ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անժամանակ, վաղաժամ և անսպասելի մահը չափազանց հարմար առիթ էր մեր քաղաքական կյանքում գուշակություններ անել սիրողների համար: Այս դեպքում գուշակություններն իրարից միանգամայն տարբեր և նույնիսկ հակասական էին: Այդուհանդերձ, կարելի էր հասկանալ հակառակ կարծիք ունեցող բոլորին՝ թե ինքնասպանության տարբերակին հավատացողներին, և նույնիսկ ինքնասպանության տարբերակը ցնդաբանություն համարողներին:
Բոլոր դեպքերում, Կուտոյանի մահը մեր իրականության համար բացարձակապես նորություն էր՝ այն իմաստով, որ մեր իրականության մեջ ազգային անվտանգության համակարգը բավական փակ համակարգ էր՝ մանավանդ այդ համակարգի առաջին դեմքերի կենսագրության ու վարքաբանության առումով, մինչդեռ հատկապես վերջին ժամանակներս Նոր Հայաստանում հենց այդ համակարգի առաջին դեմքերն աչքի ընկան իրենց տեսանելի վարքով ու բացախոսությամբ:
Խոսքը վերաբերում է նաև այդ համակարգի մեկ այլ առաջին դեմքին՝ Արթուր Վանեցյանին, ում վարքուբարքը բավական տեսանելի էր այդ համակարգից չափազանց հեռու գտնվողներիս համար՝ սկսած նրա՝ ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունից և վերջացրած նրա՝ վարչապետի հետ ունեցած տարաձայնություններով, և հատկապես Փաշինյանի հետ առաջացած նրա տարաձայնություններն էին անսպասելի, քանզի Վանեցյանը Նոր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ հեղափոխականներից էր, իրենց տերմինաբանությամբ ասած՝ ամենասպիտակներից: Նաև հեղափոխական մեկ այլ սպիտակի՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ վարչապետի հետ ունեցած տեսանելի անհարթություններն ու տարաձայնություններն էին՝ միանգամայն անցանկալի ու անսպասելի:
Ամենևին պատահական չէ, որ ոստիկանապետ Օսիպյանին հիշեցի ու նշեցի: Որովհետև ոչ միայն ազգային անվտանգության, այլև ներքին գործոց համակարգն էլ էր միանգամայն փակ համակարգ՝ հատկապես ու առանձնապես առաջին դեմքերի՝ նախարարների մասով, ընդ որում՝ ոչ միայն նախկին իշխանությունների ժամանակ, այլև հատկապես ու առանձնապես Խորհրդային միության տարիներին, և հատկապես ու առանձնապես առաջին դեմքերի՝ ոստիկանապետերի մասով, որոնք ոչ միայն իրենց համաքաղաքացիներին ասֆալտին չէին փռում, այլև այդ մասին ի լուր աշխարհի չէին հայտարարում:
Կարդացեք նաև
Կարճ ասած՝ միանգամայն հետաքրքիր և աննախադեպ ժամանակներ ենք ապրում, և էս ասածներս սկսվեցին ու տեղի ունեցան մեր թավշյա հեղափոխությունից հետո, կարելի է ասել՝ մեր թավշյա հեղափոխության արդյունքում, և ավելորդ է ասել, որ մեր թավշյա հեղափոխության արդյունքում մեր կյանքը կտրուկ ու կտրականապես փոխվեց, և դա բոլորիս համար զգալի ու տեսանելի է, և հավասարապես զգալի ու տեսանելի է թե՛ հեղափոխականների, և թե՛ հակահեղափոխականների համար, և որ ասում ենք՝ մեր կյանքը կտրուկ ու կտրականապես փոխվեց, դա ամենևին չի նշանակում թե՝ միանգամայն դրական ու լավ իմաստով փոխվեց, քանզի էդ փոփոխությունները լի են սպանություններով ու ինքնասպանություններով, որոնց մի մասը կասկածների ու վիճաբանությունների տեղիք են տալիս, և Նոր Հայաստանի իշխանությունների գործունեությունն էլ է կասկածների ու վիճաբանությունների տեղիք տալիս՝ ներառյալ Նոր Հայաստանի իշխանությունների նախաձեռնած հանրաքվեն, որին մեր քաղաքական ուժերից ոչ բոլորը մասնակցեցին, քանզի ոչ բոլորն էին համաձայն Նոր Հայաստանի իշխանությունների տեսակետներին՝ հանրաքվեի նպատակների հետ կապված:
Ինչպես ժողովուրդն է ասում՝ վերջը բարին անի:
Ոչ մի առիթ ու ոչ մի պատճառ չունենք՝ ժողովրդի այս բարի իմաստությունը չկրկնելու համար:
Հեռու մնանք սպանություններից ու ինքնասպանություններից: Հատկապես ինքնասպանություններից:
Եվ թող սպանություններն ու ինքնասպանությունները հեռու լինեն մեզնից: Հատկապես ու առանձնապես ինքնասպանությունները:
Ամեն:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ