Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիային 2 քայլ է մնում»

Փետրվար 29,2020 10:50

Սիրիայի Իդլիբ նահանգում օրերս իրավիճակը թեժացել է: Թուրքիայի ԶՈւ ավտոշարասյանը հասցված օդային հարվածից սպանվել եւ վիրավորվել են 3 տասնյակից ավելի թուրք զինծառայողներ:

«Առավոտ»-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը կատարվածի վերաբերյալ տեղեկացրեց. «Վերջին շրջանում սիրիական կառավարական զորքերը շատ ակտիվ մաքրում էին ահաբեկիչներից իրենց տարածքները, ինչն այնքան էլ դուր չեկավ Թուրքիային, քանի որ ահաբեկիչները, որոնց վերջին հանգրվանն Իդլիբն է, ֆինանսավորվում-հովանավորվում են իր իսկ կողմից: Բնականաբար, Թուրքիան ձեռնամուխ եղավ հակազդելու սիրիական կառավարական ուժերի առաջխաղացմանը:

Երկակի խաղ էր. մի կողմից, Թուրքիան իր արբանյակային-ահաբեկչական զինված միավորումների միջոցով հարձակվում էր սիրիական բանակի վրա, մյուս կողմից՝ Թուրքիայի զինված ուժերը մշտապես կապի մեջ էին Ռուսաստանի հետ, որպեսզի հանկարծ ռուսական զորքերին չհարվածեն, եւ որպեսզի հանկարծ ռուսները թուրքերին չհարվածեն, այլ հարվածեին ահաբեկիչներին: Երկու կողմերն էլ ամեն ինչ հասկանում էին, սակայն բանը հասավ մի կետի, որ ձեւականությունները մնացին մի կողմում: Թուրքիան գտնվեց այնտեղ, որտեղ չպետք է գտնվեր, եւ հարվածները ստացավ. արեց այն, ինչ չպետք է աներ: Թուրքական ուժերը դուրս եկան իրենց նախանշված տեղանքից՝ իրենց նոր կոորդինատները չհայտնելով Ռուսաստանին: Ըստ պայմանավորվածության՝ Թուրքիան մշտապես պետք է հայտներ իր կոորդինատները: Թուրքական ուժերն ահաբեկիչների հետ համատեղ գտնվեցին այն վայրում, որտեղ հարվածներ եղան. հարձակվեցին սիրիական կառավարական ուժերի վրա, որի կազմակերպիչն ու մասնակիցը Թուրքիան էր, եւ պատասխան ավիահարվածներից սպանվեցին 33 թուրք զինվորականները»:

Թե ում է այս իրավիճակում մեղադրում Թուրքիան, փորձագետը նշեց. «Իշխանությունը խուսափում է Ռուսաստանին ուղիղ ձեւով մեղադրելուց եւ ասում է, թե Սիրիան պետք է պատասխան տա: Ռուսաստանն այս պահին Թուրքիայի համար, այդ թվում՝ հանրության շրջանում, դարձել է թշնամի: Ռուսաստանը հետքայլ չի անում: Թուրքիան ասում է, որ պատասխան է պահանջելու: Այս պահին իրավիճակն անորոշ է: Թուրքիային երկու քայլ է մնում՝ կամ պատերազմ հայտարարել Սիրիային կամ հետ քաշվել Իդլիբից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 29․02․2020 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829