Լրահոս
Օրվա լրահոսը

Սթրեսը՝ դիմադրության փուլին մեջ (պատմվածք)

Փետրվար 29,2020 15:02

Առավոտյան առաջին դաս ունեի։ Համալսարանական հյուրանոցից դուրս գալիս աշխատակիցը հարցրեց.

-Խանո՛ւմ, դասի եք գնո՞ւմ։ Դաս չկա։

Զարմացա։ Ինչո՞ւ չկա… Երեկ եմ համալսարանում եղել։

-Այո՛, բայց այսօր արդեն չկա. կեսգիշերին են հեռուստացույցով հայտարարել։

Համալսարանական շրջափակում Սպահանի կյանքին գրեթե անհաղորդ եմ։ Անմիջապես գնացի Նոր Ջուղայի Ամենափրկչյան վանք՝ առաջնորդարան։ Զանգահարեցին Թեհրան՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն։ Չնայած բարեհաճությանն ու աջակցելու պատրաստակամությանը, հանդարտության հորդորին՝ վճռեցի առանց իսկ վայրկյան կորցնելու վերադառնալ Հայաստան։

Ահա և շարժվեց Սպահան-Թեհրան մասամբ դատարկ ավտոբուսը։ «Լավ է, կողքիս նստատեղը ազատ է, հանգիստ կարող եմ տեղավորվել»,- ու աղետից արդեն փրկվածի հանդարտությամբ պատուհանից հետևում եմ քաղաքի սահող պատկերներին։

Խցանված փողոցներում վարորդի օգնականը երբեմն-երբեմն բաց դռնից «Թեհրա՜ն, Թեհրա՜ն» է՛ստի համեցեք է գոռում։

Հուրախություն վարորդի՝ գիրուկ մի տիկին, ճեղքելով մեքենաների ստվար պատնեշը, իրեն նետեց դանդաղընթաց ավտոբուսի բաց դռնից ներս։
Վարորդի օգնականը նրան ուղեկցեց դեպի իմ կողքի նստատեղը։

Սելջուկյան մնացորդային դիմագծերով լայնածավալ տիկինը՝ լայնածավալ ժպիտը դեմքին, տեղավորվեց կողքիս և անմիջապես անցավ մտերմիկ զրույցի։

-Ո՞ւր եք գնում։

– Թեհրան, այնտեղից՝ Երևան,- պատասխանեցի փոխադարձ ժպիտով։

-Ա՜…, – սրտաբուխ ծիծաղեց նա,- ես էլ եմ գալիս Արմանիստան։

Որպես Լոռվա օդ ու ջրով մեծացած անհատ՝ հնարավոր համարեցի և իր նման ջերմ ու լայնաժպիտ, հյուրընկալ տանտիրոջ իրավունքով բարի գալուստ մաղթեցի։
Մեկ էլ տիկինս անկաշկանդ ոճով քրքջաց.

-Հո՛մ եմ գնում, Հո՛մ…

«Հոմ… Քոմ… Ղոմ…» ականջիս հնչեց որպես դատավճիռ՝ ջախջախելով լոռեցիությունս ու սիրալիրությունս։
Չգիտեմ՝ ինչ հայացքով նայեցի տիկնոջը, և նա, ի պատասխան դեմքիս արտահայտությանը, տեղից վեր կացավ և ի լուր ավտոբուսում գտնվողների՝ ճղճղալով բարձրաձայնեց.

-Ի՞նչ է, սարսափեցի՞ք, լեղաճա՞ք եղաք… Ոչ մի բան էլ չկա Հոմում, ամեն ինչ սո՛ւտ են ասում… սո՛ւտ… Նայե՛ք ինձ, ես հիվանդ տեսք ունե՞մ… ,- ու փափլիկ ձեռքերը թփթփացնում էր մարմնի գիրուկ մասերին։

Ուղևորներից ոչ մեկը չմիջամտեց լաչառաոճ մենախոսությանը։

Ես սսկված կատարեցի իմ գիտական եզրահանգումը։ Տիկնոջ վարքագիծը, մարմնի սելջուկյան ձևը, ձայնի տոնը, հնչյունական համակարգը հնդեվրոպական չեն։ Պարսկուհիները բարեկազմ են, մեղմ ու բարեկիրթ։ Ինչի համար այս մտքերը պաշարեցին ինձ՝ չգիտեմ։

Պաշտպանական ելույթից հետո տիկինը ավտոբուսի միջանցքում անկաշկանդ գնաց-եկավ, հանեց հեռախոսը, բզբզաց, ապա դիմեց հետևի շարքերում նստած տղամարդկանց։

-Հեռախոսս լիցքավորում չունի. մեկդ հեռախոս տվե՛ք՝ զանգահարեմ։

-Իմ հեռախոսն էլ լիցք չունի,- ցածրաձայն պատասխանեց տիկնոջ հայացքի պաշարման տակ ընկած տղամարդը։ Մյուսները լռեցին։ Պարսիկները շատ բարյացակամ են, սակայն ոչ մեկը չհամարձակվեց իր հեռախոսը տալ տիկնոջը։ «Հոմ» տեղանունը նրանց էլ էր սարսափեցրել։ Ես արդարացա՝ ասելով, որ հեռախոսս Հայաստանից դուրս չի բռնում։

Տիկինը լայնաժպիտ գրոհից հետո, մարմինը աջ ու ձախ ճոճելով, նստածներին հրմշտելով, մոտեցավ վարորդին և խնդրեց լիցքավորման դնել հեռախոսը։
Մինչ նա գնաց հեռախոսը լիցքավորելու, ես գլխաշորով ծածկեցի դեմքս, դիմակս ամուր հպեցի, քնած ձևացա՝ այդ կերպ փորձելով խուսափել սոդոմի զրուցասեր տիկնոջից։

Հոմի մասին մտքերը պաշարել էին ինձ։ Ա՜յ քեզ անհաջողություն։ Այս հսկայական Պարսկաստանում հենց Հոմ գնացողը պիտի կողքիս նստե՞ր։

Հոմը ճանապարհի կեսին է։ Բայց դե մինչև Թեհրան փրկություն չկա։ Տիկինը Հոմում կիջնի, մի այլ հոմեցի կբարձրանա։ Գոնե բարձրացողը տղամարդ լինի, իմ կողքին չեն նստեցնի (այս երկրում ընդունված չէ)։ Այդ հույսն էի փայփայում, երբ մեքենայի արգելակումից Գնդլիկը ուղղակի թրմփաց վրաս։ Չնայած գլուխս խփվեց ապակուն, ես «քնից» չարթնացա, բայց և առիթ ունեցա մեջքով շրջվելու «դատավճռից», գլխաշորս վահանավորեցի և սկսեցի հոգեթերապիա անել։

Մի որոշ ժամանակ անց՝ Գնդլիկս հեռախոսը վերցնելուց հետո, իրեն հարմար տեղավորվեց, ու սկսվե՜ց… այն, ինչից խորշում եմ, ինչը գրգռում է նյարդերս… կենցաղային միաբջիջ հեռախոսազրույցներ։ Տիկինը անընդմեջ զանգահարում և զանգահարվում էր (կրավորականի նոր ձև)… Իր կենցաղային մանրամասները մե՛րթ պարսկերեն, մե՛րթ թուրքերեն ճղճղան ձայնով թափում էր ուղևորների գլխին՝ այդ կերպ վրեժ լուծելով իրեն հեռախոս չտվածներից։

Ես սփոփում էի ինձ տարբեր լեզվաընտանիքների պատկանող պարսկերենի և թուրքերենի համեմատական վերլուծությամբ, ոչ ցեղակից լեզուների՝ Հոմի տարածքին բնորոշ բարբառային հատկանիշները դասդասելով, պարզունակ բառապաշարի ու հասարակաբանությունների լեզվաոճական քննությամբ, նոստրատիկ ընդհանրություններն առանձնացնելով… Բայց դա էլ չէր օգնում։

Ակնհայտ էր, որ տիկինը դիտավորյալ է անում։ Պարսկաստանում ընդունված չէ բարձրաձայն խոսելը, մանավանդ հասարակական վայրերում հեռախոսով զազրաբանելը։ Սակայն ոչ մեկը ձայն չէր հանում, դիտողություն անող, կարգի հրավիրող չեղավ։ Բոլորն անձայն համակերպվել էին տիկնոջ՝ սթրեսից դուրս գալու յուրօրինակ եղանակին։

Չգիտեմ ինչքան էր անցել (ինձ համար տաժանակիր ժամեր), ապակու արտացոլանքի մեջ նկատեցի, որ կինը ջրով բաժակը շրջեց վրան։ Հետո տիրեց լռություն։ Երբ լռությունը երկարեց, ես գլխաշորիս տակից գողունի նայեցի կողքս, ու ինչպիսի՜ երջանկություն… տիկինը չկար։
Մի քանի րոպե հետո համարձակվեցի ետ նայել։ Գնդլիկը, խախտելով Պարսկաստանում ընդունված կարգը, լուռ նստած էր մի տղամարդու կողքին։ Մեր հայացքները հանդիպեցին։ Նրա աչքերում վախվորած թախիծ ու հանդիմանություն կար։

Հետո դարձյալ՝ զա՜նգ, զա՜նգ, զա՜նգ…. տափակաբանություն ու զազրախոսություն… սակայն այս անգամ արդեն ինձ համար ավելի ապահով, մի երկու-երեք շարք հեռավորությունից։ Մանրամասնորեն ծանոթացա Գնդլիկի տան անդամներին՝ անուն առ անուն, իմացա նրանց գտնվելու վայրի, այդ պահի զբաղմունքի, բոլոր հարազատների ու հարևանների եփած ճաշերի, Նովրուզի նախապատրաստությունների, լվացքի հաճախականության, աման-չամանի տեղաշարժերի, միրգ-բանջարեղենի գների ու հազար ու մի բանի մասին։ Սակայն ոչ մի խոսք համաճարակի մասին։ «Սո՛ւտ է»,- սահմանել էր իր համար Գնդլիկը։

Մղձավանջային ժամերն անցան։ Ահա և տարածաշրջանը սասանած Հոմ-Քոմ-Ղոմը։

Գնդլիկը հաղթականորեն առաջ գնաց՝ իջնելու։
Մեքենայի դուռը բացվեց։ Լսվեց մի անպարկեշտ քրքիջ.

-Ես իջնո՜ւմ եմ, իջնո՜ւմ, վախկոտնե՛ր… հանգիստ շո՜ւնչ քաշեք, առողջությո՜ւն բոլորիդ…

 

Հայկանուշ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Բ․Գ․Թ․, ԴՈՑԵՆՏ

ՀՀ ԳԱԱ Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎ․ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել