«Ես ինքս մեկ շաբաթ առաջ եմ եկել Հարավային Կորեայից, որտեղ այս պահին նոր կորոնավիրուսի 3500 դեպք կա, մահվան դեպքեր էլ կան, ինձ շատ լավ եմ զգում, չեմ պատրաստվում հանձնել թեստ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ի պատասխան հարցի, թե, օրինակ՝ ՌԴ-ից էլ են ժամանում մարդիկ:
Նախարարը նույնիսկ կատակեց. «Հիմա ձեզ բոլորիդ վարակելու եմ»:
Թորոսյանն ասաց, որ ինքը Կորեայից ՀՀ է եկել Մոսկվայով, որտեղի օդանավակայանում նույնիսկ ջերմաչափում չեն արել. «Պարզապես մարդիկ անցնում էին հերթական անվտանգության ստուգումը ու նստում ինքնաթիռ, գալիս Հայաստան: Մենք ավելի շատ ենք անում կանխարգելիչ միջոցներ, քան մեզանից հարուստ ու զարգացած երկրներ: Այն միջոցառումները, որ արել ենք, բավական արդյունավետ են եղել, մենք հաշվել ենք, գուցե կորցնենք 1000-2000 չինացի զբոսաշրջիկ, որոնք բավական գումար կծախսեին, բայց մենք հասկացել ենք, որ սա կարճատեւ է: Նույնիսկ Իրանի հետ սահմանը փակելը… առաջիկայում Նովրուզ է, եւ հավանաբար, կերկարացնենք սահմանափակումը 2 շաբաթով, արգելքը Նովրուզի ժամանակ էլ կգործի, օջախային երկրներից հոսքերը քչացնում ենք»:
Նախարարի վստահեցմամբ՝ Վրաստանի դեպքում նման հարց չի կարող քննարկվել. «Եվ տնտեսական առումով՝ բեռնափոխադրումները թույլ ենք տալիս: Հնարավոր է այս մասով որոշում փոխվի, հնարավոր է՝ ոչ, պարզապես կառավարելիությունը մեծացնենք»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե Չինաստանի իշխանությունները նոր կորոնավիրուսի հետ կապված սկզբում տեղեկություններ են թաքցրել, Թորոսյանը հերքեց, նկատելով՝ Չինաստանի իշխանությունները թափանցիկ են գործել, չեն կեղծել տեղեկատվությունը:
Նախարարը նշեց՝ նոր կորոնավիրուսի թեման տարբեր երկրներում, նաեւ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր շահարկում են:
Նախարարը լավ լուր հայտնեց՝ դպրոցներում սուր-շնչառական դեպքերի վիճակագրությունը կտրուկ անկում է ապրում, կորոնավիրուսն էլ նույն ճակատագրին է արժանանալու ՀՀ-ում եւ ամբողջ աշխարհում, հատկապես հյուսիսային կիսագնդում, որտեղ ուժեղ ձմեռ էր, հիմա գարուն է գալիս:
Առողջապահության նախարարությունն այս պահին ունի 1000 թեստ, մոտ 2000 էլ, ըստ նախարարի, հավանաբար մինչեւ մյուս շաբաթվա վերջին լինի, 1000-ն էլ ԱՄՆ-ից են սպասում, մի քիչ ուշանում է, սրանք նվիրատվություններ են. «Մի քանի ուղղություններից ձեռքբերումներ կանենք: Թեստերի հետ կապված խնդիր չունենք»:
Այս պահին ֆինանսական նոր միջոցներ հրատապ ներգրավելու անհրաժեշտություն չկա, եւ ինչպես Թորոսյանն ասաց, կառավարությունը պատրաստ է ցանկացած միջոց տրամադրել հիվանդության դեմ պայքարելու, ինչպես ցանկացած այլ դեպքում. «Մինչ այս պահը դիմակների կամ դեղորայքի ձեռքբերման համար գուցե մի քանի միլիոն դրամ է ծախսվել: Հրահանգել ենք հաշվառել, եւ շուտով կհրապարկենք , թե որքան հավելյալ բեռ է նստել հիվանդությունը մեր տնտեսության վրա»:
Նախարարը տեղեկացրեց՝ շարունակվելու է այլ երկրներից ՀՀ քաղաքացիների տեղափոխումը մեր երկիր:
Նոր կորոնավիրուսի պատվաստանյութի հայտնաբերման մասին էլ նախարարն ասաց. «Ես գիտեմ, Նուբար Աֆեյանի ընկերությունն է, ինքը միշտ բիո-ինժեներիայով է զբաղվել, եւ մենք կապի մեջ ենք, եթե հաստատում լինի, ու մարդկանց վրա կիրառելի լինի, կարիք լինի կիրառել՝ դրա հնարավորությունը կունենանք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ