«Սիրայի Իդլիբ նահանգում իրադրությունը սրված է եւ միտումներ կան, որ կարող է էլ ավելի սրվել: Մասնավորապես՝ կորուստներ ունենալուց հետո Թուրքիան հայտարարեց, որ սկսում է ռազմական գործողություններ Սիրայի տարածքում Իդլիբ նահանգում` «գարնանային վահան» պայմանական անվանումով: Դրանից հետո թուրքական զորամիավորումները եւ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող ջիհադիստական, ծայրահեղական, ահաբեկչական խմբավորումներն անցան հարձակման: Եվ վերջին մեկ-երկու օրվա ընթացքում թուրքական հարձակումները կարծես հաջողություն են ունեցել»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` խոսելով Սիրիայում ծավալվող նոր զարգացումներից:
Արեւելագետը նշեց, որ թուրք զինյալները մոտ 20 բնակավայր են գրավել, որոնք սիրիական բանակն ազատագրել էր ջիհադիստական զինյալներից. «Կան տվյալներ, որ ռուսական օդուժը օժանդակություն ցույց չի տալիս սիրիական բանակին եւ նրան աջակցող ուժերին` շիա մահմեդական խմբավորումներին, որոնք կապված են «Հզբոլահի» հետ, եւ դա է պատճառը, որ Թուրքիան օգտագործելով հրետանին եւ դրոնները` կարողացել է հաջողությունների հասնել»:
Գնահատական տալով ստեղծված իրադրությանը` Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ իրավիճակը լարված է եւ քաոսային. «Ես կարծում եմ, որ այս ամենը դեռեւս մեկ-երկու օր կշարունակվի ` մինչեւ վերջնական պարզ կլինեն նոր միտումները: Ի դեպ, Ռուսաստանը հայտարարեց, որ չի ապահովելու թուրքական օդուժի անվտանգությունը Իդլիբի երկնքում: Տեսնենք,թե դա որքանով կհամապատասխանի իրականությանը:
Եթե այս ամենը գնահատենք աշխարհաքաղաքական համատեքստում, որպեսզի հասկանանք, թե ինչ միտումներ կան ավելի լայն առումով, ոչ թե զուտ ռազմական գործողությունների, ապա կարելի է արձանագրել հետեւյալը` Սիրիան դարձել է երկու տարածաշրջանային ուժի կենտրոնների` Թուրքիայի եւ Ռուսաստանի համար մի տարածք, որտեղ նրանք, ըստ էության, պայքարում են տարածաշրջանում` Մերձավոր Արեւելքում իրենց դիրքերը, դերն ու նշանակությունն ուժեղացնելու համար:
Կարդացեք նաև
2015 թ, երբ խոցվեց ռուսական ռազմական ինքնաթիռը, Ռուսաստանն ու Թուրքիան կանգնած էին հարաբերությունների լարվածության բարձր մակարդակի վրա, բայց հետո ելնելով աշխարհաքաղաքական շահերից` կարողացան հարթել իրենց միջեւ լարվածությունը, եւ արդեն 2017-18թթ մենք տեսանք ռուս-թուրքական մերձեցում` Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Սիրիայում: Իսկ ո՞րն է այս երկու երկրների ընդհանուր շահը, որ հնարավորություն տվեց հարթելու 2015թ. լարվածությունը: Դա հետեւյալն է` Ռուսաստանը մեծապես շահագրգիռ է, որ Թուրքիան իր կապերը ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ թուլացնի:
Իր հերթին Թուրքիան Էրդողանի կառավարման վերջին փուլում շահագրգիռ է, որ հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն վարի Մերձավոր Արեւելքում: Այսինքն, աշխարհաքաղաքական առումով երկու երկրների միջեւ որոշակի ընդհանուր մոտեցումներ կան»:
Ռուբեն Սաֆրաստյանի ձեւակերպմամբ, չնայած մերձեցումներին, մեծ հաշվով երկու երկրներն էլ աշխարհաքաղաքական առումով մնում են հակառակորդներ. «Ուժի այդ կենտրոնների միջեւ բախումը Մերձավոր Արեւելքում տեղի ունեցավ հենց Իդլիբի նահանգում: Իսկ ինչո՞ւ հենց Իդլիբում, որովհետեւ սա վերջին խոշոր տարածաշրջանն է, որը դուրս է Սիրիայի օրինական կառավարության հսկողությունից: Եվ Թուրքիան մեծապես շահագրգիռ է, որ իր հսկողության տակ գտնվող ջիհադիստական, ծայրահեղական, ահաբեկչական խմբավորումների միջոցով պահի այդ տարածաշրջանն իր հսկողության տակ, այդպիսով ավելի մեծ ազդեցություն ունենալու համար Սիրիայում ապագայում սպասվող քաղաքական զարգացումների վրա, որի հետեւանքը պետք է լինի Սիրիայի քաղաքական տրանսֆորմացիան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ