Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է առանց «ազգի թշնամիների»

Փետրվար 29,2020 10:00

Երեկ մի միջավայրում խոսում էինք մի մարդու մասին, եւ հենց որ տվեցին նրա անունը, ես հավելեցի՝ «ներկայումս՝ ազգի թշնամի»: Զրուցակիցներիցս մեկը հարցրեց՝ «իսկ հնարավո՞ր է ապրել առանց ազգի թշնամիների»: Իմ պատասխանն էր՝ «ոչ, հնարավոր չէ, առավել եւս՝ հեղափոխությունից հետո, քանի որ ամբողջ աշխարհում հեղափոխություններն արվում են հենց այդ թշնամիներին ոչնչացնելու նպատակով»: Երբ հեղափոխությունների ընթացքում հեղափոխականներն ասում են, որ «վենդետաներ չեն լինելու», նրանք գուցեեւ անկեղծ են, բայց հաշվեհարդարներ չեն կարող չլինել, որովհետեւ լայն ժողովրդական զանգվածներն աջակցում էին հեղափոխությանը հենց «վենդետաների» ակնկալիքով եւ հեղափոխություններից հետո նրանց գլխավոր պահանջն է նոր իշխանություններին՝ ոչնչացնել բոլոր նրանց, ում համարում են թշնամիներ, դավաճաններ, թալանչիներ եւ այլն:

Եթե նրանց ուզածով չլինի, հեղափոխական զանգվածները նոր ղեկավարությանը պարզապես հում-հում կուտեն: Եվ ավելին՝ Հայաստանում, օրինակ, Փաշինյանից գլխավոր դժգոհությունն այն է, որ նա «թշնամիների» հետ չափից դուրս մեղմ է վարվում, «թավիշը շատ է», ի՞նչ դատարան-մատարան, միանգամից պատի տակ գնդակահարել եւ վերջ:

Դա կապ չունի հատկապես Հայաստանի կամ հայ ժողովրդի հետ՝ այդպիսին է հեղափոխությունների տրամաբանությունը: Այն մարդիկ, որոնք գոնե դպրոցական մակարդակով ծանոթ են համաշխարհային պատմությանը, դա կհաստատեն: Հետաքրքիր է նաեւ, որ դա վերաբերում է նաեւ չկայացած հեղափոխություններին: 1990-ականներին Դաշնակցությունը, ԱԺՄ-ն, ՍԻՄ-ը եւ մնացածներն ամենեւին դեմ չէին բռնություններին, հաշվեհարդարներին եւ Չաուշեսկուի տարբերակներին: Ինչո՞ւ: Որովհետեւ, իրենց կարծիքով, Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը դավաճանների, թշնամիների, «թուրքից էլ վատ» մարդկանց հավաքածու էր:

Ի հեճուկս ժողովրդի մեծամասնության ձգտումների՝ այն ժամանակվա իշխանությունը թույլ չտվեց հեղափոխություն եւ, պարտվելով 1995-96 թվականների ընտրություններում, կարողացավ ուժով պահել իշխանությունը: Հիմա վերը հիշատակված կուսակցությունները դեմ են «թշնամիների փնտրտուքին», բայց նրանց եւ ներկայիս իշխանությունների տարբերությունն այդ առումով սոսկ այն է, որ վերջիններս հաղթել են ու եկել են իշխանության, իսկ 1990-ականների հեղափոխականները չկարողացան գալ իշխանության:

…Վաղ թե ուշ այս իշխանությունն էլ կփոխվի, եւ հաջորդ իշխանության մեջ նույնպես ի հայտ կգան հմուտ ու պերճախոս հռետորներ, որոնք Փաշինյանին ու նրա թիմին կանվանեն «թշնամի» եւ «դավաճան»: Ու ես դարձյալ դեմ կլինեմ դրան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Գլխավոր օրակարգը առաջնային պետք է լինի երկրորդական օրակարգից, մենք պետք է գիտակցենք, որ քաղաքականապես թույլ ժողովուրդը շատ վտանգավոր երեւույթ է, այն հակաազգային պետպաշտոնյաներ է ծնում, մենք որպես ժողովուրդ մեր մեղքի բաժինը պետք է գիտակցենք, որ օրինակ լինենք ապագա սերունդների համար, որ քաղաքականապես թույլ ժողովուրդը նույնն է, ինչ ռազմականապես թույլ բանակը, որն իր թուլությամբ սադրում է վայրի ժողովուրդներին ցեղասպանության, ինչ տնտեսապես թույլ տնտեսությունը սադրում է վայրի ժողովուրդների մեր ազգային տնտեսության ոչնչացմանը, այս երեքը իրար պետք է ծառայեն, բայց ժողովուրդը այդ երեքում պետք է լինի միակ դերակատարը, եթե այդ երեքից թեկուզ մեկը թույլ է, վերջ, մնացած երկուսն էլ են թույլ: Որպեսզի մենք ռազմավարապես կախված չլինենք դրսի քաղաքական, ուժային եւ տնտեսական ուժերից, մեր գլխավոր օրակարգը պետք է սահմանենք՝ ազգի քաղաքական, ուժային եւ տնտեսական զորահավաք եւ այդ երեք ուժերի հզորագույն իրարից կախվածություն եւ հզորագույն անկախություն դրսի ուժերից: Մենք ապագայում պետք է մեզ բարեկամ դարձնենք հարեւան ժողովուրդներին եւ միասին ավելի հզորանանք, վերջապես մենք հզորագույն Արքայից արքաներ ենք ունեցել ու հզորագույն արքայություններ: Ինչ վերաբերում է երկրորդային օրակարգին, քանի որ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք, եկեք ներում շնորհենք նրանց, եթե նրանք գիտակցում են իրենց մեղքի բաժինն ու վերադարձնում թալանածը ու մեղանչում արածի համար, կամ էլ երկրից հեռացնում ընտանիքի հետ միասին, եթե չեն ուզում վերադարձնել թալանածն ու մեղանչել: Հետո մեր միջազգային իրավաբանների ու ԱԱծ ի միջոցով այնուամենայնիվ կստիպենք վերադարձնել թալանածն ու մեղանչել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829