Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Արցախի հարցը 1994 թվականին չլուծեցինք` վտանգները սկսեցին բարդանալ»

Մարտ 02,2020 14:00

Անկախ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, Արցախի հարցում պաշտոնական Երեւանի դիրքորոշումները չեն փոխվել. «Առավոտի» զրուցակիցն է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

«Վտանգ միշտ կա: Դեռ 1994 թվականին, երբ մենք հնարավորություն ունեինք հարցը վերջնականապես լուծելու, բայց չլուծեցինք, վտանգները սկսեցին բարդանալ, մանավանդ, Ադրբեջանը շատ ռեսուրսներ ունի, ուստի վտանգները միշտ առկա են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը` պատասխանելով հարցին` Արցախի հարցի կարգավորման այս փուլում, նկատի ունենալով նաեւ աշխարհաքաղաքական զարգացումները, ի՞նչ վտանգներ է տեսնում, մանավանդ, հայաստանյան շատ գործիչներ անընդհատ խոսում են տարբեր վտանգների մասին: Մեր զրուցակցի կարծիքով, շատ էական է եւ կարեւոր, բոլոր փուլերում առկա վտանգների չափն ու սահմանը ճիշտ հասկանալ, որպեսզի հնարավոր լինի դրանց հակազդել կամ պետական քաղաքականությամբ դրանք չեզոքացնել:

Վերջերս Մյունխենի անվտանգության կոնֆերանսի հարթակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տարբեր հանդիպումների ժամանակ խոսեց Արցախի հարցի կարգավորման մասին, ապա կայացավ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հրապարակային բանավեճը, որը Հայաստանում շատ քննադատվեց. ընդդիմադիր գործիչներից շատերի կարծիքով, ավելի ճիշտ էր բանավեճի չգնալ, քան անպատրաստ գնալ, ինչպես վարչապետը ներկայացավ: Անդրադառնալով այդ բանավեճին, Գասպար Կարապետյանն ասաց, որ ինքը միշտ այն տեսակետն է ունեցել, որ երկխոսությունն օգնում է եւ հենց այդ պատճառով էլ մշտապես մասնակցել է ադրբեջանցիների հետ տարբեր երկխոսությունների, հարցազրույցների, որպեսզի հնարավորություն ունենա դիմացինին հասցնել իր ասելիքը. «Նույն կերպ մենք ունենում ենք կոնֆերանսներ Եվրոպական խորհրդարանում, որոնց մասնակցում են նաեւ ադրբեջանցիներ: Եվ մենք շատ ուրախ ենք, որ գալիս են եւ մեզ հարցեր են ուղղում, որովհետեւ այդպիսով թե իրենք կունենան իրենց տեսակետների պատասխանները, թե հանրությունը կլսի այդ ամենը, եւ թե երիտասարդները կիմանան իրականությունն այդ կոնֆլիկտի մասին: Այդ պատճառով շատ կարեւոր է մեր ներկայությունն այս ձեւաչափի հանդիպումներում»: Իսկ ինչ վերաբերում է մյունխենյան բանավեճից հետո ընդդիմադիրների քննադատություններին եւ վարչապետի կողմնակիցների գովեստին, ապա մեր զրուցակիցն ասում է`«միշտ գոյություն ունի միջին մակարդակ»:

«Երբեք ոչինչ բացառիկ չէ, ահավոր չէ, ամեն ինչն իր արժեքն ունի: Սակայն, կարծում եմ, մեր պետության կողմից որոշ ուղերձներ, այնուամենայնիվ, հնչեցին: Օրինակ, որ Հայաստանը ժխտողական չէ, Ալիեւը մինչեւ վերջ ժխտողական էր: Չափավոր կեցվածքը երբեմն թվում է տկար, սակայն շատ հաճախ դա նշանակում է, որ որոշումները պիտի կայացվեն մտածված կերպով: Այն, որ վարչապետը կարող էր ավելի պատրաստված գնալ հանդիպման, փաստ է: Միգուցե եթե ես գնայի այդ հանդիպմանը, ես այլ կետեր կհնչեցնեի: Վարչապետը պարզապես նպատակահարմար է գտել այլ կետեր բարձրաձայնել. ինքն ունի բոլոր տեղեկությունները, եւ եթե կարծել է, որ այդ ձեւով պիտի ներկայանա, ուրեմն միայն ինքն է պատասխանատու այդ ելույթի համար: Վերլուծել` լավ էր դա, թե վատ՝ լուրջ չէ, որովհետեւ դրանով Արցախի հարցը չլուծվեց: Հանդիպումը չլիներ՝ ոչինչ չէր փոխվի, եղավ՝ կրկին ոչինչ չփոխվեց. մնացինք այնտեղ, որտեղ կայինք, մարդկանց վրա ազդեցությունն էլ չփոխվեց, որովհետեւ նոր բան չասվեց, նույնիսկ միկրոհեղափոխությունները նորություն չէին, դա բոլորս էլ գիտեինք»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ պետք չէ, որ այդ հանդիպումը ընդդիմության կողմից օգտագործվի իբրեւ ներքին շահարկումների թեմա, իշխանության կողմից էլ՝ գովաբանելու: Իբրեւ Հայ դատի հանձնախումբ, Գասպար Կարապետյանն ասում է, որ Արցախի հարցում շատ զգույշ են, ինքն ամենօրյա կապի մեջ է Եվրոպայում ՀՀ-ի դեսպանների հետ. «Եթե մենք ընդդիմություն ենք՝ պիտի այդպիսի կապ չլիներ, ճի՞շտ է: Սակայն մենք պետության դեմ չենք: Նույն իրավիճակն է մեր գրասենյակի եւ դեսպանորդների հետ համագործակցությունը: Միայն այդպես կարելի է հայկական պետական շահերն ավելի լավ պաշտպանել»:

Նկատեցինք, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են իշխանության գալուց հետո Արցախի հարցով տարբերվող, հաճախ միմյանց հակասող հայտարարություններ անելու եւ հարցի լուծման հստակ տեսլական չունենալու մեջ եւ հետաքրքրվեցինք` Դուք ասացիք, որ համազգային հարցերի մասով սերտ կապի մեջ եք ՀՀ դեսպանությունների հետ, ի՞նչ տպավորություն ունեք, պաշտոնական Երեւանի մոտեցումներում փոփոխություններ եղե՞լ են, ի՞նչն է փոխվել: «Արցախի քաղաքականության մասով մեր դիրքերը չեն փոխվել: Երբեմն լինում են եւ կարող են լինել խնդրահարույց հայտարարություններ, սակայն քաղաքականությունը, փաստաթղթերի ստորագրումը, խորհրդարանական բանաձեւերի քննարկումը հայտարարությունների հիման վրա չեն ծագում: Դրանք ծագում են փաստարկներից, հիմնավորումներից, փաստաթղթերից: Լավ է ունենալ զգույշ հայտարարություններ, ես միշտ այդպես եմ խորհուրդ տալիս իմ կրտսեր գործընկերներին, պետք է 2-3 անգամ մտածել, թե ի՞նչ կլինի հայտարարության արդյունքը: Սակայն, եթե թեկուզ արված հայտարարությունն այս կամ այն շրջանակների համար ճիշտ չէ, հարցն այդքանով էլ սահմանափակվում է»:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031