Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը միգրացիոն հոսքերի շրջապտույտում․ մարտահրավե՞ր, թե՞ հնարավորություն

Փետրվար 29,2020 14:26

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1988թ․-ից ի վեր մի շարք վանող գործոնների ազդեցության արդյունքում Հայաստանի միգրացիոն գործընթացները լրջագույն փոփոխությունների ենթարկվեցին։

Արցախյան գոյամարտը, աղետալի երկրաշարժը, ԽՍՀՄ փլուզումը, արտադրական հզոր ձեռնարկությունների գործունեության դադարեցումը, տնտեսության անցումը շուկայականի, շրջափակումը, բնակչության միանգամից ունեզրկումը հանգեցրեցին Հայաստանից էմիգրացիոն մեծ հոսքերի։ Տարբեր աղբյուրների ներկայացմամբ՝ 1988թ․-ից մինչ օրս երկրից անվերադարձ հեռացել է շուրջ 1․200․000 անձ։ 1988-1994թթ․ համարվում են նաև ուղեղների արտահոսքի շրջան։

ՀՀ կառավարությունն առաջին անգամ 2000թ․ սահմանեց Հայաստանի Հանրապետությունում բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգ։ 2000-2004թթ․ դրվեցին միգրացիայի ոլորտում ՀՀ ազգային օրենսդրության հիմքերը, և ՀՀ-ը միացավ միգրացիան կանոնակարգող մի շարք միջազգային կոնվենցիաների:

Միգրացիոն իրավիճակի տեսանկյունից Հայաստանի համար հիմնական մարտահրավեր է մնում բնակչության թվաքանակի նվազումը: Ընդհանրապես չկա միգրացիոն հոսքերի համապարփակ և ամբողջական վիճակագրություն, որը ցույց կտա թե՛ միգրացիոն շարժերը, թե՛ դրանց ընթացքը, և շատ դժվար է այդպիսի պատկեր ունենալ։ Այդ նպատակով սովորաբար օգտագործվում է սահմանահատումների վիճակագրությունը, ժողովրդագրության համար՝ մարդահամարի տվյալները։ Ուստի այստեղ օգնության են գալիս հետազոտությունների արդյունքները, որոնք 2013թ․-ից կանոնավոր կերպով իրականացվում են նաև պետական ֆինանսավորմամբ։

ՀՀ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ բնակչության թվաքանակը 2000թ. 3,226.90 հազ. բնակչից 2016թ. դարձել է 2,998.3 հազ. բնակիչ՝ 16 տարվա մեջ նվազելով մոտավորապես 228.3 հազ. բնակչով:

Համաձայն 2013թ., 2015թ., 2016թ․, 2017թ․, 2019թ․ իրականացված ընտրանքային հետազոտությունների արդյունքների՝ 2007-2016թթ. ընթացքում արձանագրվել է միգրացիոն արտահոսքի ծավալների որոշակի աճ, 2007-2012թթ.՝ տարեկան միջին հաշվով մոտ 30 հազար մարդ, 2013-2014թթ.՝ տարեկան միջին հաշվով մոտ 35 հազար մարդ [1], 2014-2015թթ․՝ տարեկան միջին հաշվով մոտ 37 հազար մարդ [2], 2016-2017թթ․ այդ թիվը դարձել է տարեկան միջին հաշվով մոտ 44,3 հազար մարդ[3], 2018թ․-ից սկսած նվազման միտում է նկատվում, 2019թ․ շարունակվել է այդ միտումը, տարեկան միջին հ աշվով մոտ 20 հազար մարդ [4] ։

2019թ․ նվազել է նաև միգրացիոն տրամադրվածությունը մարդկանց մոտ՝ 2017թ․՝ 4,3%, 2019թ․՝ 1,6%։

ԷՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԸ ՀՀ-ԻՑ

Ինչ ասել է էմիգրացիա կամ արտագաղթ։

Էմիգրացիան (արտագաղթ) մարդկանց տեղաշարժն է իրենց հիմնական բնակության երկրից  այլ երկիր աշխատանք գտնելու, բնակվելու կամ հալածանքներից խուսափելու նպատակով։

Անկախությունից ի վեր ՀՀ-ից մշտապես մեկնող էմիգրացիոն հոսքերի ծավալների աճը հանգեցրել էր նրան, որ ՀՀ-ում միգրացիայի մասին խոսելիս անդրադարձ էր կատարվում միայն էմիգրացիային կամ արտագաղթին, ինչն իրականում միգրացիոն հոսքերի արտաքին ուղղության մի կողմն է միայն։ Էմիգրացիայի կամ արտագաղթի մեծ տեմպերը բնորոշ են հատկապես զարգացող երկրներին։ Էմիգրացիոն հոսքերը կառավարելը բարդ է, քանի որ այն առնչվում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներին՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, կրթա-մշակութային և այլն։ Հետևաբար, էմիգրացիոն հոսքերը նվազեցնելու համար անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել վերոնշյալ ոլորտներում։

ՀՀ-ից էմիգրացիոն հոսքերի հիմնական մասը կազմում են սեզոնային աշխատանքային միգրանտները։ Համաձայն 2017թ․ և 2019թ․ իրականացված «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը» հետազոտությունների տվյալների՝  2017թ․ արտագնա աշխատանքներն ապահովում էին երկրի բնակչության աշխատանքային զբաղվածության շուրջ 15%-ը [5],  2018թ․՝ 10%-ից քիչ ավելին [6]։

ՀՀ-ից մեկնող էմիգրացիոն հոսքերի մեջ 93%-ը կազմում են աշխատանքային միգրանտները։ Իսկ աշխատանքային միգրանտների 89%-ը մեկնում են ՌԴ։ Հետևաբար ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումները, ՌԴ տնտեսության վիճակի տատանումներն անմիջական ազդեցություն են ունենում ՀՀ-ից էմիգրացիոն հոսքերի վրա։

ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտները հիմնականում ոչ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, որոնք զբաղված են շինարարության և ծառայությունների ոլորտներում։ Բարձր որակավորում ունեցող մասնագետները հիմնականում մեկնում են ԵՄ երկրներ։ Վերջին 2-3 տարիների ընթացքում աշխատանքային միգրացիայի նոր ուղղություն է դարձել Չինաստանը։ Այս ուղղությամբ մեկնում են օտար լեզուների մասնագետները (անգլերեն, ռուսերեն) և արվեստի (պար, նկարչություն, երաժշտություն) ու սպորտի բնագավառի աշխատողները։

Ըստ տարբեր տվյալների՝ աշխատանքային միգրացիայի արդյունքում արտերկրից դրամական փոխանցումները տարեկան կազմում են ՀՀ ՀՆԱ-ի 12%-16%-ը [7]։ Փաստորեն աշխատանքային միգրացիան ՀՀ տնտեսության ոչ ֆորմալ ճյուղերից մեկն է։ Չնայած դրամական փոխանցումների ծավալին՝ այդ գումարների հիմնական մասը բաժին է ընկնում մարդկանց առօրյա, կենցաղային խնդիրները լուծելուն։ 2016թ․-ից սկսած նվազել են կրթության և առողջապահության վրա ծախսվող միջոցները, առավել քիչ են այդ գումարներից իրականացվող ներդրումները բիզնեսի ստեղծման կամ զարգացման համար [8]։

Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ արտերկրից մուտքեր ունեցող անձանց զգալի մասը ցանկանում է բիզնես ներդրումներ կատարել, սակայն նշել են, որ խոչընդոտները շատ են։ Որպես այդպիսիք նշել են «սեփական միջոցների անբավարարությունը» և «հարկային բեռը» [9]։ Էմիգրացիոն հոսքերի մյուս հատվածը մեկնում է ԵՄ երկրներ ապաստան հայցելու համար։ Ապաստանը որևէ  երկրի  կողմից օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց շնորհված պաշտպանություն է [10]:

Ապաստան  տրամադրվում  է  այն  անձանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը կրոնական, ռասայական, ազգային, քաղաքական հայացքների, սոցիալական որոշակի խմբի պատկանելության համար հետապնդումների կամ իրենց կյանքին կամ ազատություններին լուրջ վտանգ սպառնալու հետևանքով։

Տնտեսական  վատ պայմանները՝ աշխատանքի բացակայությունը, կամ ցածր  վարձատրությունը, կամ  սոցիալապես  անապահով վիճակում  գտնվելն ապաստանի տրամադրման համար հիմք չեն կարող ծառայել։

Մեր հայրենակիցների մեծ մասը փորձում է ապաստանի ինստիտուտն օգտագործել ԵՄ երկրներում օրինական կացություն ստանալու կամ անվճար, այսինքն ապաստան տրամադրող պետության բյուջեի հաշվին բուժում ստանալու համար, ինչը ոչ միշտ է հաջողվում։ Որպես կանոն՝ ԵՄ երկրներ մեկնող միգրանտները վաճառում են իրենց ունեցվածքը, տունը, պատկերավոր ասած՝ «այրում են վերադարձի բոլոր կամուրջները» և մեկնում մի տեղ, որտեղ նրանց չեն սպասում։ Երկար փորձությունների միջով են անցնում կարգավիճակ և օրինական կացություն ստանալու համար։ Չհաջողելու դեպքում ստիպված են լինելու վերադառնալ Հայաստան, որտեղ այլևս չունեն ոչ կացարան, ոչ էլ ապրուստի միջոցներ։

Քանի որ ՀՀ-ից մեկնող և ապաստանի համար դիմողները հիմնականում տնտեսական միգրանտներ են (այսինքն չի հաստատվում նրանց հետապնդման ենթարկվելու փաստը), ուստի նրանց դիմումները մերժվում են։ Հաճախ մեր հայրենակիցները կեղծ տվյալներ են ներկայացնում ընդունող երկրի պատկան մարմիններին։

Ապաստանի  ձեռքբերման համար կեղծ տեղեկություններ ներկայացնելը ևս հիմք է հայցի մերժման համար։

Մերժումը ստանալուց հետո ապաստան հայցողն իրավունք ունի դիմելու դատարան և բողոքարկելու այդ որոշումը։ Այս գործընթացն ընդամենը ձգձգում է միգրանտի վերադարձը և նրանից խլում ֆինանսական միջոցներ ու տալիս կեղծ հույսեր։ Որպես կանոն՝ ի վերջո, դատական բոլոր ատյաններում գործը քննելուց հետո միգրանտին, այնուամենայնիվ, վերադարձնում են ծագման երկիր։ Որոշ միգրանտներ այդ ընթացքում մեկնում են ԵՄ այլ երկրներ և փորձում այնտեղ ապաստանի դիմում ներկայացնել։

Եթե  անձն  ապաստանի հայց  է ներկայացրել ԵՄ  անդամ  որևէ  պետությունում, ապա չի կարող նոր հայց ներկայացնել ԵՄ անդամ այլ երկրում։

Առանց օրինական կացության իրավունքի արտերկրում գտնվող միգրանտները դառնում են անօրինական կամ անկանոն միգրանտ դրանից բխող բոլոր հետևանքներով՝ անօրինական աշխատանք, շահագործման վտանգ, ձերբակալվելու վտանգ, լավագույն դեպքում՝ արտաքսում (դեպորտացիա)։

        ՌԵԱԴՄԻՍԻՈՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ, ՎԵՐԱԴԱՐՁ, ՎԵՐԱԻՆՏԵԳՐՈՒՄ

2017թ․ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ԵՄ անդամ 28 երկրների և ՀՀ-ի միջև կնքվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը, որը 2018թ․ ապրիլի 18-ին վավերացվեց ՀՀ ԱԺ-ի կողմից։ Այս համաձայնագրով տրվեց մեկնարկ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության համար։

Վիզաների ազատականացման համար առանցքային նախապայման է ԵՄ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացի անօրինական միգրանտների հետընդունումը ՀՀ-ի կողմից։ Այս նպատակով դեռևս 2013թ․ կնքվել էր ՀՀ-ԵՄ հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2014թ․։

Ի՞նչ է ռեադմիսիան կամ հետընդունումը, և ո՞ւմ է այն վերաբերվում։

Ռեադմիսիան պետության թույլտվությունն է անձին (իր քաղաքացիներին, երրորդ երկրի քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց) կրկնակի մուտք գործել իր երկիր: Դա վերաբերում է այն անձանց, ովքեր հետ են ուղարկվում այն պետությունից, որտեղ  նրանք անօրինական են մուտք գործել կամ անօրինական են բնակվել:

Ռեադմիսիան կիրառվում է արտաքսման ենթակա այն անձանց նկատմամբ,

  • որոնց քաղաքացիության  կամ մշտական բնակության  պետությունը  հայտնի չէ։
  • որոնց վերադարձի վկայականի ձևակերպման համար անհրաժեշտ է ստանալ նրանց  քաղաքացիության  պատկանելության վերաբերյալ  հավաստում։
  • որոնք երկար ժամանակ գտնվել են ազատազրկման վայրերում։
  • որոնք հետաքրքրություն են ներկայացնում Հայցվող կողմի իրավապահ մարմինների համար /օրինակ, գտնվում   են   հետախուզման  մեջ/։
  • Վերադարձից հետո հատուկ խնամքի կամ հսկողության կարիք ունեն /օրինակ, առանց ուղեկցության անչափահաս, հաշմանդամ և այլն/։

Անձինք, որոնց նկատմամբ սկսված է ռեադմիսիայի գործընթաց, կարող են պահվել  հատուկ կենտրոններում (ՀՀ-ում նման կենտրոններ չկան, և նման պրակտիկա չի կիրառվում)։

Ռեադմիսիոն  համաձայնագրերի նպատակն է՝

  • երկրի տարածքում օրինական գտնվելու հիմքեր չունեցող անձանց իրենց ծագման կամ իրենց  վերջին բնակության  երկիր վերադարձի  հեշտացումը,
  • վերադարձի գործընթացում պետությունների առջև ծագող հիմնախնդիրների լուծումը,
  • վերադարձի արդյունավետ գործընթացի  կազմակերպումը,
  • այս ոլորտում  հիմնախնդիրների առաջացման կանխարգելումը։

2010-2018թթ. ընթացքում ԵՄ անդամ պետություններում ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացվել է 57250 ապաստանի հայց։ Վերջնական որոշումների հիման վրա 1080 ՀՀ քաղաքացիների շնորհվել է փախստականի կարգավիճակ, 1015-ին՝ հումանիտար պաշտպանության կարգավիճակ և 880 -ին  էլ՝ օժանդակ պաշտպանության կարգավիճակ։ ԵՄ անդամ երկրներում հայտնաբերվել են 25435 անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիներ։ ԵՄ անդամ պետություններում ընդունվել է 46945 ՀՀ քաղաքացիների վերադարձնելու մասին որոշում։ ԵՄ անդամ պետություններից փաստացի Հայաստան են վերադարձվել 12050 ՀՀ քաղաքացիներ[11]։ Հայցերի և վերադարձի հիմնական մասը բաժին է ընկնում Գերմանիային և Ֆրանսիային։

Ի՞նչ է վերադարձը կամ վերադարձի միգրացիան։

Վերադարձի միգրացիան անձի ծագման երկիր կամ առավելապես բնակվելու վայր վերադարձող անձի տեղաշարժն է, սովորաբար առնվազն մեկ տարի այլ երկրում անցկացնելուց հետո։ Վերադարձի միգրացիան լինում է կամավոր կամ հարկադիր:  Կամավոր վերադարձն աջակցվող կամ ինքնուրույն վերադարձ ծագման է, տարանցման կամ որևէ այլ երկիր՝ վերադարձող անձի ազատ կամքի հիման վրա: Հարկադիր վերադարձը՝ անհատի ստիպողական վերադարձն է ծագման, տարանցման կամ երրորդ երկիր՝ վարչական կամ դատական ակտի հիման վրա [12]։

Որո՞նք են ԵՄ երկրների կողմից ՀՀ քաղաքացիների վերադարձի պատճառները։

  • Կապված Սիրիական ճգնաժամի և փախստականների՝ դեպի ԵՄ երկրներ մեծ հոսքի հետ՝ ԵՄ անդամ երկրները 2015թ․-ից խստացրեցին միգրացիոն քաղաքականությունը:
  • Հայաստանը որպես «ապահով» երկիր է ճանաչվել ԵՄ անդամ մի շարք երկրների կողմից, օրինակ, Բուլղարիա, Նորվեգիա, Ֆրանսիա:
  • Հայաստանից մեկնած միգրանտները հիմնականում տնտեսական միգրանտներ են և չեն բավարարում «Փախստականների կարգավիճակի մասին 1951թ․ կոնվենցիայով» սահմանված ապաստանի կամ փախստականի կարգավիճակ տրամադրելու անհրաժեշտ պայմաններին:
  • Հումանիտար (օրինակ, առողջական խնդիրներով անձինք) կամ ժամանակավոր/օժանդակ պաշտպանության կարգավիճակ ստացած միգրանտների վերադարձը։

Հայաստանում այսօր մշակվում է ինտեգրման և վերաինտեգրման միասնական ռազմավարություն և  դրա իրականացման միջոցառումների ծրագիր, որի թիրախ խմբերից  մեկը  վերադարձող ՀՀ  քաղաքացիներն են  և նրանց վերաինտեգրման խնդիրները։  Արդեն պատրաստ է «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի» նախագիծը։ 2019թ․ փետրվարից Միգրացիոն ծառայությունում  գործում է Վերադարձի և վերաինտեգրման բաժին։

Ի՞նչ է վերաինտեգրումը։

Վերաինտեգրումն անձի կրկին ընդգրկվելը խմբի կամ գործընթացի մեջ կամ կրկին միավորվելը խմբին կամ գործընթացին, օրինակ, միգրանտի կրկին ընդգրկվելն է իր ծագման երկրի կամ սովորաբար բնակվելու վայրի հասարակությունում կամ կրկին միավորվելն է այդ հասարակությանը[13]։

Վերադարձ ենթադրող միգրացիայի համատեքստում գոյություն ունեն հետևյալ հասկացությունները՝

  • մշակութային վերաինտեգրում
  • սոցիալական վերաինտեգրում
  • տնտեսական վերաինտեգրում։

Կամավոր վերադարձի դեպքում նպատակակետ        երկրները (ՀՀ-ի պարագայում հիմնականում ԵՄ երկրները) վերադարձի հետ միասին որոշակի ֆինանսական աջակցություն են տրամադրում միգրանտներին ծագման երկրներում վերաինտեգրվելու համար: Հաշվարկված է, որ դա ավելի քիչ ծախսատար է, քան հարկադիր վերադարձի համար հատուկ կացարանների ստեղծումը, պատասխանատու աշխատակիցների նշանակումը և ոչ կամավոր վերադարձի մեխանիզմների ստեղծումը։ Հարկադիր վերադարձի դեպքում ֆինանսական աջակցություն նախատեսված չէ:

Պետք է նշել, որ վերադարձի և վերաինտեգրման աջակցության ծրագրերը մեծամասամբ իրականացվում են միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից.

  • Միգրացիայի միջազգային կազմակերպություն (IOM),
  • Ֆրանսիայի միգրացիայի և ինտեգրման գրասենյակ (OFII),
  • Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանց (ERRIN Հայաստան)
  • Հայկական Կարիտաս։

Ներկայումս գործում են վերաինտեգրման 9 ծրագրեր, որոնցից 7-ի շահառուները կարող են դառնալ միայն կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիները, իսկ 2-ինը՝ նաև հարկադիր վերադարձողները:

Միգրացիոն ծառայությունում գործող «Մեկ պատուհան» վերաինտեգրման ծառայությունն իրականացնում է խորհրդատվության տրամադրում և ուղղորդում։

ԴԵՊԻ ՀՀ ԻՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԸ

Ի՞նչ է իմիգրացիան կամ ներգաղթը։

Իմիգրացիան (ներգաղթ) մարդկանց մուտք գործելն է իրենց երկրից տարբեր  մեկ  այլ  երկիր աշխատանք գտնելու, բնակվելու  կամ  հալածանքներից  խուսափելու  նպատակով:

ԽՍՀՄ վերջին  և անկախության առաջին տարիներին ՀՀ-ը բախվեց ներգաղթի մեծ ալիքի հետ։ 1988-1994թթ․ ՀՀ-ն ընդունեց շուրջ 420․000 անձանց, որոնցից 360․000-ն Ադրբեջանից բռնագաղթվածներն էին [14]։ Երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակը և ընթացող Արցախյան գոյամարտը լրջագույն խոչընդոտներ էին ստեղծում ՀՀ-ում ներգաղթյալների ինտեգրման և նրանց հիմնախնդիրները լուծելու համար։

Միայն 1999թ․-ից ազգային օրենսդրությամբ սկիզբ դրվեց միջազգային պաշտպանության կարիք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանում պաշտպանության տրամադրմանը: 1999թ․-ից ՀՀ-ում ապաստան հայցողների միջին թվաքանակը տարեկան կազմում է 80-100 անձ: Տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտությունների հետևանքով ապաստանի հայցերի թիվն առանձին տարիներին կտրուկ ավելացել է մինչև 5-6 անգամ: Իրաքյան ճգնաժամի պատճառով (սկսած 2002թ.-ից)` 1450, իսրայելալիբանանյան հակամարտության հետևանքով (2006թ.)` 1234, վրաց-օսեթականի (2008թ.)` 207, ռուս-ուկրաինականի (սկսած 2014թ.-ից)` 255 և վերջապես Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով ՀՀ ժամանած շուրջ 22.000 սիրիացիներից 1118-ը ՀՀ-ում ստացել են փախստականի կարգավիճակ [15]:

Պետք է նշել, որ վերը թվարկված հակամարտությունների արդյունքում ՀՀ ժամանող օտարերկրացիների մեծ մասն ազգությամբ հայեր են (ինչպես օրինակ սիրիացիների դեպքում)։ Նրանք հնարավորություն ունեն պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու։

Սիրիական պատերազմի հենց սկզբից ՀՀ իշխանությունները որոշում կայացրեցին քաղաքացիություն շնորհել Սիրիայում բնակվող ազգությամբ հայերի հենց Սիրիայում, առանց ՀՀ գալու։ Այս որոշման նպատակն էր օգնել սիրիահայերին, ովքեր չունեին արտաքին անձնագիր և չէին կարող լքել երկրի սահմանները։ Այս քաղաքականության արդյունքում փրկվեցին բազմաթիվ մարդկանց կյանքեր, որոնք հնարավորություն ստացան լքելու պատերազմի մեջ գտնվող Սիրիան։ Սակայն, չնայած այն հանգամանքին, որ նրանցից շատերը երբևէ չէին եղել ՀՀ-ում և միայն պատերազմի մեջ գտնվող երկրի տարածքը լքելու համար էին ձեռք բերել ՀՀ անձնագիր, դա նրանց համար անհնար դարձրեց ԵՄ երկրներում փախստականի կարգավիճակ ստանալու հնարավորությունը։ ԵՄ երկրները նրանց դիմումները մերժելուց հետո վերադարձրեցին նրանց ՀՀ, որտեղ նրանք այլևս ՀՀ քաղաքացի էին, սակայն փախստականի կարգավիճակում հայտնված։

Բարեբախտաբար միջազգային հանրությունը հաշվի առավ այս իրողությունը, և սիրիահայերը կարողացան ընդգրկվել աջակցության ծրագրերի մեջ։

Սիրիահայերի ինտեգրումը շատ ավելի դյուրին ընթացավ, քան, օրինակ, ադրբեջանահայերինը։ Վերջիններս չնայած ավելի քան 30 տարի ապրում են ՀՀ-ում, սակայն չեն ցանկանում դառնալ, օրինակ, ՀՀ քաղաքացի։

ՀՀ գալու հենց սկզբից առաջին շոկը հաղթահարելուց հետո սիրիահայերի մեծ մասն սկսեց աշխատանք փնտրել կամ հնարավորություն՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար։ Սկզբնական շրջանում դժվար էր, քանի որ նրանցից շատերն ունեին այնպիսի մասնագիտություններ, որոնք պահանջված չէին ՀՀ աշխատաշուկայում, կամ շուկան  շատ փոքր էր ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար (Սիրիայի հետ համեմատած)։ Նրանց մի զգալի մասը վերամասնագիտացավ, կանայք դարձան հմուտ տնայնագործներ և բացահայտեցին իրենց բիզնես ներուժը, ՀՀ-ի ծառայությունների ոլորտում նոր մշակույթ ձևավորեցին։ Սակայն պետք է նշել, որ մինչ օրս համակարգային լուծումներ տրված չեն սիրիահայերի ինտեգրման հիմնախնդրին։

Պետք է նշել, որ սիրիական հակամարտության սկզբին ՀՀ-ը պատրաստ չէր ընդունելու այսպիսի մեծ չափի ներգաղթյալների, ուստի ՀՀ կառավարությունը սկսեց արագ և ըստ անհրաժեշտության, այսրոպեական աջակցության որոշումներ ընդունել։

Մինչ օրս մենք չունենք խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլան (աղետների հետ կապված ԱԻՆ-ը ներկայումս շրջանառության մեջ է դրել իր կողմից մշակված նախագիծը)։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանը, այնտեղ ընթացող գործընթացները և ազգությամբ հայերի հնարավոր ներգաղթը Հայաստան՝ պետք է օր առաջ այդպիսի ռազմավարություն ունենալ։

Իմիգրացիոն հոսքերի մեկ այլ տեսակն աշխատանքային իմիգրացիան է, որին ՀՀ-ը բախվեց հատկապես վերջին 2 տարվա ընթացքում, ինչն արդյունք է 2017թ․ ՀՀ կառավարության կողմից ընդունված  2 որոշումների, որոնցով դյուրացվում էր մուտքի վիզայի տրամադրումը  Հնդկաստանի քաղաքացիների համար։

2018թ․ ՀՀ է մուտք գործել 31․213 Հնդկաստանի քաղաքացի, իսկ ՀՀ-ից մեկնել է 27․490։  2019թ․ ՀՀ է մուտք գործել 38․735 Հնդկաստանի քաղաքացի և մեկնել է 39․181-ը, այսինքն 446 անձ ավելին է մեկնել, քան եկել են ՀՀ [16]։

Օտարերկրացիները, այդ թվում Հնդկաստանի քաղաքացիները,  ՀՀ-ում աշխատելու համար պետք է ունենան աշխատանքի թույլտվություն։ Աշխատանքի թույլտվության համար գործատուն դիմում է ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության Աշխատանքային միգրացիայի բաժին։ Դիմելուց հետո գործակալությունը փորձում է ներկայացված թափուր աշխատատեղը համալրել նախ ՀՀ քաղաքացի գործազուրկների միջոցով և միայն համապատասխան աշխատող չգտնելու դեպքում տալիս է թույլտվություն տվյալ աշխատանքի համար օտարերկրյա քաղաքացի վերցնելու համար։

Օտարերկրացիները ՀՀ-ում բնակվելու համար պետք է ստանան կացության կարգավիճակ։ Կացության կարգավիճակները երեքն են՝ ժամանակավոր, մշտական, հատուկ։

2019թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում վավեր կացության կարգավիճակ ունեցել է 16․648 օտարերկրացի, որից ժամանակավոր (մինչև 1 տարի)` 5000, մշտական (մինչև 5 տարի)` 7482, հատուկ (մինչև 10 տարի)՝ 4166։

Ժամանակավոր կացության կարգավիճակ (մինչև մեկ տարի ժամկետով) ունեցողների 54%-ն այն ստացել է «ուսման» հիմքով, 22%-ը՝ «աշխատանքի» և 20%-ը՝ «ընտանիքի վերամիավորման»։

ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող 5000 անձանցից 1562-ը եղել են Հնդկաստանի քաղաքացիներ, որոնցից 1․325-ն ուսանողներ են։

Մշտական կացության կարգավիճակ ունեցողների 62%-ն այն ստացել է «ազգությամբ հայ լինելու հիմքով», 37%-ը՝ «առնվազն 3 տարի բնակվելու հիմքով»։

Մշտական կացության կարգավիճակ ունեցող 7482 անձանցից 3680-ը եղել են ՌԴ քաղաքացիներ, և միայն 66-ն են եղել Հնդկաստանի քաղաքացիներ։

Հատուկ կացության կարգավիճակ ունեցող 4166 անձանց բացարձակ մեծամասնությունը՝ 4148 անձ, այն ստացել է «ազգությամբ հայ լինելու հիմքով» [17] ։

Նշեմ, որ աշխատանքային իմիգրացիան առավելապես հատուկ է զարգացած երկրներին, և նրանք իրենց միգրացիոն օրենսդրությունը մշակում են՝ ելնելով իմիգրացիոն հոսքերից։

Բնական է, որ Հայաստանի համար սա նոր իրողություն է, և ՀՀ-ն պետք է հարմարվի ու մշակի համապատասխան քաղաքականություն։ Օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի թույլտվության կարգի բարելավման ուղղությամբ արդեն ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ։

 ԱՄՓՈՓՈՒՄ ԿԱՄ ՄԻԳՐԱՑԻԱ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Այսօր ամբողջ աշխարհում կարևորվում է միգրացիայի դերը միգրանտների ծագման երկրների զարգացման և աղքատության կրճատման գործում: Այստեղ իրենց լուման կարող են բերել ինչպես տվյալ երկրից մեկնած էմիգրանտները և հայրենիքում մնացած նրանց ընտանիքի անդամները, այնպես էլ այդ երկիր եկած իմիգրանտները, ովքեր իրենց հետ բերում են փորձ, հմտություններ, երբեմն նաև՝ ներդրումներ (սա վերաբերվում է նաև վերադարձող միգրանտներին):

Ինչպես արդեն վերը նշեցի, տարբեր հաշվարկներով՝ միգրանտների ուղարկած դրամական փոխանցումները կազմել են ՀՀ ՀՆԱ-ի 12%-16%-ը: Դեպի Հայաստան դրամական փոխանցումների հիմնական աղբյուր երկրներն են` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ղազախստանը, Գերմանիան և Ֆրանսիան։

Դրամական փոխանցումների հաշվին կատարված ներդրումները ՀՀ տնտեսության կամ ձեռնարկատիրության մեջ շատ ցածր են: Ցածր է նաև միգրանտ ունեցող ընտանիքների ֆինանսական գրագիտությունը։

ՀՀ-ում արդեն սկսել են  ներդրվել այնպիսի գործիքներ, որոնց շնորհիվ միգրանտի ուղարկած դրամական փոխանցումները կներդրվեն տնտեսության մեջ։

2020թ․-ից մեկնարկում է ԵՄ ֆինանսավորմամբ «Մեկ գումարած մեկ» ծրագիրը, համաձայն որի՝ ՀՀ-ում բիզնես սկսող միգրանտին կամ նրա ընտանիքի անդամին իրենց կողմից կատարված ներդրման չափով ֆինանսական միջոցներ կտրամադրվեն։ Սակայն այս դաշտը դեռ նոր է ձևավորվում և զարգացման մեծ հնարավորություններ ունի։

Վերադարձած միգրանտների մեծամասնությունը՝ 57,7%-ը, գտնում է, որ միգրացիոն ուղևորության արդյունքում ավելացել են իր գիտելիքները և հմտությունները, իսկ 15,5%-ը գտնում է, որ դրանք ավելացել են «զգալի» [18] ։ Այս ներուժը ևս օգտագործված չէ։ Չեռք բերված նոր գիտելիքների և հմտությունների կիրառման համար անհրաժեշտ են խրախուսող ծրագրեր։

Դեռևս չօգտագործված է մնում սփյուռքի ներուժը ոչ միայն ֆինանսական ներդրումների առումով, այլև իրենց բնագավառում կայացած մասնագետների փորձի և գիտելիքների փոխանակման առումով, դա կարելի է անել թեկուզև կարճատև այցերի կամ վերապատրաստումների միջոցով։ Չափազանց մեծ շռայլություն է նման հնարավորություն և ներուժ ունենալը և այն տնտեսության զարգացման գործընթացում չներառելը։

[1] «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը», Հայ-սլավոնական համալսարան, 2013թ․

[2] «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը», Հայ-սլավոնական համալսարան, 2015թ․

[3] «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը», Հայ-սլավոնական համալսարան, 2017թ․

[4] «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը», Հայ-սլավոնական համալսարան, 2019թ․

[5] «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը», Հայ-սլավոնական համալսարան, 2017թ․

[6] «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը», Հայ-սլավոնական համալսարան, 2019թ․

[7] «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը», Հայ-սլավոնական համալսարան, 2019թ․/ՀՀ կենտրոնական բանկ

[8] «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը», Հայ-սլավոնական համալսարան, 2019թ․

[9] Նույն տեղում։

[10] ՄԱԿ Միգրացիայի միջազգային կազմակերպություն (ՄՄԿ)

[11] Աղբյուրը՝ Եվրոստատի վիճակագրություն

[12] ՄՄԿ

[13] ՄՄԿ

[14] ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայություն

[15] Նույն տեղում։

[16] ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայություն

[17] ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայություն

[18] «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը», Հայ-սլավոնական համալսարան, 2017թ․

Տաթևիկ ԲԵԺԱՆՅԱՆ

ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԵՏ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829