Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Նոր կորոնավիրուսի կասկածով պայմանավորված 32 անձ է մեկուսացվել»

Մարտ 01,2020 13:39

Նոր կորոնավիրուսի կասկածով պայմանավորված 32 անձ է մեկուսացվել, այս անձինք պահվում են Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մեկ դեպք: Թորոսյանն այսօր ասաց՝ 29-ամյա հիվանդի մոտ այս պահին որեւէ ախտանշան չկա, չնայած դիմելու պահին ունեցել է 38 աստիճան ջերմություն, իսկ նրա կնոջ մոտ վիրուսի առկայության թեստը բացասական է ցույց տվել:

Հայտարարություններին, թե Իրան-Հայաստան սահմանը պետք փակվեր, նախարարն ասաց՝ ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների մուտքը  ՀՀ չի կարող փակվել, եւ ոչ միայն օրենքներով, այլ նաեւ մարդասիրության եւ հայրենիքի հոգածության սկզբունքներով չի կարելի անել:

Նախարարը հայտարարեց՝ Իրանից-ՀՀ չվերթի ինքնաթիռում քաղաքացիները բժիշկների ուղեկցությամբ են եղել, նրանց դիմակներ է բաժանվել, որեւէ մեկը գանգատ չի ունեցել, գնացել են տուն. «Ինչո՞ւ չի արվել կարանտին բոլորի համար, որովհետեւ դա ապացուցված չէ, որ աշխատող գործիք է, եւ նման բան խորհուրդ չի տրվում որեւէ առողջապահական միջազգային կազմակերպության կողմից: Այն, ինչ տեղի է ունեցել երեկ, դա դասական ճիշտ հայտնաբերված դեպքի մասին է խոսքը, այդպես էլ պետք է լիներ»:

Ինչ վերաբերում է վարակված հիվանդի հետ կոնտակտ ունեցած անձանց, նախարարն ասաց՝ Թեհրանից ուղեւորներն ու անձնակազմի անդամները կրել են դիմակներ. «Հայաստանում օդանավակայանից դուրս գալու առանձին ուղի են ունեցել։ Նրանք պրակտիկորեն որեւէ մեկի հետ չեն շփվել եւ վտանգ շատ քիչ են ներկայացրել իրենց կողքի մարդկանց համար։ Սակայն, միջազգային ռեկոմենդացիաների համաձայն՝ եթե ինքնաթիռում հայտնաբերվում է կորոնավիրուսով վարակված անձ, անկախ նրա մոտ եղած հիվանդության ծանրությունից, խորհուրդ է տրվում նրանից երկու շարք առաջ, երկու շարք հետ եւ իր շարքը մեկուսացնել 14 օրով, ինչն այս պահին կատարվում է եւ արդեն ավարտական փուլում է: Նաեւ մեկուսացվել են ուղեւորին եւ կնոջը տուն տարած քաղաքացին եւ նրանց հետ եղած քաղաքացին, իսկ վարչապետին գիշերը տված ինֆորմացիան իմ կողմից է եղել եւ ամբողջական չէր:

ԱԱԾ-ն մի քանի ժամվա ընթացքում պարզեց հանգամանքները, քաղաքացին հիվանդանոց գնացել է շտապ օգնության մեքենայով, որի անձնակազմը նույնպես մեկուսացվել է: Դրանից դուրս գտնվող անձինք չեն համարվում ռիսկի գոտում, ավելին՝ եթե նույնիսկ կնոջ մոտ վիրուսը բացակայում է, կարող ենք ենթադրել, որ շատ քիչ է հավանականությունը, որ կարող է վարակել: Բայց մենք բոլոր ուղեւորներին պահում ենք հսկողության տակ: Մեր կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումները համապատասխանում են բոլոր չափանիշներին: Թերացման մասին խոսելը պարզապես ավելորդ է»:  

Նախարարը հիշեցրեց, որ կանխարգելիչ միջոցառումները սկսել են իրականացնել հունվարի 22-ից, ինչը տվել է իր արդյունքը, տեղական բռնկումներ չկան, առայժմ միայն այս մեկ բերովի դեպքն է, որը կառավարությանը դրդում է նոր քայլեր անել. «Ինչ մենք անում ենք, սակայն նաեւ կարող ենք փաստել, որ հանրային առողջապահական լուրջ վտանգ չի ներկայացնում: Նույնիսկ այդ անձի համար վտանգ չի ներկայացնում, այդ անձը մեկուսացված պայմաններում, հիվանդանոցում է եւ որեւէ բուժական միջամտություն չի իրականացվում: Մինչ այժմ 117 թեստավորում է կատարվել, որից մեկն է հաստատվել»:

Առաջին ինքնաթիռում եղել են 82 անձ, 2-րդում՝ 52. «Հենց հիմա էլ ցամաքային սահմանը մեր քաղաքացիների համար բաց է ու այդպես էլ պետք է լինի եւ այն միջոցառումները, որոնք կատարվում են՝ բավարար են միջազգային ընթացակարգերով»:

Ներկայումս հայ-իրանական սահմանին հատուկ ընթացակարգով թույլատրվում է բեռների փոխադրում ՀՀ տարածք: Տեղերում աշխատում են մասնագետներն ու ոստիկանները: Ըստ նախարարի, սահմանին իրանական բեռները տեղափոխում են հայկական մեքենաներ, իրանական մեքենաները նորից վերադառնում են Իրան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031