Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Բորյան․ Երգչախմբում որոշ մարդիկ պաշտոն ստանալու ակնկալիքներ ունեն․ «Հայկական ժամանակ»

Փետրվար 29,2020 11:25

Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի արտիստները տարեսկզբին մեկ օրում երկու նկատողություն են ստացել: Պատճառը դեկտեմբերի տոնական գալա համերգին չմասնակցելն ու փորձին չներկայանալն է եղել:

Համերգից բացակայելը արտիստները բացատրում են Օպերային թատրոնի տնօրինության՝ տարիների ընթացքում չվճարված ֆինանսական պարտավորություններով ու անիրական մնացած խոստումներով:

Դեռ նախորդ տարվանից Օպերային թատրոնի տարբեր կոլեկտիվներ լարված փոխհարաբերություններ ունեն տնօրինության հետ: Իսկ շուրջ 75 հոգուց բաղկացած երգչախումբն առավել լարվել է այն բանից հետո, երբ թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը 2 տարի անընդմեջ ձգձգելով՝ չի վճարել խոստացած հոնորարները:

Այս մասին այսօր հայտարարեցին երգչախմբի ներկայացուցիչները, որոնք իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար ասուլիս էին հրավիրել: Ասուլիսին մասնակցող մոտ 40 հոգին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները՝ նշելով, որ ստիպված են եղել այս քայլին դիմել, քանի որ բազմիցս բարձրացրել են հարցեր, որոնք անտեսվել են: Նրանց վստահեցմամբ՝ քննարկումներն այնքան անարդյունավետ են եղել, որ ղեկավար կազմը կեսից թողել-հեռացել է:

Բողոքի ելած արտիստները փետրվարի 28-ի ասուլիսին հրավիրել էին նաեւ տնօրինությանը, սակայն նրանցից ոչ ոք ներկա չէր: «Հայկական ժամանակը» կապ հաստատեց թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանի հետ, որն էլ հայտնեց, որ ասուլիսի ու բողոքների մասին նոր է տեղեկացել ու դեռ ոչինչ չի կարող պատասխանել: Հորդորեց գրավոր հարցում ուղարկել:

Խմբավար Հրաչ Բորյանը եւս վստահեցրեց, որ մի քանի օրով արձակուրդի մեջ է ու տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել: Անդրադառնալով բողոքներին ու նշյալ լարվածությանը՝ Բորյանն ասաց. «Ընդհակառակը, ես ձգտում եմ համերաշխություն մտցնել, նույնիսկ տեսախցկները նրա համար ենք տեղադրել, որ ապացուցենք, թե ինչ մթնոլորտում է անցնում աշխատանքային պրոցեսը: Իրենք փոխնախարարին բողոքել էին, դրա համար էլ որոշեցինք այդ տեսանկարահանող սարքերը տեղադրել: Նշված 6 պրեմիերաներն էլ, որ ասում են, դրանք առաջին հերթին ես ինձ վրա եմ վերցնում, քանի որ մյուս խմբավարների ժամանակ նման արդյունք երբեւէ չի գրանցվել»,- ասաց նա:

Անդրադառնալով արտիստների մատնանշած լարվածությանն եւ կոպիտ, բարձր տոնով խոսելուն՝ Բորյանը նկատեց՝ դիրիժորները եւ ռեժիսորները չեն կարող քնած վիճակում փորձեր անցկացնել, քանի որ դա աշխատանքային պրոցես է, պարապելու ընթացքում լիովին տրվում են աշխատանքին. «Գուցե ոգեշնչված, ուղղակի էմոցիայի տակ մի բան էլ բարձր ասեմ, բայց դա արվեստագետի էմոցիա է, կարիք չկա նման կերպ արձագանքելու»:

Բորյանի վստահեցմամբ՝ այս բողոքներն անձնավորված են: Նրա խոսքով՝ երգչախմբում որոշ մարդիկ պաշտոն ստանալու ակնկալիքներ ունեն, մասնավորապես Աբգար Սարգսյանը: «Աբգարը դեռ այն ժամանակ ուզում էր երգչախմբի վարիչ դառնալ, նույնիսկ առաջարկում էր խմբավարի պաշտոնը վերացնել: Սա խոսում է նրա մասին, որ երգչախումբն ուզում է կառավարող չունենալ, բայց աշխարհում նման բան գոյություն չունի: Երգչախմբին էլ հրահրում են մի քանի հոգով ու իրենց կողմն են հավաքել»,- ասաց խմբավարը: Նա նաեւ նշեց, որ արտիստների բարձրաձայնած խնդիրները տարիներ շարունակ եղել են, իսկ Օրբելյանը ուժերի ներածին չափով միշտ էլ փորձել է դրանք լուծել: Ավելին երգչախմբի բողոքները սկզբից ամենեւին էլ իրեն ուղղված չեն եղել, սակայն աստիճանաբար ուղղությունը թեքեցին դեպի իր կողմը:

Մեր դիտարկմանը, թե կոլեկտիվները խուճապի են մատնվել ժամկետից շուտ վերաորակավորման պահանջից, խմբի ղեկավարը ասաց. «Ատեստացիան պիտի անցկացվի, տարեթվով ժամկետն արդեն եկել է, մեկ-երկու ամիսը ի՞նչ կապ ունի, միեւնույնն է՝ պիտի անցկացվի»:

Երգչախմբի անդամները նաեւ բաց նամակով դիմել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Նամակում նշել են վերը թվարկված խնդիրները, նախարարից ուշադրություն ու շուտափույթ լուծում են ակնկալում, այլապես խոստանում են գործադուլ անել:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829