Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գիրքը ցորենի քանակ չէ, որ անհրաժեշտ լինի, օրինակ՝ 3 միլիոն մարդու կերակրելու համար»

Մարտ 02,2020 12:30

Հարցազրույց «Էջ» հրատարակչության տնօրեն Էմմա Կիրակոսյանի հետ

– Հայաստանում գրանցված է 1200 հրատարակչություն: Ձեր հիմնած «Էջը» մեկ տարեկան է: Ի՞նչը դրդեց  ձեզ՝ մասնագիտությամբ մաթեմատիկոսին, որն ըստ մեր տեղեկությունների՝  աշխատում է ատենախոսության վրա, եւս մեկով ավելացնել փոքր ու մեծ հրատարակչությունների առանց այն էլ հարուստ ցանկը: Ձեր գործընկերներից ոմանք «Առավոտի» հետ զրույցում կարծիք են հայտնել, թե հրատարակչությունը տարվա ընթացքում պետք է հրատարակի գոնե 10 գիրք, որը փոքր հրատարակչությունները չեն կարող ապահովել:

– Վստահ եմ՝ ինչպես ինձ, այնպես էլ 1200 գործընկերներիս, ձեր բնորոշմամբ՝ դրդել, ես կասեի՝ ոլորտ է բերել որոշակի նպատակ: Իմ դեպքում պատմությունը հետեւյալն է. շուրջ 5 տարի առաջ կարդացի Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» վեպը, զարմանք ապրեցի: Իսկապես մեծ զարմանք ապրեցի: Չգիտեի, որ կա նման  գրող, եւ ցանկություն առաջացավ ծանոթանալ, շփվել այդ արվեստագետի հետ: Միանգամից ծնվեց հրատարակչություն հիմնելու գաղափարը, որպեսզի տպագրելով նման տաղանդավոր հեղինակների գործերը, կոտրվի այն կարծրատիպը, թե մենք չունենք գրողներ՝ Հրանտ Մաթեւոսյանով վերջակետ է դրվել… Կարճ ասած՝ նպատակս էր ճանաչելի դարձնել հայ ժամանակակից գրողներին, իսկ որ ամենակարեւորն է՝ խթանել ընթերցանությունը մեր երկրում: Ինչ վերաբերում է տարվա ընթացքում տասը գիրք տպագրելուն, թույլ տվեք համակարծիք չլինել: Գիրքը ցորենի քանակ չէ, որ անհրաժեշտ լինի, օրինակ՝ 3 միլիոն մարդու կերակրելու համար: Մեծ հաշվով առաջնային խնդիր է, թե ինչ նպատակով ես հրատարակում այս կամ այն ստեղծագործությունը: Գիրքը մութ տեղը լույս է տալիս: Շատ կուզեի, որ իմ գործընկեր հրատարակիչները մեկ տարվա ընթացքում հրատարակեին, չափազանցված եմ ասում՝ թեկուզ մեկ, բայց բոլոր առումներով որակյալ գիրք:

Իմ տպավորություններով՝ ունենք իսկապես փայլուն աշխատող հրատարակչություններ, որոնցից մեկ-երկուսը անդրադարձել են նաեւ տասնամյակներ առաջ միջազգային հանրությանը ցնցած ստեղծագործությունների, օրինակ՝ «Գրատունը» լույս ընծայեց Չերչիլի ինքնակենսագրականը, «Մագաղաթը» վերահրատարակեց Պարույր Սեւակ, «Անկյունաքարը» ունի որդեգրած հատուկ ուղղություն եւ հրատարակում է գիտափիլիսոփայական գրականություն, օրինակ՝ Վերներ Հայզենբերգի «Ֆիզիկա եւ փիլիսոփայություն» հայտնի աշխատությունը: Տպավորված եմ «Անտարեսի» մանկական գրքերով եւ այլն:

Շարժայի հրատարակիչների կոնֆերանսում

– «Էջը» գրքասերներին հայտնի դարձավ հատկապես Սյունե Սեւադայի «Կախվածությունը» պատմվածքների ժողովածուով, որը 2019թ. ընդգրկվեց վաճառված գրքերի թոփ հնգյակում: Նաեւ հայտնի է ձեզ մոտ տպագրված Հովհաննես Թեքգյոզյանի «Երրորդ սեռ» վեպը…

– Մենք հրատարակել ենք Պաչյանի պատմվածքների «Ռոբինզոն»  ժողովածուն, «Ցտեսություն, ծիտ» վեպը, Աննա Իսաբեկյանի «Փիսոն թաքնվում է ինքնուրույն» հեքիաթը՝ նախատեսված մինչեւ 3 տարեկան երեխաների համար, Հարություն Ղուկասյանի «Հանճարների գիրքը» վեպը, համաշխարհային բեսթսելեր Ջորջ Քլեյսոնի «Բաբելոնի ամենահարուստ մարդը» ստեղծագործությունը եւ այլն: Եթե որոշ հրատարակիչներ, այնուամենայնիվ, իրենց առջեւ «պլան են դրել» հրատարակել տարեկան 10 գիրք, ասեմ, որ անցյալ տարի հոկտեմբերին մասնակցում էի Շարժայի հրատարակիչների կոնֆերանսին ու լատինամերիկյան երկրների գրքի ամենամեծ Guadalajara ցուցահանդեսի հիմնադիր Դեյվիդ Ունգերը ողջունեց, երբ իմացավ, որ կարճ ժամանակահատվածում մենք հրատարակել ենք 7 անուն գիրք:

– Կոնֆերանսի օրերին գործընկերների հետ  շփումներում հավանաբար կիսվել եք ոլորտի խնդիրներով:

– Այնտեղ հանդիպեցի մեղվի նման աշխատող մարդկանց, որոնք ամեն հնարավոր ու անհնար բան անում են՝ իրենց ազգի հեղինակներին դրսում ներկայացնելու համար: Տպավորությունս այնպիսին էր, որ նրանք նույնպես բախվում են մասնագիտական նույն խնդիրներին, ինչ մենք:

– Հրատարակչությունը, ի վերջո, բիզնես է, կներկայացնե՞ք այդ տեսանկյունից: 

– Երջանիկ են այն մարդիկ, ովքեր սիրած գործով են զբաղվում ու գումար վաստակում: Մեր շուկան փոքր է, բնականաբար, հրատարակչական գործունեությամբ միլիոնատեր չես դառնա (նկատի ունի զուտ գիրք հրատարակելը): Այդուհանդերձ, գրագետ եւ ճիշտ աշխատանքը ապահովում է բիզնեսի դանդաղ, բայց կայուն աճ:

Զրուցեց

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031