Լրահոս
Օրվա լրահոսը

«2019-ին կապիտալը հարաբերականորեն քիչ է հոսել Հայաստանից». Վիլեն Խաչատրյան

Փետրվար 29,2020 19:48

«Հայաստանի տնտեսական աճը, որը 2019-ին բավականին բարձր էր, և եթե դիտարկենք հարևանների և ԵԱՏՄ երկրների հետ, ապա հարաբերականորեն առավելություն ունենք: Անգամ 2020-ի համար Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսմամբ՝ տնտեսական աճը 4,8- 5 տոկոսի շրջանակում է»,- «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը:

Ըստ ԱՄՀ տվյալների՝ Ադրբեջանն ունի ավելի ցածր տնտեսական աճի տեմպեր: Տնտեսագետի կարծիքով՝ նավթի գների անկումը ևս կարող է ազդեցություն ունենալ: Անդրադառնալով ԵԱՏՄ երկրների հետ՝ Հայաստանի տնտեսական իրավիճակի համեմատությանը, տնտեսագետը հայտնեց. «Բելառուսում տնտեսական զարգացումները ևս բավականին մտահոգիչ են, քանի որ այստեղ գրեթե մեկ տոկոսի էլ չեն հասնում իրենց կանխատեսումների միտումները: Հարաբերականորեն ՌԴ-ի դիրքերը կարող են 2020-ին բարելավվել»:

Խոսելով ՀՀ տնտեսական աճի որակական ցուցանիշների մասին՝ Վիլեն Խաչատրյանը նշեց. «Եթե համեմատենք 2018-ի դեկտեմբերի 31-ը 2019-ի դեկտեմբերի 31-ի հետ, ընդամենը ներքին ու արտաքին պարտքի աճն ամբողջությամբ կազմում է  402 միլիոն դոլար, որից 253-252 միլիոն դոլարն արտաքին պարտքն է, 148 միլիոնը՝ ներքին պարտք: Սա նշանակում է, որ մենք քիչ պարտք վերցնելով ենք աճ ապահովել. սա դրական գործոն է»:

Տնտեսագետը հայտարարեց՝ ունենք ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն և պարզաբանեց. «Մենք ունենք արդեն արդյունաբերական ուղղվածության դիվերսիֆիկացված տնտեսություն, քանի որ արդյունաբերության տեսակարար կշիռը 12.1 տոկոս է, գյուղատնտեսությանը՝ 11.6 տոկոս: Այս ոլորտում անկման երևույթներն ունեն մի շարք պատճառներ. 2019-ը եղել է բնության համար բացասական տարի՝ հրդեհներ, գլոբալ տաքացում և այլ գործոններ»:

Տնտեսագետի հավաստմամբ՝ ունենք արտահանման, զբոսաշրջիկների թվի աճ: Նրա ներկայացմամբ՝ մոտ 243 հազար զբոսաշրջիկ Հայաստան է ժամանել, 245 հազարը՝ Հայաստանից մեկնել:

Կապիտալի ավելի քիչ արտահոսք է տեղի ունեցել Հայաստանից: Ներկայացնելով 2019-ի ցուցանիշները՝ տնտեսագետն ասաց. «2019-ին կապիտալը հարաբերականորեն քիչ է հոսել Հայաստանից: Էլի կան վտանգներ որոշ առումով, քանի որ փոփոխություններն այնպիսին են, որ իշխանությունները փորձում են կապիտալը պահել երկրում: Ավելի քիչ հոսելով՝ տնտեսական աճի ազդեցությունը եղել է ավելի բարձր, և այդ աճը մնացել է Հայաստանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829