ՀՀ կառավարության նիստերի դահլիճում փետրվարի 29-ին «Սոցիալական շարժման» 2-րդ ընդլայնված համաժողովին 20-ից ավելի սոցիալական նախաձեռնությունների ներկայացուցիչներ բարձրաձայնեցին իրենց խնդիրների մասին և ներկայացրին միասնական սոցիալական օրակարգ-պահանջագիր:
Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ մինչ համաժողովը տարբեր քննարկումներ են տեղի ունեցել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, որի նպատակն է եղել ՀՀ վարչապետին և կառավարությանը ներկայացնել միասնական օրակարգ:
Համաժողովին պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանը ներկայացրեց, որ արդեն ունեն արդյունքներ կապված զինծառայողներին առնչվող սոցիալական հարցերի լուծման հետ: Նա վստահեցրեց, որ այսօրվա դրությամբ կարելի է արձանագրել այն, որ զինված ուժերում այլևս զինծառայողներին չեն ներգրավում ոչ աշխատանքային օրերին, արձակուրդներն ամբողջությամբ են տրամադրվում, հակասահմանադրական է ճանաչվել այնպիսի օրենսդրական նորմը, որը հակաժողովրդական և հակասահմանադրական էր: Նա շարունակեց. «Այսօրվա դրությամբ օրինական ուժի մեջ է մտել զինծառայողներին չտրամադրված արձակուրդների փոխհատուցման որոշումը դատարանի կողմից: Այսուհետ կառավարությունը կձեռնարկի միջոցներ, որ զինծառայողներն առանց դատական քաշքշուկների ստանան իրենց հասանելի արձակուրդը»: Նա նաև խոսեց այն խնդիրների մասին, թե ինչու, զինծառայողը ստանալով իրավունք ձեռք բերել բնակարան, մինչ օրս վարձով է ապրում կամ զինծառայողն իրավունք ունի ստանալ դրամական միջոցներ, բայց ստիպված է բանկերի տոկոսների տակ մնալ:
Կարդացեք նաև
«Սոցիալական շարժման» անդամ, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց՝ լավ է, որ սոցիալական տարբեր խմբեր պայքարում են սեփական իրավունքների համար, բայց վատ է, որ այդ խնդիրները դեռ լուծված չեն: Այնուհետև հայտարարեց. «Սոցիալական իրավունքի պաշտպանության հետ կապված խնդիրները եթե լուծված լինեին, լուծվեին թռիչքային ձևաչափով, այն խնդիրները, որոնք ՀՀ-ում մարդկանց դեռ երկու տարի առաջ հանեցին ոտքի, սոցիալական վատ կենսակերպը, բացասական իրավիճակը, դժվար պայմանները, այսօր մարդիկ այստեղ չէին հավաքվի: Բայց քանի դեռ խնդիրը կա, ուրեմն անհրաժեշտ է գնալ դրա լուծման ճանապարհով»: Հետո էլ ասաց, թե ստիպված է մի քաղաքական հարցի անդրադառնալ ու պարզաբանեց. «Քաղաքական օրակարգ մենք չունենք, բայց եթե կա ծանր սոցիալական վիճակ, դա նշանակում է, որ անցյալի դրսևորում է: Եթե լուծումները չեն տրվում, նշանակում է՝ անցյալի դրսևորում է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ