Վարչապետ Նիկոլ Փաշինյան այս պահին մայրաքաղաքի դեղատներում է շրջում, որպեսզի կորոնավիրուսի խնդրով պայմանավորված դիմակների դեֆիցիտի խնդիրը պարզի: Փողոցում մարդիկ մոտենում էին վարչապետին ու սելֆի անում, մի կին էլ ԱՄՆ-ում բնակվող մոր համար լուսանկարվեց Փաշինյանի հետ, ասելով. «Մամ ջան, հատուկ քեզ համար»: Նկարվելուց հետո այս կինը դիմեց Փաշինյանին. «Բա բուկլետնե՞րը…»: Փաշինյանը, դե, քարոզարշավի չէր դուրս եկել, բուկլետ չէր վերցրել:
Փողոցում անընդհատ մարդիկ էին մոտենում վարչապետին՝ լուսանկարվելու համար: «Ասում են քաղաքում խուճապ է, հիմա լուսանկարվում ենք»,-ասաց վարչապետը:
Մտնելով դեղատներից մեկը՝ վարչապետն ասաց. «Բա ես սպասում էի, որ դեղատներում լիքը մարդ է լինելու»: «Առավոտյան կային»,- պատասխանեց դեղատան աշխատակիցը՝ հավելելով. «Մարդկանց մոտ խուճապ կա, բայց արհեստական է: Դիմակներ չկան»:
Դեղատան մի այցելու էլ առիթն օգտագործեց ու Փաշինյանին դիմեց այլ հարցով, նշելով՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է: Փաշինյաննը ավելացրեց՝ դա դարձավ մեր կարգախոսը:
Կարդացեք նաև
Այս կինը, ինչպես ինքը վստահեցրեց, դատավոր է եղել, եւ հետաքրքրվեց՝ փոփոխությունների արդյունքում հին լավ մասնագետները կարո՞ղ են աշխատանք գտնել: Փաշինյանն էլ վստահեցրեց՝ բարեվարքության չափանիշներ են սահմանում, եւ հին լավ մասնագետներն, իհարկե, կարող են աշխատել:
Մի պահ մոռանալով դիմակների մասին, Փաշինյանն ու դեղատան այցելու այս կինը դատական խնդիրներից խոսեցին, կինը նշեց, որ օրինակ ԱՄՆ-ում 35 տարին լրանալուց հետո են ընդունում որպես դատավոր աշխատանքի:
Փաշինյանն ասաց՝ այսօր դատավորների թափուր տեղեր կան, երիտասարդները չեն գնում աշխատելու, աշխատավարձը ցածր է՝ մոտ 400 հազար:
Հետո նույն դեղատանը մի տատիկ Փաշինյանից այցեքարտ խնդրեց, վարչապետը հորդորեց դիմել իր կողքին կանգնած օգնականին: Տարեց կինն արձագանքեց. «Ախր ես ձեզ եմ ուզում, թե չէ գնալ տեմ քցվեմ»:
«Ինչի՞ համար, չի կարելի»,-պատասխանեց վարչապետը: Ապա նրա օգնականը տարեց կնոջ հեռախոսահամարը վերցրեց:
Դեղատանը մարդիկ ձեռքով բարեւում ու գրկախառնվում էին Փաշինյանի հետ:
Դեղատան մուտքի մոտ էլ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի բժշկուհին մոտեցավ եւ ցանկացավ լսել վարչապետի կարծիքը այս կենտրոնի՝ ինֆեկցիոն հիվանդանոցի հետ միավորման մասին:
«Պետք է գնանք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ճանապարհով: Այս թեման 10 տարի է քննարկվում է»,- ասաց վարչապետը: Բժշկուհու դիտարկմանը, որ իրենց մասնագիտական կարծիքը չեն լսել, Փաշինյանը պատասխանեց. «Դուք ձեր տեղում շարունակելու եք աշխատել»:
«Խոսքը տեղի մասին չէ, զուտ մասնագիտական…»,- ասաց բժշկուհին: «Լավ էլի, ժողովուրդ ջան, մասնագիտական…էսօր երկրում ինչքան քիչ տնօրեն լինի, ինչքան քիչ ղեկավար լինի…Հայաստանում էսօր մի ղեկավարին ընկնում է 3 աշխատող, աշխարհում՝ 7: Էս երկրում ավելի շատ տնօրեն ու վարչության պետ կա, քան… Ես էս թեմայով դեռ 10 տարի առաջ հոդվածներ եմ գրել «Հայկական ժամանակում»:
Մինչ վարչապետը դուրս կգար դեղատնից, մուտքի մոտ ահագին քաղաքացիներ էին հավաքվել՝ նկարվելու եւ աջակցություն հայտնելու համար:
Մի քաղաքացի էլ ներկայացավ որպես դեղատնային մեծ ցանցի ներկայացուցիչ, ասաց, որ ամեն օր նախարարի հետ կապի մեջ են, դիմակների պահանջարկը մեծ է, խմբաքանակի ներմուծմանն են սպասում.«Ալկոգելի խնդիր չկա: Երեք օր առաջ Ֆրանսիա էի գնացել, օդանավակայնում ոչ մեկ չստուգեց, իսկ մեզ մոտ, երեկ եմ վերադարձել, օդանավակայանում շատ բարձր մակարդակով դիմավորեցին, ջերմությունը չափեցին, դեզինֆեկցիա էին անում, բոլորը դիմակներով էին»:
Դիմակների դեֆիցիտն օբյեկտիվ է, ըստ վարչապետի, պատճառը մեծ պահանջարկն է, ՏՄՊՊՀ-ն էլ բոլոր դեղատներում ստուգայցեր է անում:
Երբ քաղաքացիները մոտենում էին վարչապետին սելֆի անելու համար, վարչապետը կատակեց.«Առողջապահության նախարարությունը սելֆի անելը չի ՞ արգելել»:
Կարելի է ասել, մի քանի տասնյակ քաղաքացիներ անընդհատ մոտենում էին Փաշինյանին՝ կարելի՞ է նկարվել, կարելի՞ է ձեռք սեղմել: Վարչապետը չէր մերժում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ