Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գործ ունե՞նք օրինապահ ոստիկանության գործողությունների հետ»

Փետրվար 29,2020 13:30

Բաց նամակ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին

Դեռ խորհրդային տարիներից կար այսպիսի մի կարծիք. նույնիսկ քրեական աշխարհի ներկայացուցիչների կողմից, նույնիսկ «օրենքով գողերի» կողմից կար թաքնված հարգանք իրենց թշնամիների հանդեպ, ոստիկանության այն աշխատակիցների հանդեպ, ովքեր ազնիվ էին։ Ազնիվ էին այնքանով, որ նույնիսկ իրենց կյանքի գնով կատարելով օրենքի պահանջները, ծառայել են հասարակությանը, հետեւաբար նաեւ հայրենիքին։ Բայց, դեռ այն ժամանակներից սկսած, եղել են այնպիսի ոստիկաններ, որոնք բոլորի կողմից որակվել են որպես կամ մենթ, կամ աղբ (мусор), կամ ուսադիրներով փոխակերպուկ (оборотни в погонах)։ Շատերս գիտենք, թե ովքեր են դրանք եւ չարժե դրանց մասին երկար խոսել։

Հիմա, ըստ էության։ Օրեր առաջ Ձեր տեղակալներից Վ. Մովսիսյանը ի լուր բոլորի ասաց, որ «ասֆալտին փռելու» բոլոր գործողությունները օրինական են եղել, որովհետեւ այդ «փռված» քաղաքացները կամ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ցույց տվել ոստիկանության այն աշխատակցին, ով օրենքով (ոստիկանը) սահմանված կարգով մինչ այդ, արդեն նրանց հրավիրել է ոստիկանություն։ Կամ՝ փռվել են այն քաղաքացիները, որոնք ԿԱՍԿԱԾՎԵԼ ԵՆ ԱՅՆՊԻՍԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ, որ նորից, ըստ օրենքի, նրանց ձերբակալելու համար պետք էր առանց նախօրոք զգուշացնելու, օգտագործել հատուկ, զինված, դիմակավորված ոստիկանական ուժեր, ասֆալտին փռելու համար։

Այսպես, չորս ամիս առաջ երեք քաղաքացի, 30-40 տարեկան, իմանալով, որ տեղի է ունենալու հայտնի օպերային երգչի համերգը եւ տոմսերը սահմանափակ են, առավոտյան գնում են տոմսարկղի մոտ եւ հերթ կանգնում։ Ամբողջ օրը, արեւի տակ կանգնելուց հետո, ժամը 17-ի մոտակայքում, երբ նրանց հերթը արդեն «հասնում է» տոմսը գնելու համար,  իրենք իրենց հերթը հինգից տասը հազար դրամով ՑԱՆԿԱՑԵԼ ԵՆ վաճառել ուրիշին (ես տեղյակ չեմ՝ ապացուցված է այն փաստը, որ նրանք հասցրել են, թե ոչ, կատարել այդ «զարհուրելի» արարքը՝  վաճառքը)։

Եվ այստեղ մտնում են մեր ոստիկանական հատուկ ջոկատայինները, տասնյակ արտասահմանցի քաղաքացիների ներկայությամբ, կայծակնային արագությամբ, հետեւի կողմից, հարձակվելով վերավաճառողների վրա, փռում են ասֆալտին։ Մեկը ձեռքերը կոտրելով ձեռնաշղթաներ է հագցնում, մյուսը ստորացնելու աստիճան դեմքը քսում է թքոտ ասֆալտին։ Իսկ վերջում տեսնում ենք, թե ինչպես նրանց կռացված վիճակում, շորերը հագներից ընկնելով, երկու ոստիկանի ուղեկցությամբ, հարվածվելով ոստիկանության դռներին, «հրավիրվում» են ոստիկանություն։

Հետո, ըստ խոսակցությունների, այդ մարդկանց բաց են թողել այն պատճառով, որովհետեւ պարզվել է, որ նրանցից մեկը ընդամենը մեկ ամիս առաջ տարել է ողնաշարի ծանր, թանկարժեք վիրահատություն, եւ արդեն ոստիկանությունում տեսել են, որ մարդը չի կարողանում քայլել։ Այս միջադեպի տեսահոլովակը, իր խրոխտ մեկնաբանությամբ, ցուցադրվել է չորս֊հինգ ամիս առաջ «Լուրեր ոստիկանությունից» հաղորդմամբ, տարբեր ալիքներով։

Այժմ ինձ թվում է, որ Դուք պարտավոր եք, հանուն մեր հեղափոխական արժեքների, հանուն հասարակության հավատի ոստիկանության նկատմամբ, գոյություն ունեցող հակադարձ կարծիքների պարզաբանման համար, պատասխան տաք, մենք գործ ունե՞նք օրինապահ ոստիկանության գործողությունների հետ, թե՞ այս բոլորը ոստիկանական բարձր սպայական համազգեստով, փոխակերպուկ, անցյալից մնացած թափթփուկների արած է։

Վերընթեռնելով իմ նամակը, գտա մի «վրիպակ», ներող եղեք, երեւի Դուք էլ համաձայն կլինեք, որ վրիպակը այնքան էլ էական չէ, որ արժեր այն ուղղել։ Ընդամենը հերթը եղել է ոչ թե համերգի տոմսի, այլ ավտոմեքենայի փաստաթղթերը ձեւակերպելու համար գոյացած հերթում։

Եվ վերջում մի խորհուրդ. այդքան մի հպարտացեք, որ օրական երկու-երեք գրպանահատ եք բռնում։ Նորմալ երկրներում, ինչպես գրպանահատների, այնպես էլ տուբերկուլյոզով հիվանդների քանակը ուրիշ պատճառների հետեւանք է դիտվում։ Իսկ մեզ մոտ գրպանահատները կարծես թե շատանում են։

Արմեն ՆԱՀԱՊԵՏՅԱՆ   

«Առավոտ» օրաթերթ
28.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829