստաբանների ծառայություններից օգտվելու համար մոտ 300-400 հազար դրամ է պահանջվում, որի հնարավորությունը նրանք չունեն. «Միկրոբիզնեսը հարկերից ազատվել է, բայց պետք է նաեւ պաշտպանվածությանը նպաստես: Եթե հարկային տեսուչը խնդիրներ առաջացնի, միկրոբիզնեսը փակման վտանգի առաջ կկանգնի: Եթե չպաշտպանենք, անձը բիզնեսը կկորցնի: Բյուջեի համար մուտքեր ապահովելու համար հարկային գործակալները հաճախ պահանջում են այնպիսի փաստաթղթեր, որոնք խնդրահարույց են: Նման շատ հարցեր են լինում, իսկ քաղաքացին պաշտպանված չէ: Մի շարք երկրներում անվճար պաշտպանում են առաջին քայլերն անող միկրոբիզնեսին»:
https://www.facebook.com/aravot.am/videos/1050129252011694/
«Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն արձանագրեց՝ հանրային պաշտպանի գրասենյակը սոցիալապես անապահովների շահերի պաշտպանության համար է, երբ պետությունն է վճարում նրանց իրավունքների պաշտպանության համար, իսկ միկրոբիզնեսի ներկայացուցչի՝ հարեւանի հետ վեճերի դեպքում ինչո՞ւ պետք է պետությունն ապահովի նրա պաշտպանությունն անվճար: Սերգեյ Բագրատյանը նկատառմանը համաձայնեց եւ արձանագրեց՝ անհրաժեշտություն կա օրինագծում ամրագրելու, որ միայն վարչական վեճերի դեպքում հանրային պաշտպանի գրասենյակի կողմից փաստաբանական ծառայության մասին կլինի խոսքը. «Հարցը քննարկել եմ Փաստաբանների պալատի հետ: Փաստաբաններ կան, որ անգործ են: Նորավարտները փոքրից պետք է սկսեն աշխատել: Կարծում եմ՝ կառավարությունը պատասխանատու է նաեւ փաստաբաններին աշխատանքով ապահովելու գործում: Եթե նրանք արտոնագիր են ստանում, բայց աշխատանք չունենք, սա հնարավորություն է, որպեսզի իրենց գիտելիքներն օգտագործեն: 2800-ից ավելի փաստաբան ունենք»:
Կարդացեք նաև
Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ այս օրինագիծը նաեւ «ներդրումային էմոցիա» է առաջացնում, քանի որ ներդրողները վստահ են լինում, որ ՀՀ-ում հերիք չի միկրոբիզնեսը հարկերից են ազատում, մի բան էլ՝ անվճար փաստաբանով են ապահովում, որպեսզի հարցեր չառաջանան:
Հանձնաժողովի նիստում չկար կառավարության ներկայացուցիչ, որպեսզի հայտներ գործադիրի եզրակացությունն օրինագծի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ պարզվել է, որ Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը հրատապ կանչվել է վարչապետի մոտ խորհրդակցության, այդ պատճառով չի կարողացել գալ:
12:15-Կառավարության ներկայացուցիչը նիստին հասավ: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց՝ Սերգեյ Բագրատյանի օրինագիծը չի բխում անվճար իրավաբանական օգնության ինստիտուտից. «Օրենքը սահմանում է, թե որ դեպքում է հանրային պաշտպանի գրասենյակն անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերում: Այդ խմբում են հաշմանդամություն ունեցողները, սոցիալապես անապահովները, դատապարտվածները: Նրանք ունեն այդ թվում ֆինանսական խոցելիություն: Անվճար իրավաբանական օգնության իմաստն այն է, որ ամեն քաղաքացու համար դատական պաշտպանվածություն ապահովվի՝ անկախ ֆինանսական դրությունից: Իսկ ձեռնարկատիրական գործունեությունն արհեստավարժ եւ մասնագիտական բնույթ ունի, որի նպատակը շահույթ ունենալն է»:
Հանձնաժողովականները մեծամասամբ «դեմ» քվեարկեցին օրինագծին: Առաջիկայում ԱԺ լիագումար նիստում կքննարկվի այս օրինագիծը լիագումար նիստերի օրակարգում ներառելու հարցը:
Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ միկրոբիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդարանական լսումներ կկազմակերպի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ