Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկ չի խոսում, որ Համլետ Թադևոսյանի զրահաբաճկոնը գտնվել է». Հովհաննես Խուդոյանը՝ մարտի 1-ի տեղեկատվական կոնֆերանսին

Փետրվար 29,2020 16:55

«Երբ մարդիկ դիտում են այս ֆիլմը, որտեղ խրոխտ ձայնով փաստեր են փորձում հաստատել, առաջին հայացքից կարծես թե թվում է, որ ամեն բան տրամաբանական է: Բայց այդ փաստարկները ոչ թե բերվում են՝ ելակետերից դուրս գալով, այլ վերջնական արդյունք կա, և փորձում են փաստարկները վերջնական ցանկալի արդյունքին համապատասխանեցնել»,- «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը: Նշենք, որ փետրվարի 29-ին անցկացվող կոնֆերանսի ընթացքում ցուցադրվեցին Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմից հատվածներ, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դրվագ առ դրվագ վերլուծեցին այս ֆիլմի հատվածները, ներկայացրին փաստեր ու իրենց տրամաբանությունը, թե ինչու չի կարող իրականություն լինել այն, ինչ այդ ֆիլմում է ներկայացված:

Հովհաննես Խուդոյանը, փաստելով, որ ներկայացվում է, թե նռնակը չէր կարող նետված լինել ցուցարարների կողմից, քանի որ նետված նռնակի և գետնի հպման տեղում փոս պետք է առաջանար, բայց նման բան չի եղել, մի քանի հարց հնչեցրեց. «Օրինակ՝ ինչպե՞ս է որոշվել, որ նռնակը հպվել է գետնին: Բազմաթիվ վարկածներ կարող են լինել: Նռնակը կարող է դեռ պայթած լինել թռչելիս, կամ մեկը վերցրած լիներ, իսկ ինչպե՞ս է մասնագետը որոշել, որ նույնիսկ հպված լինելու դեպքում այդ փոսը պետք է առաջանար, ո՞րն է դրա տրամաբանական բացատրությունը»:

Հովհաննես Խուդոյանը նաև անդրադարձավ այն պնդումներին՝ համաձայն որոնց՝ նշվում է, որ որպես վկա ներգրավված մարդիկ գոնե պայթյունի պահը պետք է տեսած լինեին և նշեց. «Այս փաստարկը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Եթե ոչ ոք չի տեսել, ուրեմն պայթյուն չի՞ եղել: Ու եթե նույնիսկ որևէ անձ չի տեսել նռնակի պայթյուն, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ պայթյուն չի եղել: Հետևաբար ինչքանո՞վ կարող եք այս փաստարկը ողջամիտ համարել»:

Անդրադառնալով ֆիլմի այն հատվածին, որտեղ հեղինակը նշում է, որ Զարյա 2 հատուկ միջոցներից են հավաքի մասնակիցները մարտի 1-ին տուժել, Հովհաննես Խուդոյանն ասաց. «Դա լուսաձայնային նռնակ է, որի առանձնահատկությունն է ուժեղ կուրացնող լույս ու վախեցնող ձայն արձակելը: Եթե ընդունենք, որ դա պետք է լիներ Զարյա, շատ ավելի նկատելի պետք է լիներ մարդկանց համար, քան ինքնաշեն նռնակը»:

Անդրադարձ եղավ նաև այն փաստարկին, թե մարտի 1-ին զոհված ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար, կապիտան Համլետ Թադեւոսյանի զրահաբաճկոնը կորել է: Այս առիթով Հովհաննես Խուդոյանն ասաց. «Բայց ոչ մեկ չի խոսում, որ Համլետ Թադևոսյանի զրահաբաճկոնը գտնվել է: Ոչ մեկ չի ասում, որ այդ զրահաբաճկոնի իսկությունը ստուգելու համար անցկացվել են դատագենետիկական և կենսաբանական փորձաքննություններ, ինչը հաստատել է, որ այդ զրահաբաճկոնը Համլետ Թադևոսյանինն է: Ոչ մեկ չի նշում, որ հենց մետաղական բեկորներ են հայտնաբերվել ինչպես Համլետ Թադևոսյանի մարմնից, այնպես էլ հագուստներից և զրահաբաճկոնից, չեն ներկայացվել, որ բեկորային վնասվածքներ ստացած տասից ավելի ոստիկանների մարմիններից և հագուստներից հանվել են բեկորների մասեր, որոնք փորձաքննության արդյունքում համարվել են բեկորային նռնակներից առանձնացված բեկորներ: Մեկ անձի մարմնից հանված բեկորի մասին փորձագետն առավել հավանական նշել է հենց մարտական նռնակի կիրառությունը: Մի կողմից էլ ունենք, որ դա լուսաձայնային նռնակ է, որը չունի մետաղական բաղադրիչ, պայթուցիկի հատված այդքան չունի, որ այդքան բեկորների մասնատվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829