Հանրաքվեին ընդառաջ իշխանությունը ներկայացնում է կառավարության այս կամ այն արդյունքը, քարոզչության հիմքում դնում է կառավարության գործունեությունը և առաջնորդվում է խորհրդարանական ընտրությունների տրամաբանությամբ։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանն այս առումով մի քանի խնդիր է դիտարկում.
«Իշխանությունը և, առհասարակ, քաղաքական գործիչները շատ լավ են հասկանում, թե ժողովուրդը կամ լայն հանրությունն ինչ ընկալումներ ունեն, որ խնդիրն են հասկանում, որը՝ ոչ, և ինչպես են կայացնում իրենց որոշումը հանրաքվեների ու ընտրությունների ժամանակ։ Նրանք հասկանում են, որ հանրության մեծամասնությունը պատկերացում չունի Սահմանադրական դատարանի գործառույթների մասին։
Նշվածը հասկանալով՝ պատշաճ մասնակցություն ապահովելու համար հարցը ձևավակերպում են բացառապես վստահության հանրաքվեի տրամաբանության մեջ։ Այսինքն, եթե կողմ ես հեղափոխությանը, ուրեմն պետք է գնաս և «այո» քվեարկես։
Մեծ հաշվով, ովքեր չեն հասկանում, թե ինչ է ՍԴ-ն, ինչու է այս ամենը տեղի ունենում, կարելի է մոտիվացնել միայն այսպիսի հարցադրումներով, և հենց այդ գործիքակազմն էլ օգտագործում են։ Սա հասկանալի, բայց միևնույն ժամանակ արդար մոտեցում չէ հանրության նկատմամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց վերլուծաբանը։
Կարդացեք նաև
Դ. Մաթևոսյանը նկատում է՝ ցանկացած քաղաքական ուժ ու գործիչ իր ընկալումներում իրավիճակի որոշակի ախտորոշում ունի. «Այսինքն, ձևակերպված թշնամիներ, հակառակորդներ, մրցակիցներ, որոնց շուրջ են մոբիլիզացնում իրենց ընտրազանգվածին։ Օրինակ՝ նախկին իշխանությունների թշնամին սահմանից այնկողմ էր, անընդհատ շեշտվում էր Արցախյան հարցի մասին, որի շուրջ և մոբիլիզացնում էին ընտրազանգվածին։
Եթե դիտարկենք Ն. Փաշինյանի թիմի ինքնությունն ու ունեցած առաջնահերթությունները, ապա կտեսնենք, որ իրենք ողջ կյանքում պայքարել են նախկին իշխանության դեմ, ու իրենց ընտրողներին մոբիլիզացնելու տրամաբանությունն այդ առումով չի փոխվել։
Այսինքն, միշտ պետք է լինի որևէ հակառակորդ, որի շուրջ պետք է մոբիլիզացնել ընտրազանգվածին, այլ հարց է, թե ձևակերպված հակառակորդը որքանով է համապատասխանում երկրի շահերին։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ նախկին իշխանությունների դեպքում հռչակված հակառակորդը շատ ավելի իրական էր, և շատ ավելի մեծ վնաս կարող էր հասցնել երկրին, քան ներկայում ձևակերպված «հակառակորդները»։ Այսօր ավելի շատ փորձ է արվում խաղալ մարդկանց դժգոհության և հիշողությունների վրա, ինչը պետության համար օգտակար չէ, բայց օգտակար է այն քաղաքական ուժի համար, որի տեսանկյունից այս գործիքին դիմելը ռացիոնալ է։ Այդուհանդերձ, այն, ինչ իրենց համար ռացիոնալ է, պետության համար կարող է ռացիոնալ չլինել»։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում