Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանի հեքիաթներով՝ զորակցություն չին ժողովրդին

Փետրվար 29,2020 12:00

Երեւանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում մայրաքաղաքի Գագիկ Ստեփանյանի անվան դպրոցի սաները չինարեն լեզվով ներկայացրին Ամենայն Հայոց բանաստեղծի «Բարեկենդանը», «Սուտլիկ որսկանը» եւ «Կիկոսի մահը» հեքիաթները՝ հետաքրքիր մատուցմամբ եւ ձեւավորմամբ։

Եվ պատահական չէր, որ դահլիճը պայթում էր հանդիսատեսի՝ եւ հայերի, եւ չինացիների ծափերից։ Երեխաներին հաջողվել էր չինարեն ու շատ հասկանալի կերպով փոխանցել հեքիաթների ոգին։

Դպրոցականները կարողացել էին թումանյանական ասելիքը տպավորիչ ու ազդեցիկ դարձնել երգ-երաժշտությամբ, պարզ ու անկեղծ խաղով: Եվ բնական էր, որ Հայաստանի Կոնֆիցիուսի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ճոու Յուքունը հեքիաթների ցուցադրությունից հետո ողջունելով պատանի դերակատարներին, ասաց, որ շատ տպավորված է ու հիացած, քանի որ նրանք կարողացել են չինարեն հանդիսատեսին փոխանցել ոչ միայն հեքիաթների բովանդակությունը, այլեւ էությունը եւ ոգին։ «Այստեղ երեւաց այն մեծ ջերմ վերաբերմունքը, որ ունեն երեխաները չինարեն լեզվի ու Չինաստանի նկատմամբ,- իր ելույթի ժամանակ ընդգծեց Ճոու Յուքունը,- պատահական չէ նաեւ այն, որ չինարեն Հայաստան բառի թարգմանությունը հնչում է՝ «Յամենիա»՝ գեղեցիկ։ Իսկ դա նշանակում է, որ ի դեմս Հայաստանի՝ չինացիները դեռ վաղնջական ժամանակներում ճանաչել են գեղեցիկ երկիր Հայաստանը։ Իսկ այդ գեղեցիկ երկրի ժողովուրդը դարեր շարունակ եղել է իր բարեկամ չին ժողովրդի հետ ե՛ւ ուրախության, ե՛ւ դժվարության ժամանակ։ Այսօր էլ, երբ մեր երկիրը կորոնավիրուսն է հաղթահարում, հայերը մեր կողքին են թեկուզեւ այսպես՝ հեքիաթի զորեղ բովանդակությամբ ու լեզվով»։

Հաջորդ բանախոսը «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն էր: Նա ասաց, որ այս կերպ ցանկացանք կանգնել բարեկամ ժողովրդի կողքին։ Իսկ դա մեզ հուշել են հենց այն երեխաները, որոնք չինարեն են սովորում եւ տեղյակ են, թե ինչ է կատարվում բարեկամ երկրում։ «Մեր չին բարեկամներն ասացին, որ այս մասին տեղեկատվություն կտարածվի Չինաստանի տեղեկատվական հարթակներում՝ եւս մեկ անգամ հավաստելով այն բարեկամության մասին, որ ունեն մեր երկու ժողովուրդները դարեր շարունակ»,- իր խոսքը ավարտեց Սերգո Երիցյանը։

Մեր թղթակցի հետ ունեցած զրույցում Հայաստանի Կոնֆիցիուսի ինստիտուտի տնօրեն Վան Չանծուեն ընդգծեց, որ մեծ է Հայաստանում չինարենի եւ Չինաստանի նկատմամբ հետաքրքրությունը, իսկ դա նշանակում է, որ ավելի ու ավելի շատ կլինի միջմշակութային շփումը։ Օրինակ, ինչու չկարեւորել, որ հայ գրականությունն ավելի ու ավելի հասանելի դառնա չինացիների համար։ Ասենք՝ հենց Թումանյանի հեքիաթները։

Գիտեմ, որ վերջին շրջանում որոշ գրքեր են թարգմանվել չինարենից՝ հեքիաթներ, առակներ, առասպելներ, լեգենդներ, պատմվածքներ, պոեզիա։ Նման քայլերը փոխադարձ կերպով պետք է շարունակել, հարստացնել միմյանց գրականությունը եւ մշակույթը։ Բոլորը շնորհակալ էին միջոցառման կազմակերպիչներից՝ դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանից, չինարենի ուսուցիչներից, նրանց աջակիցներից, որոնց ջանքերով հեքիաթների ցուցադրությունը վերածվեց ջերմ ու անկեղծ հայ-չինական բարեկամության ցերեկույթի, երբ լռությունն անգամ խոսուն է եւ ընդմիջվում է հարգանքի ու պատվի ծափահարություններով, որոնք կարծես թե բարձրաձայն ասելիք ունեն. «Հայ-չինական բարեկամությունը եւ համագործակցությունը գնում է դեպի հավերժություն…»:

Կարինե ՏԻՏԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829