Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանը տարեցտարի ավելի մեծ եռանդով է լծվում Խոջալուի ողբերգությունը՝ որպես ցեղասպանություն ներկայացնելու գործին. «Ազգ»

Փետրվար 29,2020 10:30

Նկատելի է, որ Ադրբեջանը տարեցտարի ավելի մեծ եռանդով է լծվում Խոջալուի ողբերգությունը՝ որպես ցեղասպանություն ներկայացնելու գործին, միջոց ու ջանք չի խնայում, որ նախ՝ սեփական, ապա՝ միջազգային հանրության համար զոհի կերպարով հանդես գա: «Ազերթաջի» գերմաներեն տարբերակից իրազեկ ենք դառնում, թե օրերս AzTV հայերեն, վրացերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն 5 րոպեանոց մի տեսաֆիլմ է ցուցադրել «Խոջալուի ճշմարտության» մասին: Տեսանյութը գերմաներեն թարգմանելու մասին ակնարկ չկա, երեւի պահանջարկ չունենալուց է, այսպիսի ենթադրության ենք հանգում հատկապես վերջին օրերին գերմանական լրատվադաշտին ծանոթանալուց հետո:

Բեռլինի կենտրոնում՝ Բրանդենբուրգյան դարպասների առջեւ փետրվարի 22-ին Խոջալուի ողբերգության հիշատակին գումարված եվրոպաբնակ ադրբեջանցիների հանրահավաքից հետո, Ադրբեջանի պահանջը «Ֆրայթագ» շաբաթաթերթում շարադրեց Հումբոլտ համալսարանի պատմագիտության բաժնի շրջանավարտ, 2011- ից գերմանաբնակ Ազիֆ Մազիմովը, որ կարծիքի այդ հարթակում իր բլոգն է վարում: «Հայաստանը պիտի ընդունի իր կատարած ոճիրը» վերնագրյալ հոդվածում հեղինակը բեռլինյան ցուցարարների թիվը՝ մոտավոր հաշվարկներով, 600- ից տպավորիչ 1000- ի է հասցրել, ու, երեւի մի քիչ հարգելով իր մասնագիտությունը, ողբերգությունը ցեղասպանություն բառեզրով կնքելու փոխարեն մեղմել է՝ «ցեղասպանություն է, թե՞ կոտորած, սկզբունքորեն էական չէ», պատասխանատուները Հայաստանում իշխանության ղեկին էին եւ հիմա էլ ազատության մեջ են, գրում է հեղինակը՝ գլխավոր դերակատարներ համարելով նախկիններին՝ նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, այլ քաղաքական գործիչների:

Հոդվածագիրը վկայակոչում է բրիտանացի Թոմաս դե Վաալի՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ 2000-ականներին հրապարակված մի հարցազրույց, որում, ըստ Մազիմովի, Սարգսյանը խոստովանել է՝ «Մինչեւ Խոջալուն ադրբեջանցիները կարծում էին, թե հայերը ձեռք չեն բարձրացնի խաղաղ բնակչության վրա: Մենք ի վիճակի եղանք այս կարծրատիպը ջարդել»: (Հոդվածում հիշատակված հարցազրույցը կարելի է գտնել Թոմաս դե Վաալի «Սեւ այգի» գրքում):

Նույն հատվածից է կառչել Վիեննայում Ադրբեջանի դեսպանությունը, որի հաղորդագրությունը տեղ է գտել ավստրիական APA-OTS գործակալության լրատվահոսքում: Մեր կարծիքով, Հայաստանը նույն հարթակում պիտի արձագանքի այն պարբերությանը, երբ ներկայացվում է, թե հայկական կողմը մեջբերում է Այազ Մութալիբովի՝ ռուսական թերթերից մեկին տված «կարծեցյալ» հարցազրույցը: Ադրբեջանի դեսպանությունը չի հիշատակում թերթի անունը («Նիզավիսիմայա գազետա»- ն- Ան. Հ.), նշում է սակայն, թե այն հայկական սփյուռքին է ծառայել:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829