Յուրաքանչյուր ընտրական գործընթաց ենթադրում է նաև նախընտրական քարոզչության իրականացում։ Եվ որքան կարևորվում են այդ ընտրությունները ժողովրդի և քաղաքական ուժերի կողմից, այնքան մեծ ռեսուրսներ են ներդրվում նախընտրական քարոզչության մեջ։
Ռեսուրսների վատնում
Ներկա փուլում Հայաստանը նախընտրական քարոզչական գործընթացի մեջ է ՝ կապված ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման հետ։ Զարմանալի է, որ սահմանադրական փոփոխություններով, ըստ էության, Սահմանադրության բովանդակության մեջ ոչինչ չի փոխվում, այլ միայն լուծվում է ՍԴ յոթ դատավորների հեռացման հարցը, սակայն այս հարցի շուրջ քարոզչական մակարդակում հսկայական ռեսուրսներ են ներդրվում իշխանությունների կողմից։
Վերջիններս հանգանակության արդյունքում հավաքել են 205 մլն դրամ, և միայն «Այո»-ի լոգոյի համար 3 մլն գումար են հատկացնելու։ Եվ ինչպես երևում է իշխանությունների քարոզչական նպատակներից, նախընտրական քարոզչության վրա հսկայական գումարներ են ծախսվելու։ Իզուր չէ, որ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի քանի էջից բաղկացած «Այո»-ի բուկլետը, որը կազմելու համար ոչ պակաս ֆինանսական ռեսուրսներ են պահանջվել։
Կարդացեք նաև
Քաղաքացիների համար կարող է անտրամաբանական թվալ, թե այս սահմանադրական հանրաքվեի համար, որն ըստ էության մարդկանց կյանքում և Սահմանադրության մեջ փոփոխություն չի մտցնում, ինչո՞ւ են այսքան մեծ ռեսուրսներ ծախսվում։ Եվ այստեղ խնդիրը ոչ միայն ռեսուրսներն են, այլև փոփոխությունների բովանդակությունը։
Հանրաքվե՞, թե՞ ընտրություններ
Հանրաքվեի բովանդակային հիմնավորումները հասկանալու համար բավական է նայել վարչապետ Փաշինյանի կողմից հրապարակված նախընտրական բուկլետի տեսքին։ Հետաքրքրական է, որ բուկլետում բուն ասելիքին զուգահեռ փորձ է կատարվել ապահովել նաև հարցի դեկորացիոն կողմը՝ «Հպարտ քաղաքացու անձնագրի տեսքով»։
Սակայն թե ընդհանրապես ի՞նչ կապ ունի քաղաքացու անձնագիրը այս սահմանադրական փոփոխությունների հետ, դժվար է ասել։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ իշխանության համակիրներից շատերի համար քաղաքացու անձնագիրը այս սահմանադրական փոփոխությունների հետ կապելը լիովին ընկալելի չէր։
Եվ քանի որ իշխանություններն առաջնորդվել են անձնագրի տրամաբանությամբ, ապա նրանում պետք է լինեին անձնագրի այլ ատրիբուտներ։ Եվ ահա՝ գլխավոր «մանրուքը». կնիքների տեսքով նկարագրված է, թե ինչ արդյունքներ է գրանցել ներկայիս իշխանությունը։ Սակայն իշխանությունների կողմից ունեցած այդ արձանագրումներում ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Նման արդյունքներ եղել են ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում կլինեն։
Բայց խնդիրը բուն «ձեռքբերումները» չեն, ոչ էլ դրանց մեծ մասի մանիպուլ յատիվ բնույթն ու իրականությունից կտրվածությունը: Խնդիրն այն է, թե ինչ կապ ունեն կառավարության «ձեռքբերումները» ՍԴ դատավորների պաշտոնանկության թեմայով հանրաքվեի հետ, առավել ևս, որ հանրաքվեն կառավարությունը չի նախաձեռնել, այլ կոնկրետ քաղաքական ուժը, այս դեպքում՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը:
Արդյունքում մարդկանց մոտ տպավորություն է առաջանում, թե իշխանությունները պատրաստվում են ոչ թե սահմանադրական հանրաքվեի, այլ, ասենք, խորհրդարանական ընտրությունների, քանի որ սովորաբար խորհրդարանական ընտրությունների ժամանակ են քաղաքական ուժերը կենտրոնանում իրենց արածի ու անելիքների վրա:
Եվ տեղին է հնչում այն հարցը, թե ի՞նչ կարիք կար բուկլետը լցնել ցուցանիշներով, որոնք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրակարգի հետ ընդհանրապես կապ չունեն։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում