Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այս պահին Ծաղկաձորում են: Հիշեցնենք, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոց են տեղափոխվել ու մեկուսացվել 31 քաղաքացիներ, որոնք շփում են ունեցել վիրուսով վարակված 1 ՀՀ քաղաքացու հետ:
Այսօր վարչապետ Փաշինյանն էլ ասել էր, որ ազդակներ է ստանում, թե Ծաղկաձորի այլ հյուրանոցներում հանգստացող քաղաքացիներ իրենց պատվերները չեղարկում են. «Ես ուզում եմ ուղղակի հավաստիացնել՝ որեւէ նման գործողության անհրաժեշտություն չկա, որովհետեւ այն մարդիկ, որոնք մեկուսացվել են Ծաղկաձորում, դրանից իրավիճակում որեւէ բան չի փոխվում, դրանից Ծաղկաձորում համաճարակային իրավիճակն ավելի վատը չի դարձել: Հակառակը, նրանք գտնվում են հսկողության տակ, նրանք այլ շփումներ այս շրջանում չեն կարող ունենալ: Հավանականությունը, որ այդ մարդկանց մոտ որքան հնարավոր է, որ կախտորոշվի կորոնավիրուս, այնքան էլ հնարավոր է չախտորոշվի: Հաստատված դեպքի կնոջ մոտ վարակ չի հայտնաբերվել»:
Քաղաքացիների շրջանում խուճապը դադարեցնելու համար Փաշինյանն ինքն է մեկնելու Ծաղկաձոր, այս մասին նա ֆեյսբուքի իր էջում է գրել, նշելով՝ ընտանիքի հետ է գնալու, գիշերելու են այնտեղ:
Այս պահին նախարարներն ու մարզպետը շրջում են Ծաղկաձորի փողոցներում: Թորոսյանը լայվ է մտել, ասում է՝ գիշերը դահուկ է քշելու. «Ամեն ինչ լավ է, կյանքը եռում է: Ծաղկաձորում մեկուսացված մեր քաղաքացիների վիճակը լավ է, նորություններ ունենալու դեպքում՝ անմիջապես կհայտնենք»:
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունն էլ կողքից ասաց՝ ամեն ինչ հանգիստ է, եկե՛ք Ծաղկաձոր:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ