Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը դադարեցնելու տնտեսական կեղծ ցուցանիշների գովքը․ Հրանտ Բագրատյան

Փետրվար 29,2020 23:07
bagratyan

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

ՀՀ-ում վիճակագրական տվյալները վերջին 20 տարիներին շարունակաբար կեղծվում են։ ՀՀ ղեկավարները, ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս, օգտվում են այդ կեղծ տվյալներից իրենց քաղաքական գործունեությունն արդարացնելու և հասարակությանը մոլորության մեջ պահելու համար։ Վստահ եմ, կեղծված վիճակագրությունը կոռուպցիայի հիմքերից է։ Ավաղ, հեղափոխությունը այս խնդիրը չվերացրեց։

ՀՀ վարչապետը ԱՎԿ-ն պարզապես դարձրել է իշխանության քաղաքական պրոպագանդիստական կուսակցություն՝ յուրաքանչյուր ամիս կեղծ վիճակագրական տվյալներով «փաստելով» իբրև յուր գործունեության արդարացում։ Սույն և հաջորդ հրապարակումների մեջ ցույց եմ տալիս օրեցոր խորացող կեղծիքներն ու խաբեությունները։ Այդ վերլուծությունների հիման վրա ստացված տվյալներն ու եզրակացություններն ուղղված են մեր հանրությանը, կառավարությանը, դատախազությանը, ԱԺ հանձնաժողովներին, քաղաքական ուժերին։

1990-2018թթ. մակրոտնտեսական կեղծիքները

ՀԲ-ի տվյալներից հետևում է, որ 2018-ին ՀՀ-ում ՀՆԱ-ն կազմել է 1990թ.` 202.3%-ը, Վրաստանում՝ 99.5%-ը (Վրաստանը դեռ չի վերականգնել 1990թ. տնտեսության մակարդակը), Ադրբեջանում՝ 269%-ը (հաշվարկած է շղթայական ինդեքսի եղանակով ըստ՝ https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.KD.ZG…)։ Ասել կուզի, որ Վրաստանն այս ընթացքում լրջորեն ետ է ընկել Հայաստանից և Ադրբեջանից, իսկ ՀՀ-ն, եթե ՀՀ ԱՎԿ 1990-2018թթ. մակրոտնտեսական թվերը ճիշտ են, պետք է որ լիներ տարածաշրջանի առաջատարը։ Ինչո՞ւ։ 1990-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն այս 3 երկրների մեջ առաջինն էր։ Այսպես, 1990-ին բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը ՀՀ համար կազմել է 2826 ռուբլի (10.1 մլրդ ռ. ՀՆԱ, 3574 հազ. մարդ բնակչություն), Վրաստանինը 2745 ռուբլի (15.0 մլրդ ռ. ՀՆԱ, 5464 հազ. մարդ) և Ադրբեջանինը` 2045 ռ. (14.7 մլրդ ռ. ՀՆԱ և 7187 հազ մարդ)։ Տես՝ Содружество независимых государств в 1994 году. Статистический ежегодник. Москва 1995, էջ 11 և 19։

ԱՊՀ վիճակագրության մեկ այլ աղբյուր ևս փաստում է այն, որ 1990-ին ՀՀ-ն և Վրաստանն ունեցել են բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մոտավորապես նույն մակարդակը, իսկ Ադրբեջանը այդ նույն ցուցանիշով ետ էր մնում նրանցից 28%-ով։ Այսպես, 1990թ․ նշված ցուցանիշով ՀՀ-ն և Վրաստանը կազմում էին ԱՊՀ միջինի համապատասխանաբար 76.7 և 77.0 տոկոսները (այսինքն՝ հավասար էին), մինչդեռ Ադրբեջանի պարագայում այն հավասար էր 57.5%-ի (Страны-члены СНГ в 1993г. Статистический ежегодник. Москва 1994, էջ 11)։ Եվ այսպես, 1990-ին Հայաստանը և Վրաստանը հավասար էին, իսկ Ադրբեջանը ետ էր մնում 28%-ով։ 2018-ին Հայաստանը 1990-ի նկատմամբ աճել է 2 անգամ, Ադրբեջանը՝ 2.6 անգամ և Վրաստանը նույնն է մնացել։ Այլ հավասար պայմաններում 2018-ին Հայաստանը պետք է Վրաստանից լավ ապրեր 2 անգամ և առնվազն հավասար լիներ Ադրբեջանին։

Բայց պարադոքսն այն է, որ 2018-ին բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ՀՀ-ում կազմել է 4200$, Վրաստանում՝ 4717$, իսկ Ադրբեջանում՝ 4721$ (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD…)։ Նույն թվերը հաշվի առած գնողունակության պարիտետը այսպիսին են. համապատասխանաբար՝ 10343, 12004 և 18044$։ Բա մեր առաջանցիկ աճերն ի՞նչ եղան։ Չէ՞ որ Վրաստանից պիտի 2 անգամ առաջ լինեինք։ Միգուցե մեր բնակչությո՞ւնն է աճել։

2018-ին ՀՀ բնակչությունը եղել է 2951 հազ․ մարդ և 1990-ի համեմատությամբ պակասել է 17.5%-ով։ Վրաստանի բնակչությունը դարձել է 3731 հազ․ մարդ՝ պակասելով 31.8%-ով, իսկ ահա Ադբեջանի բնակչությունն ավելացել է 38 %-ով՝ և հասել է 9942 հազ. մարդու (https://data.worldbank.org/indicator/SP.POP.TOTL)։ Այսինքն, Վրաստանի պարագայում Հայաստանի համեմատությամբ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի առաջանցիկ աճի սոսկ 14%-ն է բացատրվում բնակչության ավելի բարձր անկմամբ։ Այնուամենայնիվ, եթե ՀՀ ԱՎԿ թվերը ճիշտ լինեին, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն Վրաստանից 1.86 անգամ բարձր պիտի լիներ։ Ադրբեջանը, նկատի ունենալով բնակչության հավելաճը, նույն ցուցանիշով ՀՀ-ից պետք է պակաս լիներ 1.45 անգամ, մինչդեռ ավել է 1.2 և 1.8 (գնողունակության պարիտետով) անգամ։

ՌԴ և այլ երկրների հետ համեմատելիս նույնպես պարադոքսն աշխատում է. Հայաստանն իբր թե ավելի արագ է զարգանում, բայց բնակչության կենսամակարդակի առումով մեր ու դրանց տարբերությունը չի կրճատվում։
Հարց է ծագում. իսկ նման ավաղաղումները ինչպե՞ս են լուծվել ՀԲ տվյալների երկարաժամկետ բազայում։ Շատ պարզ։ Ետ են գնացել և իջեցրել բազային թվերը։ Այսպես, ըստ այդ բազայի (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD…, https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD…) 1990-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է Ադրբեջանի և Վրաստանի ՀՆԱ-երի ոչ թե 66%-ը (10 մլրդ ռ․ համապատասխանաբար 14.7 ու 15 մլրդ ռ․-երի դիմաց), այլ Վրաստանի 28.5%-ը ու Ադրբեջանի 25%-ը (2.2 մլրդ $-ը համապատասխանաբար 7.7 և 8.5 մլրդ դոլարի դիմաց)։ Ընդ որում, երբ 1990-ի ՀՆԱ-ները հաշվարկել են դոլարով, ապա Ադրբեջանի և Վրաստանի նկատմամբ համամասնությունները հիմնականում պահպանվել են, իսկ ահա Հայաստանի ՀՆԱ-ն դոլարով գնահատելիս ուղիղ 2 անգամ պակասեցրել են։ Ըստ ՀԲ ներկայացուցիչ Ժ.Մ.Հապիի մեզ ուղղված նամակի, 1990թ․ բազայի դոլարային հաշվարկներն արված են ՀՀ ԱՎԿ կողմից։ Արդյունքում, Հայաստանում, որը 1990-ին նշված երկրներից ավելի լավ էր ապրում, ըստ «նոր հաշվարկի» 1990-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 638$, Ադրբեջանինը՝ 1237$ և Վրաստանինը՝ 1615$։ Այսինքն, ըստ ՀԲ-ի (ավելի ճիշտ, ըստ ՀՀ ԱՎԿ-ի) 1990-ին հայերը վրացիներից վատ էին ապրում 2.5 անգամ, իսկ Ադրբեջանից՝ 2 անգամ։

Երևի բոլորն են հիշում, թե այն տարիներին ինչպես էին վրացական ու ադրբեջանական ավտոբուսներով մեր դրկիցները շաբաթ-կիրակի գալիս Երևան՝ առևտուր անելու։ Ի՞նչ է այս բոլորը նշանակում։ ՀՀ ԱՎԿ-ն ամեն տարի խեղաթյուրում է ՀՆԱ թվերը արդեն ավելի քան 20 տարի, շանս տալիս օրվա իշխանություններին գլուխ գովելու աննախադեպ տնտեսական աճի մասով և ապա ծածուկ իջեցնում բազային թվերը։ Այսինքն, կոմունիստների ժամանակ ստացված տնտեսական աճը խորամանկությամբ տրանսֆորմացնում են օրվա իշխանության հաշվին։ Ահա այսպիսի ահավոր հանցագործություն։

Ավելի ուշ մենք ցույց կտանք, թե ո՞ր ճյուղերում և որքա՞ն է կեղծել ԱՎԿ-ն տնտեսական աճը։

Ո՞վ և ե՞րբ պետք է լուծի այս թնջուկը։ Ե՞րբ է ՍՄ-ն հայտնվելու կալանավայրերում, ե՞րբ է իրական պայքար տարվելու կեղծիքների ու կոռուպցիայի դեմ։ Ե՞րբ է ՆՓ-ն դադարեցնելու տնտեսական կեղծ ցուցանիշների գովքը։
Շարունակելի․․․

https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/2837245242999642?__tn__=K-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829