Ես Արցախի Հանրապետության նախագահական նախընտրականի մասին այլեւս չէի գրի, մանավանդ, որ ծրագրել էի չեզոք մնալ նախընտրական գործընթացում, եթե որոշ հանգամանքներ ուղղակի ինձ չստիպեին կրկին անդրադառնալ այդ խնդրին:
«Առավոտ» օրաթերթի հունվարի 17-ի համարում «Լինե՞լ, թե՝ չլինել» խորագրով Արցախում նախագահի տեղի համար նախընտրականի մասին գրառումներիս լույս տեսնելու հաջորդ օրն ինձ զանգահարեց Վահրամ Աթանեսյանը, ներկայանալով որպես նախագահական աթոռի թեկնածու Արայիկ Հարությունյանի շտաբի պետ, հայտնեց, որ իմ հոդվածի առիթով է զանգել ինձ եւ առաջարկեց այլեւս ոչ մի բան չգրել իրենց թեկնածուի մասին: Ես առարկեցի, ասելով, որ Ա. Հարությունյանի մասին ոչինչ չեմ գրել, առանց անունները նշելու գրել եմ, որ նախընտրական պայքարում, ասենք՝ հարսանիքներում ու թաղումներում որոշ գումար «օգնություն» տրամադրելով, անհայտ թեկնածուն դրանք քարոզարշավային հանրահավաքի վերածելու տարօրինակ գործողություններ է իրականացրել: Նա պատասխանեց. «Մի՞թե պարզ չէ, որ այդ ամենը իրենց թեկնածուի՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մասին է»:
Ես խոստացա առաջիկայում եւս իմ գրառումներում իրենց թեկնածուի անունը չեմ գրելու: Սակայն օրեր անց Արցախից անանուն մեկը զանգեց եւ սկսեց հանդիմանել, որ ես իրենց թեկնածուի դեմ հոդված եմ գրել, զգուշացնելով, որ շարունակվելու դեպքում դատի կտան ինձ: Չեմ կարծում, թե նա Արայիկ Հարությունյանի կամ նրա շտաբականներից որեւէ մեկի թելադրանքով է զանգել:
Թվում էր, թե պարոն Աթանեսյանի հետ մեր կարճ զրույցով ու անանուն զանգի հեղինակի հետ բացատրվելուց հետո այլեւս չպարզաբանված հարց չմնաց: Սակայն կրկին զանգահարեց մեկը, ներկայացավ որպես Արցախի դատախազության պաշտոնյա, հայտնեց, որ «Առավոտ» օրաթերթում հրապարակված հոդվածի համար դիմում-բողոք է ներկայացվել դատախազություն: Հայտնեց, որ ճանաչում եւ գնահատում է ինձ, իմ նվիրվածությունը հայրենի եզերքին, սակայն այն կրկնվելու դեպքում ստիպված կլինեն ընթացք տալ եւ գործը հանձնել դատարան: Անշուշտ, սա եւս նախազգուշացում էր, որ այլեւս չանդրադառնամ նախընտրական թեմային: Նա առաջարկեց մի երկտող գրել դատախազությանը, որ «թերթի հոդվածում նկատի եմ ունեցել նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին, որպեսզի իրենք հիմք ունենան փակել գործը»: Հասկանալի է, որ միանգամայն միամիտ ու իրավական կրթություն չունեցող զանգահարողը չի կարող իրավական մարմնի աշխատող լինել: Ես հետագայում պարզեցի, որ դատախազությունում նման դիմում-բողոք չի ստացվել:
Կարդացեք նաև
Հասկանալի է, որ քարոզարշավի համար այլ հիմք չունենալով, գործի են դնում հսկայական գումարները, հավատալով, որ իրենց իսկ մեղքով համատարած աղքատությունը կարող են հօգուտ իրենց օգտագործել:
Ես հաշտվեցի ընտրապայքարի նման ընթացքի հետ եւ որոշեցի անպայման անդրադառնալ խնդրին ու դրա մասին տեղյակ պահել հանրությանը:
Նախընտրական գործընթացի մասին գրել ոչ ոք ինձ չի կարող արգելել: Հասկանալի է, որ ընտրապայքարում մի խմբի գլխավոր զենքը գումարների միջոցով մարդկանց իրենց կողմը գրավելն է: Այո, մնացած 13 թեկնածուներից նա առանձնանում է առատաձեռնությամբ, ինչով էլ գայթակղիչ է դառնում շատ ընտրողների համար: Իմիջիայլոց, ադրբեջանական մամուլում եւս հանդիպել եմ այդ երեւույթի մասին վերլուծական հոդվածի: Բաքվեցի վերլուծաբանը գրելով արցախյան ընտրողների մի մասի նախընտրականում հեշտությամբ կաշառվելու մասին, իրենց իշխանություններին առաջարկում են խոշոր գումարներ ներդնել այս գործում եւս:
Մանրազնին քննելով նախընտրական գործընթացը, համոզվեցի, որ պայքարը ծավալվում է ամեն ինչում երկու հակադիր թեկնածուների միջեւ: Մեկի շուրջը հավաքվել են տարբեր ձեւերով ընտրակաշառք ընդունողները (ըստ շրջանառու տեղեկությունների՝ կուսակցությունում ընդունվողներին՝ 35 հազար դրամ, շտաբների ակտիվիստներին՝ 80-250 հազար դրամ ամսավարձ, վարկ ստանալու կարիքավորներին՝ 5 հազար ԱՄՆ դոլար, որոշ մարդկանց տանիքների վերանորոգում եւ այլն): Գործի են դրվել հիմնադրամներ, որոնք ներքաշում են սոցիալապես անապահով խավերին: Միեւնույն պաշտոնական տեղերի համար խոստումներ են տալիս 5-10 թեկնածուների, որոնց միջեւ արդեն սուր պայքար է ծավալվել. ով ավելի լավ կծառայի ապագա նախագահին: Ի վերջո, մարդիկ խոսում են Արցախին հատկացված, սակայն Արցախ չմտած շուրջ կես միլիարդ վարկային գումար պարտքի մասին:
Իմ դիտարկումների արդյունքում համոզվեցի, որ մյուս թեւում, որը գլխավորում է ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, կողմնակիցների հավաքագրումն իրականացվում է կամավոր սկզբունքով: Այս խմբին սատարում են յոթ կուսակցություններ, որոնց թվում եւ Պաշտպանության բանակի նախկին գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանի գլխավորած «Միացյալ Հայաստան» կուսակցությունը: Մարդիկ հավատում են, որ այս անգամ Արցախում պետք է հաղթի արդարությունը, ազնվությունը, կոռուպցիային, պետական միջոցները մի քանի պաշտոնյաների շահերին ծառայեցնելուն վերջ տալու գործելակերպը:
Հանդիպելով շատուշատ ընտրողների, համոզվեցի, որ արցախյան վճռական այս օրերը իրենց լարվածությամբ ու հայոց եզերքի ճակատագրի պատասխանատվությամբ ոչնչով չեն զիջում 1988-ի փետրվարյան օրերին: Այն ժամանակ, եթե հակառակորդը հայտնի էր, դա Բաքվի իշխանությունն էր, ապա այժմ դա կաշառատուն է եւ ընտրակաշառքի գերին, նախկին կոռուպցիոն համակարգն իր անաշխատ միլիոնավոր գումարներով: Ինչ վերաբերում է մնացած 12 թեկնածուներին, ապա նրանց խորհուրդ կտայի ըստ նախասիրության միանալ ընտրություններում հաղթելուն հավանական երկու թեկնածուներից մեկին: Իսկ թե ով ում կմիանա, այդտեղից էլ հանրությունը ստույգ կճանաչի նրանց:
ԲԱԿՈՒՐ
26.02.2020
«Առավոտ» օրաթերթ
02.03.2020