Լրահոս
Օրվա լրահոսը

Թափառող շների չլուծվող խնդիրը

Մարտ 01,2020 18:38

Հայաստանի շնասեր ակտիվիստները հասել են այն բանին, որ թափառող (անտեր) շները ոչ թե ոչնչացվում են, այլ ստերջացվում ու շարունակում մնալ անտեր ու թափառող։ Բայց թափառող (անտեր) շների առկայությունը բնակավայրերում խիստ վնասակար է մի քանի առումներով։

  1. Վտանգում է մարդկանց հանգիստը, առողջությունը և նույնիսկ կյանքը։
  2. Խիստ նվազեցնում է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը։
  3. Ժողովրդի մուծած հարկերի հաշվին գոյացող պետական կամ համայնքային բյուջեից կատարվող հսկայական ծախսերի պատճառ է դառնում։

Փոքր-ինչ մանրամասնենք այս կետերը։

1.1. Թափառող շները բնակիչներին չեն թողնում՝

1.1.1. հանգիստ քնել, քանի որ միայնակ թե խմբովին հաչում են, կլանչում, ոռնում, կաղկանձում՝ հատկապես գիշերները,

1.1.2. հանգիստ քայլել փողոցներում ու բակերում, քանի որ մեծ մասամբ ոհմակներով են և հաճախ ագրեսիվ, իսկ բնակիչների մեծ մասը, հատկապես կանայք ու երեխաները վախ ունեն անտեր շներից,

1.1.3. հանգիստ մեքենա վարել, քանի որ հաճախ հայտնվում են փողոցների երթևեկելի մասերում և վթարային իրավիճակներ ստեղծում։

1.2. Թափառող շները, որ սնվում են հիմնականում աղբանոցներում, վարակների տարածման և համաճարակների առաջացման աղբյուր են։ Այդ վտանգը մեծանում է մանավանդ հիմա, երբ կա կորոնավիրուսի համաճարակի մեծ հավանականություն։

1.3. Թափառող շները կարող են կատաղությամբ վարակված լինել և հարձակվել հատկապես միայնակ մարդկանց (մանավանդ երեխաների) վրա, կծոտել, հոշոտել ու մահվան պատճառ դառնալ։ Այդ վտանգը ահագնանում է, հատկապես երբ շները ոհմակով են, իսկ զոհը շներից վախենում է։ Այդ դեպքում հարձակման վտանգ կա, նույնիսկ եթե ոչ մի շուն կատաղությամբ վարակված չէ։ Նման իրավիճակներում շնասեր ակտիվիստների հորդորներն ու հրահանգները գրեթե ոչ մի արժեք չունեն։

  1. Ոչ մի զբոսաշրջիկի հաճելի չէ այցելել այնտեղ, ուր հաչելով թափառում են աղբանոցներում սնվող քնձռոտ, կեղտոտ, հաճախ հաշմանդամ, հայտնի չէ ինչ վարակներ կրող ու կասկածելի վարքի տեր անթիվ շներ։ Աշխարհի քաղաքակիրթ երկրների բնակավայրերում (օրինակ՝ Հռոմում, Ամստերդամում, Տոկիոյում, Սան Ֆրանցիսկոյում, Բեռլինում և այլուր) թափառող շներ ընդհանրապես չկան։ Ավելին, այնտեղ տեր ունեցող շներն էլ տնից դուրս պարտադիր պետք է լինեն դնչկալով, սանձափոկով ու տիրոջ հետ (որը պարտավոր է անմիջապես հավաքել շան կղկղանքը), այլապես դրսում միայնակ թողնված շունը կվնասազերծվի, ու տիրոջից մեծ ջանքեր ու ծախսեր կպահանջվեն շունը հետ ստանալու համար։ Տնաբնակ շունը եթե աղմկարար է, ապա հարևանները կարող են բողոքել, և տերը ստիպված կլինի հրաժարվել իր շնից։ Իսկ մենք, որ ուզում ենք քաղաքակիրթ աշխարհին հավասարվել ու մեր երկրում զբոսաշրջությունը զարգացնել, շնասեր ակտիվիստների դրդմամբ գնում ենք հակառակ ուղղությամբ՝ խփելով զբոսաշրջային բիզնեսին։
  2. Գրանտակեր շնասեր ակտիվիստների համառ պահանջով Երևանի քաղաքապետարանը հսկայական ծախսեր է անում թափառող շների համարակալման և իբր ստերիլացման (այսինքն՝ ստերջացման, բուժման, վարակազերծման ու պատվաստման) համար (մնում է հեռացնել շների ձայնալարերն ու ատամները), մի աշխատանք, որ անիմաստ է, եթե շները վերադարձվում են աղբանոցներ, իսկ գյուղերից ու անտառներից նորանոր շներ են ներգաղթում Երևան ու այլ քաղաքներ։ «Արդյունքում» թափառական շների թիվը նվազելու փոխարեն գնալով աճում է (աճում է նաև առնետների թիվը՝ հակառակ այն պնդումների, թե որքան շատ են շները, այնքան քչանում են առնետները)։ Ու ոչ ոք չի մտածում, թե վերջը ինչ է լինելու։ Ստերիլացնողներն իրենց աշխատավարձն են ստանում ժողովրդի գրպանից, շնասեր ակտիվիստներն իրենց դրամաշնորհներն են ստանում խիստ կասկածելի աղբյուրներից, իսկ ժողովուրդը տառապում է այս իբր ժողովրդավարական ու «մարդասիրական» բարձիթողի ու անհեթեթ իրավիճակից։ Մարդասիրություն, որ շների համար է՝ ընդդեմ մարդկանց։ Զավեշտ է, չէ՞։

Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել։

  1. Եթե կենդանիների իրավունքների տեսակետից նայենք խնդրին, ապա ստերջացումը սպանդից շատ չի տարբերվում։ Դա էլ սերունդների ու վերջին հաշվով ցեղի սպանդ է, այսինքն՝ շների երեսպաշտական ցեղասպանություն։
  2. Շնասեր ակտիվիստները խիստ վնասակար ու վտանգավոր գործունեություն են ծավալում։ Նրանք շահագրգռված չեն հիմնախնդրի լուծմամբ և ամեն ինչ անում են, որ թափառող շների թիվը չնվազի։ Այլապես կզրկվեն դրամաշնորհներից։

Ի՞նչ կարելի է առաջարկել։

  1. Իրավապահ մարմինները թող հետաքննություն սկսեն շնասեր ակտիվիստների նկատմամբ՝ պարզելու համար նրանց գործունեության իրական դրդապատճառները, ֆինանսավորման աղբյուրները, առանձին դեպքերում՝ նաև հոգեկան վիճակը։
  2. Քաղաքապետարանը թող բնակավայրերից դուրս մի մեծ ցանկապատված տարածք հատկացնի թափառող շների ու շնասեր ակտիվիստների ռեզերվացիայի համար։ Այդտեղ թող շնասերները դրամաշնորհների հաշվին խնամեն իրենց սիրելի շներին ու հանգիստ թողեն ժողովրդին ու իշխանություններին։

Այլապես շնասերների վարակիչ օրինակով կհայտնվեն նոր տեսակի կենդանասեր ակտիվիստների խմբեր՝ կատվասերներ, առնետասերներ, մկնասերներ, ճանճասերներ, տառականասերներ (խավարասերներ), մանրէասերներ, վիրուսասերներ և այլն։ Վերջիններս, պատկերացնո՞ւմ եք, կպահանջեն վերացնել մանրէաբանական բժշկությունը և չբուժել, օրինակ, տուբերկուլյոզը, վեներական հիվանդությունները, խոլերան, ժանտախտը և այլն, քանի որ դրանց հարուցիչներն էլ կենդանի էակներ են և ապրելու իրավունք ունեն, ու դրանք վերացնելը «մարդասիրական» չէ։

Փողով կարելի է հրահրել ամեն մի անհեթեթություն։ Անամոթներ ու անզգամներ են պետք՝ դրանք իրականացնելու համար։ Ցավոք, վերջիններիս պակաս չկա, ինչպես տեսնում ենք…

Ձգտում ենք դեպի Եվրոպա, բայց իրականում գնալով ավելի ենք նմանվում ասիական հետամնաց երկրներին (Իրաք, Աֆղանստան և այլն)։ Գոնե մեր հարևան Թուրքիայից օրինակ վերցնենք։ Նրանց թե՛ քաղաքային, թե՛ գյուղական բնակավայրերում չես տեսնի ոչ միայն անտեր շուն, այլև աղբամանից բացի ուրիշ տեղ թափված աղբի նշույլ։ Հետո էլ «քաղաքակիրթ» հայերս «հետամնաց» թուրքերին ենք բամբասում ու վատաբանում…

 

Ժաննա ԶՈՀՐԱԲՅԱՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031