Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ-ում նոր կորոնավիրուսի մեկ դեպքի հայտնաբերման առնչությամբ ասուլիս էր հրավիրել, ներկայացրել իրավիճակը:
Նախարարը այս վիրուսի մասին կրկին տեղեկություններ ներկայացրեց՝ ինչ անել, ինչպես պաշտպանվել: Նախարարն ասաց՝ կորոնավիրուսները վիրուսների մեծ ընտանիք են, որոնք առաջացնում են հիմնականում շատ թեթեւ շնչառական ախտանշաններ՝ մինչեւ ծանր, նույնիսկ մահվան հասցնող դեպքեր: Դրանք ավելի շատ վտանգավոր են հիսունից բարձր տարիքի մարդկանց համար, քանի որ այս տարիքից խրոնիկ հիվանդությունները շատանում են եւ ամենաշատը 80-ից բարձր տարիքի անձանց մոտ է հանդիպում, ինչպես, օրինակ, գրիպը:
«Ռեսպերատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին, եւ մենք դիմանալով մեր աշխատանքները սկսելու շուրջ 40 օրը, կարելի է ասել, շատ բարենպաստ վիճակում ենք, քանի որ եղանակը տաքանում է, թե՛ վիրուսներն են ոչնչանում բաց միջավայրում՝ արեւի տակ, եւ թե՛ փակ տարածքներում մարդկային կուտակումները քչանում են, կանխարգելվում է դրանց ինտենսիվ տարածումը»,-ասաց նախարարը:
Թորոսյանը խորհուրդ տվեց՝ խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումից, իսկ եթե կա անհրաժեշտություն նրանց հետ շփվելու՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, իսկ եթե այդ պահին օճառի ու ջրի հնարավորություն չկա, ապա ալկոհոլային հիմքով միջոցներով ախտահանել ձեռքերը, օդափոխել սենյակները:
Կարդացեք նաև
«Մի հավելյալ խորհուրդ էլ տամ, չգիտեմ՝ ինչքան կստացվի, բայց փորձենք՝ եկեք դադարեցնենք համբուրվելով բարեւելը մինչեւ օրերը տաքանան, հետո ավելի ջերմ կբարեւենք իրար եւ ձեռքով բարեւելուց էլ խուսափեք, քանի որ ձեռքսեղմումով էլ է վիրուսը փոխանցվում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ