ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսին լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարտի 1-ի զոհերի հարազատներից հետո ամենամեծ տուժածներից ինքը համարում է նաև իրենց ընտանիքը: Ըստ նրա՝ այդ ամենը նպատակաուղղված փորձեցին կապել իրենց հետ:
Լևոն Քոչարյանը հավաստիացրեց՝ այն դատավարությունը, որի ականատեսն ենք, կապ չունի զոհերի մահանալու հանգամանքները պարզելու հետ: Նա շարունակեց. «Սա քաղաքական մի գործընթաց է, որը քաղաքական, անձնական նպատակ է հետապնդում ամեն գնով կալանքի տակ պահել հորս»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ մարտի 1-ի որևէ զոհի հարազատների հետ հանդիպե՞լ է, նա պատասխանեց, որ որևէ զոհի հարազատի հետ չի խոսել: Հիշեցրեց՝ առաջին դատավարության ժամանակ լրագրողներն իրեն ասել են, որ նման ցանկություն կա, ինքն ասել է, որ խնդիր չկա, բայց հետո երևի, ըստ Լևոն Քոչարյանի, նրանք հետ են կանգնել: Նա վստահեցրեց՝ այնպես չէ, որ իրենք կապ ունեն այդ ամենի հետ, և իրենք մեղավորի դիրքերից պետք է գնան ու խոսեն և վստահեցրեց. «Ես, իմ ընտանիքը, հայրս ոչ մի առնչություն չունենք այդ զոհերի հետ: Իրենք փորձե՞լ են հարցեր ուղղել այսօրվա վարչապետին՝ ինչու էր այն ժամանակ կոչեր անում մարդկանց զինվել, ապստամբել, հրճվում էր, երբ ոստիկաններից խլվում էին վահանները, մահակները: Ինչո՞ւ էր ասում՝ էսօր պետք է ազատվել ղարաբաղցի տականքներից, վերջիվերջո, ինչո՞ւ թողեց փախավ այդ օրը, գոնե բարոյական առումով այդ հարցի պատասխանը ստացե՞լ են»:
Լրագրողները հիշեցրին՝ նախկին վարչապետները երաշխավորություն են պատրաստվում ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի համար և հարցրին՝ վստա՞հ եք, որ հետո կներկայանան դատարան, այդ թվում նաև Կարեն Կարապետյանը, ինչն անհրաժեշտ է, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Վարչապետների այդ անունները, որ հայտարարվել է, նրանց հետ համաձայնություն կա: Նրանք պատրաստ են գալ դատարան, և ենթադրում եմ, որ խնդիրներ չպետք է լինեն: Խորին շնորհակալություն եմ հայտնում այդ մարդկանց: Վստահ եմ, գիտեմ՝ պատկերացնում են, թե ինչ հարձակումների են ենթարկվելու»:
Լևոն Քոչարյանը վստահեցրեց՝ հանրաքվեի «ոչ»-ի ճակատի հետ կապ չունեն և շարունակեց. «Մենք ոչ-ի ճակատի հետ ոչ մի կապ չունենք: Նույնիսկ այնտեղ առաջին տասնյակում կան մարդիկ, որոնք ժամանակին եղել են Նիկոլ Փաշինյանի պաշտպանները: Դա բերել, կապել մեզ հետ, ճիշտ չէ: Ի սկզբանե սա հակասահմանադրական գործընթաց է, որի նպատակն է ազատվել ՍԴ-ի՝ իրենց համար ոչ ցանկալի կազմից. ուզում են ունենալ Վահե Գրիգորյանի նման անձանց»:
Կարդացեք նաև
Այն փաստին, որ Վերաքննիչ դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին՝ չտրամադրելով գործի նյութերի ողջ ծավալը, Լևոն Քոչարյանն այսպես արձագանքեց. «Դե, նախևառաջ, մեր չակերտավոր չքնաղ դատավորն էր՝ Արմեն Դանիելյանը: Բնական էր, որ այդպես էլ լինելու է: Օրինակ հետաքրքիր է նույն տուժողի իրավահաջորդները չե՞ն ուզում այդ նյութերը, իրենց համար էլ պետք է անհասկանալի լինի, թե ինչ կա այդ նյութերում, որ ոչ մի ձև չեն ուզում, որ իմանանք»:
Արցախում նախագահական ընտրությունների հետ կապված հարցերին ի պատասխան Լևոն Քոչարյանն ընդհանուր փոխանցեց. «Հորս դիրքորոշումն այն է, որ Արցախի նախագահ պետք է լինի 1990-ականների պատերազմով անցած մեկը: Նա այսքանն է ասել, ես այդ մասով ավելացնելու ոչինչ չունեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ