Այս տարվա փետրվարի 5-ին հրապարակվեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին» հաշվետվությունը: Հրապարակողը, բնականաբար, ՀՀ վիճակագրական կոմիտեն էր: Այդ հաշվետվությունը, բնականաբար, ներառում էր նաև տվյալներ զբոսաշրջության մասին: Հաշվետվության «4.2.1. Միջազգային զբոսաշրջություն» կետում կան տվյալներ, որոնք հրապարակվել են «Միջազգային զբոսաշրջության որոշ տվյալներ» վերնագրով ենթաբաժնում (տես՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին», էջ 139):
Այդ որոշ տվյալներից մեկը պնդում է, որ 2019 թթ․ Հայաստան ժամանել է 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ: Իսկ մեկնել՝ 1 մլն 867 հազար 888 զբոսաշրջիկ: Պաշտոնական փաստաթղթում գրված այս լուրը նախ հայտնվեց ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում, ապա՝ կառավարության կայքում: Այս թիվը հարցազրույցներով տարածեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարն ու նրա համապատասխան տեղակալը: Այլ կերպ ասած՝ փաստը բազմիցս տիրաժավորված է:
Սկզբում մեջբերենք այն պարզաբանումը, թե ինչ չափանիշներով են որոշվում՝ ովքեր են միջազգային զբոսաշրջիկները և ինչպես են հաշվում նրանց: Այն, որ հաշվարկման համար «հիմք է հանդիսանում սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստացված ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով», ակնհայտ է: Բայց պարզ է, որ բոլոր ժամանողները չեն զբոսաշրջիկ: Վիճկոմի այս ոլորտի տվյալներ պարունակող բոլոր հաշվետվություններում կա հաշվարկի մեթոդաբանական բացատրությունը:
«Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով» (տես նույն տեղում):
Կարդացեք նաև
Հիմա վերադառնանք զբոսաշրջիկների քանակին: Վիճկոմի հիշատակված հաշվետվությունը ծավալուն է: Ինչպես վայել է տարին ամփոփող բոլոր նման փաստաթղթերին: 2018թ․ համեմատ զբոսաշրջիկների քանակի 14.7 տոկոսանոց աճի նկատմամբ կասկած ունեցողները կարող են նույն հաշվետվությունում գտնել հետևյալ՝ «Սահմանահատում կատարած անձանց նույնականացման տվյալների բաշխումը ըստ քաղաքացիության երկրի, մուտքերի, ելքերի և սահմանահատումների քանակի, 2019թ.» անունով փաստաթուղթը:
Պետք է ասել, որ մեր Վիճկոմը ամեն տարի չէ, որ հրապարակում է այս սահմանահատումների տվյալները: Սակայն հակառակի պես այս տարի հրապարակել է (տես նույն տեղում, էջ 256): Ըստ այս փաստաթղթի՝ 2019թ․ ՀՀ սահմանային անցակետերով մեր երկիր մուտքերի քանակը կազմել է 2 մլն 232 հազար 302 դեպք: Այս թվից պետք է հանել երկիր վերադարձող ՀՀ քաղաքացիների հատումների քանակը: Այն պարզ պատճառով, որ ոչ մի տրամաբանությամբ ու նորմատիվ որևէ ակտով հնարավոր չէ հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացուն համարել միջազգային զբոսաշրջիկ: Նույնիսկ ամենավառ երևակայությունն ունենալու պարագային։ Իսկ 2019-ին Հայաստան վերադարձ-հատումների քանակը 938 հազար 615 է: Երբ մուտք-հատումների ընդհանուր քանակից հանում ենք ՀՀ քաղաքացիների հատման քանակությունը, ստացվում է, որ օտար քաղաքացիություն ունեցողների հատումների քանակը կազմել է 1 մլն 293 հազար 687: Այսինքն 2019թ․ Հայաստան ժամանող օտարերկրացիների (նրանց, ում ցանկության դեպքում մեր պաշտոնյաները ամբողջ կազմով կարող են համարել միջազգային զբոսաշրջիկ) քանակը չի կարող գերազանցել այս թիվը: Ընդ որում երկիր այցելող մարդկանց հաշվառումը բարդ մեթոդաբանություն չի պահանջում: Ի վերջո, պաշտոնապես հայտարարված է աղբյուրը` «ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը»: Եվ այդ ոչ բարդ մեթոդաբանության արդյունքում ստացվում է, որ օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն ուռճացված է մոտ 600 հազարով: Առնվազն:
«Ինչո՞վ է նույն փաստաթղթի 256-րդ էջում հրապարակված տվյալն ավելի վստահելի, քան 139-րդում հրապարակվածը»․ հարցը պարզ պատասխան ունի: Սահմանահատումների քանակի թիվն ուռճացնելու հարցում ՀՀ ԱԱԾ-ն որևէ շահ չէր կարող ունենալ: Ժողովրդական բառուբանով ասած` «Մեջը օգուտ չունի»: Նաև այն պատճառով, որ վերադասից համապատասխան հրահանգ չի ստացել: Ասածից չի կարելի միանշանակ եզրակացնել, որ եկող տարի նման հրահանգ կտրվի: Շատ ավելի հավանական է, որ այս տվյալները պարունակող փաստաթուղթ չհայտնվի 2020թ․-ի հաշվետվություններում: Թաքցնելը միշտ ավելի ազնիվ է, քան` կեղծելը:
Ավելացնենք նաև, որ սահմանահատումների թվական տվյալները հրապարակող փաստաթուղթը ուշադրության արժանի այլ տվյալներ էլ է պարունակում: Դրանց կանդրադառնանք հաջորդիվ:
Արա ԳԱԼՈՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆ