Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոնդի պատմական հին շենքը վտանգված է

Մարտ 02,2020 13:30

Շինարարությունը սկսելուց հետո է նախարարությունը որոշել ստուգել դրա պատմական արժեքը

Լեո 54 հասցեում շինարարական բուռն աշխատանքներ են ընթանում, հյուրանոց է կառուցվում: Մինչ այստեղ կառուցապատողը ծանր տեխնիկան է աշխատեցնում, հարեւան հին շենքը, որն ինչպես բնակիչներն են ասում, 100-ից ավելի տարեկան է, խարխլվում է ու վնասվում:

Լեո 54 հացեում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության նախկին շենքն է, այն  դեռեւս 2017-ին կառավարության որոշմամբ օտարվել է «ԿԱՄ Դեվելոփմենտս» ՍՊԸ-ին, հետո այս սեփականատերը կառուցապատման թույլտվություն է ստացել:

Հյուրանոցի շինաշխատանքներն իսկական պատուհաս են դարձել հարեւանությամբ գտնվող տների համար: Կոնդի այս թաղամասի տները հին են, բնակիչներն ասում են՝ ծանր մեքենայի աշխատանքը խարխլում է իրենց տների հիմքերը:

Հիդրոմետի նախկին շենքի հետնամասում  է 100 տարեկանից էլ մեծ տունը՝ Լեո 76 հասցեում, այն ամենաշատն է տուժում շինաշխատանքներից: Տանտիրուհին՝ Եվա Գեւորգյանն ասում է՝  հյուրանոցի շինարարական աշխատանքների համար այնպիսի փոս են փորել, որը հասել է իր տան պատերին, տան հիմնական պատերի ճաքերը մեծացրել են: Գեւորգյանն ու տարածքի բնակիչներն ասում են Լեո 76 հասցեի այդ տունը նույնիսկ կարող է 200 տարեկան լինի:

«Առավոտ»-ի հետ զրույցում Գեւորգյանը վստահեցնում է՝  ժամանակին այս տան վրա հուշատախտակ է եղել՝ «Պահպանվում է պետության կողմից» գրառմամբ,  բայց 2011 կամ 2012 թվականին հուշատախտակը, չգիտի՝ ովքեր, հանել են: Գեւորգյանն ասում է՝ այդ շինաշխատանքների պատճառով իր տունը, որն այժմ նրա արվեստանոցն է, քանդվում է:

«Առավոտ»-ը հարցում է կատարել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, պարզելու՝ արդյոք Լեո 76 հասցեի շենքը երբեւէ ընդգրկված եղե՞լ է պատմամշակութային հուշարձանների ցանկում, ինչպես տանտիրուհին է պնդում,  եթե եղել է, ապա ե՞րբ եւ ինչու է հանվել: Մենք նախարարությունից նաեւ հետաքրքրվել էինք՝ շենքը ո՞ր թվականին է կառուցվել:

Մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից, փոխնարար Նարինե Խաչատուրյանի ստորագրությամբ հայտնել են. «Լեո 76 հասցեում շենքը 2004 թվականի  հոկտեմբերի 7-ի ՀՀ կառավարության թիվ  1616- Ն որոշմամբ հաստատված «Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի  հուշարձանների պետական  ցուցակում» որպես հուշարձան-շենք ընդգրկված չէ, սակայն ԿԳՄՍ նախարարության կողմից  հանձնարարական է տրվել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ շենքի արժեւորման նպատակով ուսումնասիրություններ կատարել եւ դրա պատմամշակութային  արժեքի առկայության դեպքում կազմել հաշվառման փաստաթղթեր՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու նպատակով»:

Արդյոք նախ հարկավոր էր տեղանքն ուսումնասիրել, պարզել՝ Երեւանի ամենահին թաղամասում՝ Կոնդում կա՞ն պատմական նշանակության շենքեր, թե՝ ոչ, հետո նոր շինթույլտվություն տալ:

Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հիմնադիր անդամ, արվեստաբան, համադրող, հուշարձանների պահպանության ակտիվ պայքարող Վիգեն Գալստյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ գործընթացը սխալ է սկսվել, նախ՝ որովհետեւ խոսքը ոչ թե մեկ, այլ՝ երկու պատմաճարտարապետական նշանակության կառույցների մասին է, առավելեւս խոսքն ընդհանուր պատմամշակութային միջավայրի՝ Կոնդի մասին է:

Գալստյանը նկատում է՝ Հիդրոմետի նախկին շենքն ինքնին կարեւոր նշանակություն ունի, խորհրդային տարիների, հետստալինյան շրջանի կարեւոր ճարտարապետական շենք է. «Չեմ կարող ասել՝ հուշարձանների ցանկում է, թե՝ ոչ, դա կարեւոր էլ չէ, որովհետեւ այդ ցանկն ընդհանրապես չի արտացոլում ներկայիս Հայաստանում, հատկապես Երեւանում արժեք ներկայացնող կառույցների ճիշտ քանակը»: Գալստյանն ասում է՝ հաշվի առնելով թե երբ, ում իշխանության ժամանակ է հաստատվել, պարզ է, որ կոռուպցիոն նախադրյալներից ելնելով ցանկից միտումնավոր հանվել են բազմաթիվ շենքեր, նաեւ շատ տարածքներ, շինություններ յուրացման մղումով հուշարձանների ցանկում չեն ընդգրկվել:

Ինչ վերաբերում է Լեո 76 հասցեի, Կոնդի այդ հին 2 հարկանի շենքին, Գալստյանն ասում է՝ պետք է ուսումնասիրել 2004-ից առաջ հուշարձանների ցանկը, որպեսզի հասկանալի լինի՝ այդ շենքն ընդգրկված եղե՞լ է ցանկում, թե՝ ոչ:

Գալստյանը, սակայն, կարծում է, որ Լեո 76 շենքը ժամանակին ընդգրկված եղել է ցանկում, քանի որ այն 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի կառույց է. «Կարծում եմ 200 տարեկան չէ, դա նույնիսկ էական չէ, այդ շենքը ցարական շրջանի, իմպերիալիստական շրջանի տեղական ճարտարապետության բարձր կարգի օրինակ է, որոնցից Երեւանում այս պահին շատ քիչ են մնացել ու պահպանվել: Ու, բնականաբար,  այն մեծ արժեք ունի Կոնդի պատմական միջավայրի պահպանման համար, որովհետեւ այն քիչ պատմական շենքերից է, որը ամբողջությամբ պահպանվել է, խաթարված չէ, ձեւափոխումների չի ենթարկվել: Իր լիարժեքությամբ բավականին եզակի է»:

Իսկ Հիդրոմետի նախկին շենքն օտարելու եւ շինթույլտվություն տալու գործընթացներն, ըստ Գալստյանի, օրենքի խախտումով են. խաթարում ու այլանդակում են շենքի ճարտարապետական տեսքը. «Մանսարդային հարկ է կառուցվում շենքի վրա: Այն մարդիկ, որոնք թույլ են տվել նախագծի իրականացումը, անտեսել են միջավայրի պատմական նշանակությունը: Հետեւի մասը նույնիսկ եթե չեն խաթարում, այդ շենքը Կոնդի բաղկացուցիչ մասն է, ինչպե՞ս է այն հետագայում կապվելու ներսի բլրի ու ամբողջ միջավայրի հետ, պետք է հաշվի առնել, որ անմիջապես մոտակայքում երկու պատմամշակութային շենք կա: Բացի այս, անկախ նրանից՝ պատմական նշանակություն ունի, թե՝ ոչ, այդ շենքը մեկ ուրիշի մասնավոր սեփականությունն է, ինչպե՞ս են շինարարություն անում՝ վտանգելով մեկ ուրիշի մասնավոր սեփականությունը»:

Ինչո՞ւ է հեղափոխությունից  հետո էլ նման բան տեղի ունենում: Գալստյանն ասում է՝ կառավարության եւ հասարակության մոտ գիտակցության փոփոխություն տեղի չի ունեցել. «Հավաքական գիտակցությունը, թե՝ ինչ կարեւորություն ունեն մեզ համար որպես պետության եւ հասարակության այդ պատմական հուշարձանները, եւ սա բերում է խնդիրների: Հուշարձանն ընկալվում է որպես զբոսաշրջության եւ տնտեսական աճին ծառայող ռեսուրս, այլ ոչ թե պատմական հիշողությունը մարմնավորող արժեք, որը չպետք է նույնացնեն ֆինանսական արժեքների հետ: Սա վեր է դրանից»:

Գալստյանն  ասում է՝ այսօր ներդրողն ու պետությունն ընկած են արագ ու հեշտ լուծումների հետեւից, քանի որ դրանք տնտեսական ցուցանիշներ են, բայց հասարակությունը պետք է պահանջի հետ կանգնել դրանից, քանի որ դա կործանարար ազդեցություն ունի. «Տնտեսական աճը կարեւոր է, բայց ոչ ի հաշիվ հուշարձանների»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031