Իրանից Հայաստան տեղափոխված եւ այժմ մեկուսացված անձանց մոտ տեղում զննման ժամանակ կորոնավիրուսի ախտանշաններ չեն եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Մեկ քաղաքացի, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս, այս հիվանդը տուն է գնացել, ապա վատ է զգացել ու ինքնակամ դիմել բժշկի: Ինչպե՞ս է եղել, որ այս հիվանդի մոտ չի հայտնաբերվել:
Թորոսյանն ասաց՝ ախտանշանները լինում են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, օբյեկտիվն են՝ հազ, փռշտոց, ջերմություն, սուբյեկտիվը՝ վատ ինքնազգացողություն. «Համաճարակաբան է ուղարկվել, որպեսզի տեղում ստուգի, որեւէ պացիենտի մոտ օբյեկտիվ ախտանիշ չի եղել, սուբյեկտիվ էլ չի նշվել:
Թռիչքից անմիջապես հետո ջերմություն չկար, այն եղել է 4 ժամ հետո:
Կարդացեք նաև
Այս հիվանդությունը ատիպիկ պնեւմոնիայի 2-րդ տեսակ է կոչվում, սա ոչ տիպիկ է անցնում, հնարավոր է այդ պահին ախտանիշ չլինի, հինգ ժամ հետո լինի ու դասագրքային բացատրություն չկա դրան: Նույնն այս պացիենտի մոտ է, հիմա նրան դեղորայք չենք տալիս, ջերմություն չունի: Լավ է, որ բարձր քաղաքացիական գիտակցությամբ պացիենտ ենք ունեցել, որը գանգատների դեպքում դիմել է բժշկի:
Իսկ թե ինչու բոլոր այդ քաղաքացիները չեն թեստավորվել, որպեսզի հնարավոր լիներ նախապես բացահայտել, Թորոսյանը պատասխանեց՝ դրանք արագ ու սքրինինգային թեստեր չեն, դրանցով հնարավոր չէ հարյուրավոր կամ հազարավոր քաղաքացիներ հետազոտել, ավելին, այդ թեստերը կարող են բացասական ցույց տալ վարակվածության սկզբնական շրջանում, հետեւաբար անիմաստ է բոլորին հետազոտել: Նույնը H1N1-ի դեպքում է, եթե այս պահին վարակվեն, մեկ ժամ, նույնիսկ մեկ օր հետո հնարավոր չէ հայտնաբերել, քանի որ հիվանդությունը չի զարգացել»:
Նախարարը մի քիչ բժշկական լեզվով բացատրեց վիրուսի տարածման ուղին. «Վիրուսի սեկրեցիան՝ արտանետումը մարդու օրգանիզմից նույնպես հնարավոր է այն դեպքում, երբ վիրուսը բազմացել է օրգանիզմում: Սրանով կանխում եմ այն վարկածը, որ մեզ մոտ կորոնավիրուսով հաստատված անձ հնարավոր է բազմաթիվ անձանց վարակած լինի։
Մենք, գտնելով այդ նեղ շրջանակը, պրակտիկորեն մեկուսացրել ենք դրա տարածումը, որովհետեւ, եթե նույնիսկ այդ 32-ը վարակվել էին, նրանք հասցրած չէին լինի վարակել այլ անձանց, որովհետեւ, որպեսզի վիրուսը վարակիչ լինի, պետք է մտնի մարդու բջիջների մեջ, այս բջիջների մեջ օգտագործելով բջիջների վերարտադրության համակարգը, տիրոջ անհրաժեշտություն ունի, բազմանում է տիրոջ օրգանիզմում: Եթե տիրոջ օրգանիզմում երկար ժամանակ է մնում, չի բուժվում, ապա կարողանում է արտազատվել: Հնարավոր է որոշ դեպքերում բուժվում է եւ անհետ անցնում է, ինչպես բազմաթիվ վիրուսներ: Մինչ օրս մարդկությանը հայտնի է մոտ 320 հազար վիրուս»:
Հարցին՝ արդյո՞ք կարիք կա Իտալիա եւ Իտալիայից չվերթների չեղարկման, նախարարն ասաց՝ չվերթ չեղարկելու կարիք չկա. «Իտալիայի առողջապահական եւ դիվանագիտական մեր գործընկերները, մեզ տրամադրելով տեղեկատվություն, ցույց են տալիս, որ մեծ քաղաքներում եթե նույնիսկ դեպքերը շատ են՝ շատ փոքր տարածքում են լոկալիզացված: Այսօր չվերթ չեղարկելու կարիք չենք տեսնում: Սակայն որոշումների կայացման գործընթացը ամենօրյա է, հնարավոր է, որ վաղը կայացվի մեկ այլ որոշում, ոչ միայն Իտալիայի հետ կապված, դա վերաբերում է նաեւ ներհայաստանյան որոշումներին՝ հանրային միջոցառումներին, դպրոցների, մանկապարտեզների, այլ պետական կառույցների աշխատանքին: Մեզ համար կարեւորը հանրային առողջությունն է: Բայց այդ որոշումները պետք է լինեն փաստարկված, ապացուցված եւ ոչ թե պարզապես պահանջված»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ