Հարցազրույց «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանի հետ
– Տիկին Աշխարոյան, դեռեւս չկա վիճակագրություն Հայաստանում կին գրողների թվաքանակի մասին: Պատահել է, որ «Առավոտի» հետ զրույցներում ոլորտի մասնագետները նշել են միայն Կարինե Խոդիկյանի անունը եւ միայն տեւական դադարից հետո հնչեցրել լավագույն դեպքում եւս մեկ-երկու անուն: Վերջին շրջանում սոցցանցերում երիտասարդ որոշ կին գրողներ բարձրաձայնում են, թե գրականագետների, հրատարակիչների կողմից հաճախ չեն նշվում կանանց անուններ: 2016 թվականից գործող ձեր գործակալությունում ի՞նչ պատկեր է կանանց ընդգրկվածության առումով:
– «ԱՐԻ»-ն ունի 12 հեղինակ, որից 4-ը կանայք են՝ Կարինե Խոդիկյան, Սուսաննա Հարությունյան, Սյունե Սեւադա եւ Նարինե Կռոյան: Անցյալ տարի, օրինակ, «Էջ» հրատարակչությունում հրատարակված Սյունե Սեւադայի պատմվածքների «Կախվածություն» ժողովածուն դարձավ տարվա բեսթսելեր: Սա այն դեպքն է, որ թերեւս մինչ այդ դժվար է նշել կին գրողի որեւէ ստեղծագործություն, որ հաջողություն է ունեցել նաեւ վաճառքի առումով:
Պետք է խոստովանեմ, որ մեր մասնակցությամբ գրքի միջազգային ցուցահանդեսների ժամանակ արտասահմանցի հրատարակիչները հաճախ նկատում էին, որ հայ կանայք փոքրաթիվ են ներկայացված ցուցակում: Հասկացա, որ միջազգային հանրության համար նման պատկերը տարօրինակ է, ինչի առիթով էլ թողնում ենք փակ հասարակության տպավորություն՝ իբր կինը Հայաստանում չի կարող ազատ ստեղծագործել, ինչը իրականությանը չի համապատասխանում: Սկսեցի թեկուզեւ փոքր շրջանակում փնտրել միջազգային հետաքրքրությանն արժանի կին գրող:
Կարդացեք նաև
– Փաստորեն փնտրեցիք ու գտաք միայն չորսի՞ն:
– Ես մտադրություն չունեմ պարզապես քանակ ապահովել, այլ նպատակս է հնչեցնել հայ գրականության կանացի լավագույն ձայները: Հենց վերջերս մեր բանակցությունների արդյունքում բրիտանական հեղինակավոր Glagoslav հրատարակչությունը լույս ընծայեց Կարինե Խոդիկյանի «The Door Was Open» («Դուռը բաց էր») պատմվածքների ժողովածուն եւ Սուսաննա Հարությունյանի «Ravens Before Noah» («Ագռավները Նոյից առաջ») վեպը:
– «Առավոտը» անցյալ տարի անդրադարձավ ձեր գործակալության հեղինակ Հովհաննես Թեքգյոզյանի աղմուկ բարձրացրած «Երրորդ սեռ» վեպին, որն ըստ էության ծանր ճակատագիր ունեցող կանանց մասին է, հերոսներն էլ իրական են: Իսկ աղմուկը, մեծ հաշվով, վերնագրի պատճառով էր…
– Աղմուկ բարձրացնելը այս դեպքում մեղմ է ասված, մինչդեռ այն Ֆրանսիայում եւ անգլալեզու շուկայում մեծ հետաքրքրություն առաջացրեց եւ շուտով մեր գործակալության վարած բանակցությունների արդյունքում առնվազն երկու լեզվով այն կվերահրատարկվի արտասահմանում:
– Կան տղամարդ գրողներ, որոնք բացեիբաց ներկայացնում են, ասենք, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց: Հետաքրքիր է՝ կա՞ գոնե մեկ կին գրող, որը նման թեմայով է ստեղծագործել:
– Լուսինե Վայաչյան անունը ծանոթ է ընթերցողներին. նա իր ստեղծագործություններում ազատ խոսում է կանանց ոչ ավանդական հարաբերությունների, ապրելակերպի մասին: Ի դեպ, գրողի արվեստին քաջածանոթները ինձ քանիցս խոստովանել են, որ իրենց ձգում է հեղինակի թեկուզ ծայրաստիճան, բայց անկեղծ պատումը:
– Առաջիկա տոների առիթով հատուկ ուշադրության կարժանանան կանայք, չե՞ք կարծում, որ պետք է խրախուսել փոքրաթիվ կին գրողներին…
– Առանց մանրամասնելու հայտնեմ, որ այս պահին գործակալությունն աշխատում է մի նախագծի վրա, որը նպատակ է հետապնդում բացահայտել ու հանրահռչակել մեր կին գրողներին: Սա, իհարկե, մասնավոր նախաձեռնություն է, բայց ցանկալի կլիներ, որ այդ գործում դեր ունենար նաեւ պետությունը:
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
28.02.2020
Մեկ է՝ մեր կին գրողները թույլ են: