«Գարնանային արձակուրդները, որոնք նախատեսված էին մարտի վերջին, կտեղափոխվեն մարտի 2-ից 8-ը ներառյալ»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ այսօր վարչապետի մասնակցությամբ խորհրդակցություն են ունեցել, քննարկել են բոլոր առաջարկները, ծնողների հաղորդագրությունները, հորդորները, որպեսզի գարնանային արձակուրդների տեղափոխություն լինի, և նման որոշում են կայացրել:
Նախարարը նաև հստակեցրեց, թե այս հրամանը որ հաստատություններին է վերաբերում. «Խոսքը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատություններին, դպրոցներին, քոլեջներին, ուսումնարաններին և բուհերին: Բուհերն արդեն ըստ իրենց ծրագրերի այս մեկ շաբաթն իրենք կլրացնեն, և ուսանողները բաց թողածը կվերականգնեն: Մենք մարտի 2-8-ը կունենանք գարնանային արձակուրդներ: Սա հնարավորություն կտա նաև նախկինից սուր շնչառական հիվանդություններով հիվանդ երեխաներին էլ ապաքինվել, և մարտի 9-ից լիարժեք դասերը կվերսկսվեն»:
Նախարարը նշեց, որ այս իրավիճակը, իրոք, պետության համար արտասովոր է, քանի որ նման իրավիճակ կորոնավիրուսի հետ կապված չենք ունեցել:
Կարդացեք նաև
Նաև հայտնեց, որ շաբաթվա վերջին իրավիճակը կուսումնասիրվի և դասերը վերսկսելու մասին որոշում կկայացվի:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենց կարծիքով՝ այս մեկ շաբաթը լիովին բավարար է այս լարվածությունը թոթափելու համար: Այս որոշումը միտված է երեխաների առողջության, անվտանգության, ընդհանուր փոխվստահության մթնոլորտ ձևավորելուն: Նախարարը վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունն ամենժամյա ռեժիմով հետևում է իրավիճակին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ