ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսին հայտարարեց, որ իրականում մարտի 1-ը տարիներ շարունակ ներկայացվել է միակողմանի՝ երկու կողմերից մեկի տեսակետները, և կարծիք հայտնեց, որ դա արվել է բացարձակ բարոյականության որևէ սահմանից դուրս, բացարձակապես հարմար քաղաքական նպատակներին:
Աղվան Վարդանյանը, վշտակցելով զոհվածների ընտանիքներին, ասաց, որ այս համաժողովի կազմակերպմամբ՝ նպատակ ունեն արձանագրելու՝ տեղի է ունեցել մեր պետության կյանքում ողբերգություն: Նա նշեց. «Եթե մենք փորձեինք նման միջոցառում իրականացնել մեկ տարի, մեկուկես տարի առաջ, հասարակական ընկալումը, տրամադրությունը, էյֆորիան այլ վիճակում էր. անհնար կլիներ խոսել իրականության և ճշմարտության մասին, թե ինչ է կատարվել մարտի 1-ին: Սա վկայում է, որ հասարակության շատ ավելի լայն շերտեր են այսօր տեսնում ճշմարտությունը, վստահեցնում եմ, որ այդ ճշմարտությունն ի վերջո ջրի երես է դուրս գալու, և արդարությունը հաղթելու է, նաև առաջին հերթին նախագահ Քոչարյանի պարագայում: Իսկ որ նա զուտ քաղաքական և անձնական շարժառիթներով է կալանավորված, և′ այս գործը, և′ զուգահեռ այլ գործեր դադարեցնում են Հայաստանին լինել իրավական պետություն. հիշեք նաև ՍԴ խնդիրները»:
Ամփոփելով խոսքը՝ Աղվան Վարդանյանը հայտարարեց. «Ինձ համար գոնե ակնհայտ է, եթե այդ օրը արտակարգ դրություն չհայտարարվեր և համապատասխան քայլեր չձեռնարկվեին, մենք կունենայինք շատ ավելի մեծ թվով զոհեր, և Երևանի առնվազն կենտրոնը կլիներ օրեր շարունակ այն իրավիճակում, ինչ տեսել էինք այդ մի քանի ժամվա ընթացքում: Երբ մարտի 1-ի դեպքերի ժամանակ տասը զոհից 2-ը ոստիկան է, իսկ 187 ոստիկան էլ մարմնական վնասվածքներ էր ստացել, խոսել խաղաղ ցուցարարների մասին, ուղղակի անհեթեթություն է: Խնդիրն այն է, տուժող ոստիկաններն ու քաղաքացիները, այսօր կարծես անմասն են այս բոլոր գործընթացներին: Մինչդեռ իրենք ևս պիտի հասկանան, որ լռելով, խուսափելով պատասխանատվությունից, միայն պատմության խեղաթյուրման, կեղծիքին են նպաստում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ