«Ես ունեմ երկու դպրոցական երեխա եւ պատրաստ եմ իրենց ուղարկել դպրոց, որովհետեւ չեմ համարում հանրային առողջապահական վտանգը բարձր, որպեսզի անհրաժեշտություն լինի դպրոցական երեխաների տեղաշարժը սահմանափակել, հատկապես հաշվի առնելով, որ դպրոցական երեխաները պրակտիկորեն որեւէ խնդիր չունեն կորոնավիրուսի հետ, նույնիսկ շատ հազվադեպ դեպքեր են նկարագրվել, որ երեխաների վրա վիրուսը կարող է ծանր ազդի»,- այսօր այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նաեւ նշեց՝ դեռ առիթ չեն ունեցել կառավարությունում և ԿԳՄՍ նախարարի հետ խոսելու այս թեմայով. «Կարծում եմ՝ օրվա ընթացքում դեռ կհասցնենք եւ կտեղեկացնենք որոշման մասին»:
Ի՞նչ անեն այն անձինք, որոնք ցանկանում են ապահովության համար հետազոտվել, բայց ախտանշաններ չունեն, արդյոք վճարովի՞ կարող են հետազոտվել. այս հարցին ի պատասխան Թորոսյանն ասաց. «Հարցը ո՛չ ֆինանսականն է, եւ ո՛չ էլ որեւէ մեկի ցանկությունը մերժելը կամ ընդունելն է: Խնդիր այն է, որ եթե որեւէ մեկի մոտ չկա որեւէ սիմպտոմ, եւ մենք դնում ենք կորոնավիրուսի թեստ, դրա արդյունավետությունը մոտ է զրոյի, որովհետեւ երբ նոր է վարակվել, կամ մի քանի օր առաջ, բայց օրգանիզմը այնքան ուժեղ է եղել, որ պայքարել է վիրուսի դեմ, հնարավոր է ստանանք բացասական արդյունք եւ դա կարող է նշանակել՝ իրոք չկա վիրուս, կամ ունեցել է ու բուժվել: Համաճարաբանական տեսանկյունից իմաստ չկա ցանկությամբ հետազոտել»:
Դիմակների դեֆիցիտի մասին էլ Թորոսյանն ասաց՝ մեր կարիքների համար ներկրվել է 160 հազար դիմակ, մոտ 60 հազար էլ՝ բուժհիմնարկների համար:
Նախարարը կրկին պնդեց՝ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակների դասին չի պատկանում, ինչպես օրինակ, ժանտախտը, խոլերան, դեղին տենդը, էբոլան. «Մենք ունենք դեղորայք, որը դեռ ապացուցողական հիմքերով դրված չէ, որ հենց այդ դեղորայքն է բուժում հենց այս վիրուսը։ Հայաստանն առաջանցիկ տեմպերով գնումներ է իրականացնում, եթե հանկարծ կարիք լինի ավելի մեծ քանակներով դրանք օգտագործել, բայց այս պահին դրանց օգտագործման անհրաժեշտությունը չկա»:
Կարդացեք նաև
Այն հարցին էլ՝ հնարավո՞ր է չեղարկել նաեւ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, Թորոսյանը պատասխանեց. «Հանրային առողջությունը մեզ համար ամենակարեւորն է, ու եթե տեսնենք, որ հանրային առողջության համար կա որեւէ վտանգ, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած նախկին որոշում, դրա մասին հանրությանը տեղյակ կպահենք, այս պահին դրա անհրաժեշտություն չկա»: Մինչ այս, նախարարը նաեւ չէր բացառել, որ որոշումների կայացման գործընթացում, եթե լինի անհրաժեշտություն, հանրային միջոցառումների սահմանափակման մասին որոշում կայացվի:
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մեկ դեպք, ՀՀ քաղաքացին Իրանից է ժամանել Հայաստան:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ